ԱԱԾ տնօրենին ու տեղակալներին այսուհետ կնշանակի և կազատի վարչապետը

Ազգային անվտանգության ծառայության տնօրենին ու տեղակալներին այսուհետ պաշտոնի կնշանակի ու կազատի ոչ թե նախագահը, այլ վարչապետը։ Համապատասխան օրենսդրական փոփոխություններին հավանություն տալու հարցն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 30-ի նիստի օրակարգում։

Օրենսդրական նախագծերը մշակվել են՝ հիմք ընդունելով վարչապետի հանձնարարականները դրա վերաբերյալ։ Արդարադատության նախարարությունը նախագծերի հիմնավորումներում նշել է՝ ներկա կարգավորումներով ԱԱԾ տնօրենի ու տեղակալների պաշտոնները համարվում են զինվորական ծառայության պաշտոններ, բայց ծառայությունը վարչապետին ենթակա մարմին է։ Արդարադատության նախարարությունը առաջարկում է հենց ենթակա լինելու հանգամանքն էլ դնել փոփոխությունների հիմքում և վարչապետին օժտել ԱԱԾ տնօրեն ու տեղակալներ նշանակելու ու ազատելու լիազորությամբ։

Փոփոխություններից հետո ԱԱԾ տնօրենն ու տեղակալները կդառնան հանրային պաշտոն զբաղեցնող անձինք։ Խորհրդարանը հարցը քննարկելու է հրատապ ռեժիմով։

Մեկնաբանել