Կառավարությունը նոյեմբերի 30-ի նիստին հաստատեց Արցախից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակին վերաբերող նոր կարգը։ Նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ արցախցիները, ըստ էության, առանց ընդհատման իրենց թոշակները ստանալու են Հայաստանում։
«Նրանք հոկտեմբեր-նոյեմբերի թոշակները չեն ստացել, բայց այս որոշման ընդունումից հետո, կստանան այդ ամիսների թոշակները, իսկ դեկտեմբերից արդեն կշարունակեն նորմալ ընթացակարգով ստանալ»,- նշեց վարչապետը։
Նոր կարգով՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության, ոստիկանության, փրկարար ծառայության, ազգային անվտանգության ծառայության համակարգերի զինծառայողները համարվում են համապատասխան մարմինների զինծառայողներ, իսկ քրեակատարողական ծառայության, հարկադիր կատարման ծառայության ծառայողներին, համապատասխանաբար, արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, հարկադիր կատարման ծառայության ծառայողներ:
ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներին վերաբերող որոշման դրույթները տարածվում են նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում մարտական գործողությունների մասնակիցների վրա:
Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականը, որի կենսաթոշակի գործն առկա է Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայում, օրենքով կենսաթոշակ նշանակելու համար դիմում պետք է ներկայացնի մինչև 2024-ի հունիսի 1-ը, այդ թվում՝ առցանց եղանակով (դիմումին փաստաթղթեր չեն կցվում):
Այնուհանդերձ, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի ցանկությամբ և անկախ նրա ցանկության, երբ անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթեր, հարկ է լինելու անձամբ ներկայանալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն, իսկ զինվորական կենսաթոշակի դեպքում՝ նաև համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:
Մասնավորապես, անձամբ ներկայանալն անհրաժեշտ կլինի հաշմանդամություն ունեցող անձանց, եթե նրանց հաշմանդամության ժամկետը լրացել է և նրանք Լեռնային Ղարաբաղում «չեն հասցրել» անցնել բժշկասոցիալական փորձաքննություն կամ անցել են: Ընդ որում, Լեռնային Ղարաբաղի բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքները հիմք են ընդունվում հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու կամ կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու համար, անկախ բժշկասոցիալական փորձաքննության մասին տեղեկատվական բազաներում տվյալներ լինելուց:
Անկախ դիմելու եղանակից, կենսաթոշակ նշանակելու դիմումը մինչև 2024-ի հունիսի 1-ը ներկայացնելու դեպքում կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում, Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայում ներառված հաշվարկված ստաժը (աշխատանքային, զինվորական) պահպանվում է նույնությամբ, սակայն կենսաթոշակի չափը հաշվարկվում է օրենքով սահմանված կարգով, իսկ կենսաթոշակը նշանակվում է կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից, բայց ոչ շուտ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից:
2024-ի հունիսի 1-ից մինչև 2028-ի դեկտեմբերի 31-ը կենսաթոշակ նշանակելու դեպքում ևս կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում։ 2028-ի դեկտեմբերի 31-ից հետո դիմելու դեպքում կենսաթոշակ նշանակվում է օրենքով սահմանված կարգով, իսկ կենսաթոշակի իրավունքը, ստաժը վերանայվում են:
Եթե ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին Լեռնային Ղարաբաղում կենսաթոշակ չի նշանակվել, ապա օրենքով կենսաթոշակ նշանակելու համար սահմանված եռամսյա կամ վեցամսյա ժամկետները կկիրառվեն 2023-ի դեկտեմբերի 11-ից, իսկ կենսաթոշակը կնշանակվի իրավունք ձեռք բերելու օրվանից, բայց ոչ շուտ 2023-ի հոկտեմբերի 1-ից:
Օրինակ, եթե անձի 63 տարին լրացել է 2023-ի սեպտեմբերի 15-ին և նա դիմել է 2023 թվականի դեկտեմբերի 11-ից հաշված՝ եռամսյա ժամկետում (մինչև 2024-ի մարտի 8-ը), նրան կենսաթոշակ կնշանակվի 2023-ի հոկտեմբերի 1-ից։