Միրզոյանն ու Բորելը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի ընդլայնման հարցեր

Նոյեմբերի 29-ին Սկոպյեում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ:

Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի ընդլայնման հարցեր․ «Արարատ Միրզոյանը և Ժոզեպ Բորելը հանգամանալից անդրադարձել են այդ ուղղությամբ առկա հեռանկարներին և գործադրվող ջանքերին՝ ի նպաստ ՀՀ-ԵՄ առավել մերձեցման և քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովման»։

«Անդրադարձ է կատարվել ԵՄ և ԵՄ անդամ պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Երևանում և Բրյուսելում վերջին շրջանում կայացած արդյունավետ քննարկումներին՝ արձանագրելով ՀՀ-ԵՄ հավակնոտ օրակարգի կյանքի կոչման հարցում կողմերի ունեցած պատրաստակամությունը, իրականացվող քայլերը»,- նշված է հաղորդագրությունում։

Միրզոյանը և Բորելը քննարկել են Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչության կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերին վերաբերող հարցեր։

«Ի շարունակություն հոկտեմբերին Գրանադայում ունեցած հանդիպման՝ ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության հարցեր։ Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ որևէ նկրտումների զսպման, տարածաշրջանային ներառական ծրագրերի իրագործման և հարատև կայունության հաստատմանն ուղղված դիվանագիտական ջանքերի կարևորությունը։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը»,- տեղեկացնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Նոյեմբերի 29-ին Սկոպյեում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում, Արարատ Միրզոյանը հանդիպում էր ունեցել նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Հանդիպմանն անդրադարձ էր կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Մեկնաբանել