Նոյեմբերի 29-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ ԱԳՆ-ից նշում են, որ հանդիպումը կայացել է Սկոպյեում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։
Ըստ հաղորդագրության՝ Միրզոյանն ու Բլինքենը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին։
«Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ չնայած Ադրբեջանի կողմից ցուցաբերած ոչ կառուցողական կեցվածքին, Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտմանն ու առկա հումանիտար խնդիրներին՝ ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկները՝ հայտնի սկզբունքներին համապատասխան, և վերջիններիս Ադրբեջանի հստակ հանձնառության պարագայում հնարավոր կլինի նախագծի համաձայնեցման ուղղությամբ գրանցել էական առաջընթաց»,- նշում են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։
Հանիպմանն Արարատ Միրզոյանն իր ամերիկացի գործընկերոջը ներկայացրել է նաև Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։