Էռնեկյանի նվիրատվությունը քաղաքական ենթատեքստ չի ունեցել

Սիվիլիթաս հիմնադրամին $150 հազ-ի նվիրատվությունը քաղաքական որևէ ենթատեքստ չի ունեցել։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք նվիրատվությունը քաղաքական բնույթ չի կրել, քանի որ փոխանցվել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի և նրա հիմնադրած Սիվիլիթաս հիմնադրամին Ազգային անվտանգության ծառայության կողմից քրեական գործ հարուցելուց հետո։

Էռնեկյանի խոսքով՝ Սիվիլիթասը համագործակցում է իր կողմից նախաձեռնած ՆՈՒՌ (Նոր ուսումնական ռազմավարություն) ծրագրի հետ, և գումարի հատկացումը եղել է այդ համագործակցության շրջանակում։

Նշենք, որ ՆՈՒՌ ծրագիրը ենթադրում է XO դյուրակիր համակարգիչների հատկացում Լեռնային Ղարաբաղի առաջինից չորրորդ դասարանի դպրոցականներին և նրանց ուսուցիչներին: Արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի նվերը՝ 3,5 հազ. համակարգիչները, արդեն հանձնվել են Ստեփանակերտի, Շուշիի և Քարինտակի առաջինից չորրորդ դասարանի բոլոր աշակերտներին և ուսուցիչներին։

Հունիսի կեսերին հայտարարություն տարածվեց, որ Էդուարդո Էռնեկյանը Սիվիլիթաս հիմնադրամին $150 հազ. է նվիրաբերել։ Լուրը հաջորդեց Ազգային անվտանգության ծառայության հունիսի 12-ի հայտարարությանը, թե ԱԱԾ քննչական վարչության կողմից 2012թ. մայիսի 25-ին հարուցվել է քրեական գործ՝ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքով՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Մեկնաբանել