Հայաստանում աղքատությունը նվազել է 1,7 տոկոսային կետով

2022-ին Հայաստանում աղքատության մակարդակը՝ հաշվարկված ըստ աղքատության միջին գծի կազմել է 24,8%՝ նախորդ տարվա 26,5%-ի համեմատ և նվազել 1,7 տոկոսային կետով, իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 1,2%` նախորդ տարվա 1,5%-ի համեմատ նվազելով 0,3 տոկոսային կետով։ Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2023» զեկույցից։

Հայաստանում 2022-ին ծայրահեղ աղքատ կամ թերսնված են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից, որը կազմել է 29 934 դրամ։ Աղքատ են նրանք, ում ամսական սպառումը ցածր է աղքատության միջին գծից, որը կազմել է 52 883 դրամ կամ 121,4 $:

Հայաստանում 2022-ին ընտանիքների 2%-ը նշել է, որ ունի սննդի ապահովման խնդիր, 11%-ը՝ բնակարանային հիմնահարց, 2,3%-ը՝ երեխաներին բավարար կրթությամբ ապահովելու խնդիր։

Հարցին, թե ամսական «որքան գումար է անհրաժեշտ ձեր ընտանիքի շատ լավ ապրելու համար», պատասխանել են մոտ 314 000 դրամ կամ մոտ 642$, լավ ապրելու համար՝ մոտ 166 000 դրամ կամ մոտ 338$, գոյատևելու համար՝ 67 000 դրամ կամ մոտ 138$:

Մեկնաբանել