Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստան արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Տեղեկությունը Տելեգրամի իր էջում գրել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ Միրզոյանը ռուսական կողմին ևս մեկ անգամ ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները երկկողմ և տարածաշրջանային օրակարգերի շուրջ ՌԴ քաղաքականության և իրականացրած քայլերի վերաբերյալ:
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները վերջին անգամ հանդիպել էին մայիսի 19-ին։ Հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին հայկական պատվիրակությունները վերջին ամիսներին չեն մասնակցում ՀԱՊԿ, ԱՊՀ նիստերին, ինչպես նաև հրաժարվում են ռուսական միջնորդությամբ Ադրբեջանի հետ բանակցություններից։
Սկոպյե այցի շրջանակում Հայաստանի ԱԳ նախարարը երկկողմ հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: