Անի Գրիգորյան, #CivilNetCheck
Համացանցում շարունակում է շրջանառվել «Ժողովուրդ» օրաթերթի տարածած տեղեկությունը, թե նախագահ Վահագն Խաչատուրյանի համար ձեռք է բերվել գերթանկարժեք զրահապատ ավտոմեքենա։ Օրաթերթը նոյեմբերի 28-ին, հղում անելով «նախագահին մոտ կանգնած իր աղբյուրներին, գրել էր, թե Խաչատուրյանը վերջին շրջանում ձեռք է բերել «գերթանկարժեք զրահապատ ավտոմեքենա»:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը մինչդեռ հակադարձել է, որ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
«Հանրապետության նախագահի աշխատակազմը «գերթանկարժեք զրահապատ» մեքենա ձեռք չի բերել, և նման մեքենայի գնման հարց ներկա պահին աշխատակազմի օրակարգում չկա»,- հայտնել է Մարգարյանը։
#CivilNetCheck-ի հետ զրույցում Մարգարյանը նշեց, որ նախագահին շարունակում է սպասարկել դեռ 2019-ին ձեռք բերված Mercedes S560 Maybach մեքենան։
Նշենք, որ նոյեմբերի 28-ին նախագահ Խաչատուրյանը կարճ ճեպազրույց էր ունեցել լրագրողների հետ։ Տարածված տեսանյութերում տեսանելի է, որ նախագահին սպասարկում է նույն Maybach-ը, որ գնվել էր Արմեն Սարգսյանի ժամանակ։