Ի՞նչ արժե ամանորյա հանգիստը Ծաղկաձորում, Դիլիջանում, Ջերմուկում և Աղվերանում

Մի ամսից նոր տարի է։ Շատերը փորձելու են փախչել հայկական ավանդական «գաստրոտեռորից»՝ տոլմա-բուդ-նրբաբլիթից, ավելի հասկանալի՝ բլինչիկից։

Բայց որքանո՞վ է ամանորյա փախուստը մատչելի փախչել ցանկացողների համար։ ՍիվիլՆեթն առանձնացրել է Հայաստանի ամենաշատ այցելու ունեցող չորս զբոսաշրջային կենտրոններում ամանորյա առաջարկներն ու գները։

Ամանորին ընդառաջ հյուրանոցները փաթեթներ են մշակել, որոնք կրկնակի կամ եռակի թանկ են՝ տարվա մյուս օրերին ներկայացվող առաջարկներից։ Եվ այսպես՝ ի՞նչ կարժենա հանգիստը Նոր տարվա երեք օրերին՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ երկու անձի համար։

Ծաղկաձոր

Էլեգանտ հյուրանոց և ռեզորթը ստանդարտ սենյակի համար առաջարկում է վճարել 300 000 դրամ։ Գինը ներառում է միայն հյուրանոցի ծառայությունները։ Սակայն Ամանորյա միջոցառմանը՝ գալա ընթրիքին մասնակցելու համար անձը հավելյալ 50 000 դրամ պետք է վճարի։

Ավրորա ռեզորթը ստանդարտ սենյակների համար առաջարկում է 490 000, որի մեջ ներառված են Նոր տարվա միջոցառումները։

Կեչառիս հյուրանոցը եռօրյա հանգստի համար լյուքս դասի սենյակի համար առաջարկում է վճարել 440 000 դրամ, իսկ ստանդարտի համար՝ 380 000 դրամ։

Թեղենիս հյուրանոցը չորս գիշերվա համար 440 000 դրամ է սահմանել, որը ներառում է միայն նախաճաշը։ Ամանորյա ընթրիքին մասնակցելու համար էլ + 25 000 դրամ պետք է նախատեսի անձը։

Ծաղկաձոր Մարիիոթ հյուրանոցը քոթեջների համար առաջարկում է 500 000 դրամ վճարել, ստանդարտ սենյակների համար՝ 600 000 դրամ։ Իսկ կիսալյուքս դասի սենյակները այստեղ կարժենան 700 000 դրամ։ Փաթեթը կներառի Ամանորյա շոու ծրագիր, գալա ընթրիք։

Ռոսիա հյուրանոցում վեց օր հանգստանալու համար երկու անձը պետք է 1 000 000 դրամ վճարի, որը ներառում է երեքանգամյա սնունդ, Ամանորյա ընթրիք և Սուրբծննդյան արարողություն։

Դիլիջան

Դիլիջան Պարկ ռեզորտ հյուրանոցը երկու անձի համար 240 000 դրամի դիմաց ստանդարտ սենյակներ է առաջարկում, իսկ եթե ստանդարտին կողմ չեք, կարող եք օգտվել լյուքս դասի համարներից՝ վճարելով 300 000 դրամ։ Անկախ սենյակի արժեքից՝ հյուրանոցը նախատել է երեքանգամյա սնունդ և գալա ընթրիք։

Դիլիջան ռեզորթում Ամանորյա միջոցառումեր և շոու ծրագրեր չկան, ստանդարտ սենյակի համար երկու անձը պետք է վճարի 360 000 դրամ։

Թուֆենկյան հին Դիլիջան հյուրանոցը ամանորյա փաթեթներ չունի, գներն էլ չեն բարձրացել՝ տարվա մյուս օրերի համեմատ։ Եթե ուզում եք հանգստանալ, մեկ օրվա համար 30 000 դրամ պետք է վճարեք, երեք օրվա համար՝ 90 000 դրամ։

Բեսթ վեսթերն պլյուս փարադայս հյուրանոցում հանգստանալու, Ամանորը դիմավորելու, շուո ծրագրերին, համերգներին և գալա ընթրիքին մասնակցելու համար պետք է 500-600 000 դրամ վճարեք։

Պոպոք հյուրանոցում եռօրյա հանգիստը կկազմի 115 000 դրամ, որը ներառում է նախաճաշ, գալա համերգ և խաշ,։

Ջերմուկ

Գրանդ ռեզորթը լյուքս դասի սենյակների համար առաջարկում է վճարել 639 000 դրամ, ստանդարտի համար՝ 516 000 դրամ։ Փաթեթը ներառում է երեքանգամյա սնունդ, բուժական ծառայություն, գալա ընթրիք և շոուներ։

Արմենիա առողջարանը և ՍՊԱ-ն փաթեթը առաջարկում է 240 000 դրամով, որը ներառում է բանկետ, գալա ընթրիք, երեքանգամյա սնունդ ու առողջարանի ծառայությունները։

Ցենտրալ հյուրանոցը Ամանորյա միջոցառում չի նախատեսել, գներն էլ չի բարձրացրել։ Երեք օրը երկու անձի համար 120 000 դրամ է, եթե մի քանի օր էլ ավելի մնաք, կստանաք զեղչեր։

Ջերմուկ Վերոնա ռեզորթն առաջարկում է Նոր տարին 190 000 դրամով դիմավորել, որի մեջ ներառված է Ամանորյա միջոցառումը, գալա ընթրիքը և հյուրանոցային ծառայությունները։

Ջերմուկ հյուրանոցն էլ հինգ օրվա համար առաջարկում է 500 000 դրամ վճարել, սակայն Ամանորյա միջոցառումը նեռառված չէ։

Աղվերան

Բեստ վեսթերն Աղվերան հյուրանոցը առաջարկում է ստանդարտ սենյակի համար վճարել 300 000 դրամ։

Աղվերան Արարատ հյուրանոցը եռօրյա հանգստի համար 600 000 դրամ է նախատեսել։ Գինը ներառում է նախաճաշ և ընթրիք, շոու ծրագրեր և գալա ընթրիք։

Ափրիկոտ հյուրանոցը ստանդարտ սենյակների համար առաջարկում է վճարել 700 000 դրամ։ Հանգստի ընթացքում կարոք եք օգտվել հյուրանոցի ծառայություններից, կլինի նաև գալա ընթրիք։

Պարկ ռեզորթ Աղվերանն ստանդարտ սենյակի համար առաջարկում է վճարել 280 000 դրամ։

Լիա Ավագյան

Մեկնաբանել