Տեղանունների ու խոսույթների պատերազմում Հայաստանը պարտվում է Ադրբեջանին․ Հրանուշ Խառատյան

Ադրբեջանի գործողությունները ցույց են տալիս, որ նա նախապատերազմական օրակարգ ունի, որն առաջ է տարել տարիներ ի վեր, նշում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ՍիվիլՆեթին տված հարցազրույցում։ Ազգագրագետն այն կարծիքին է, որ այդ երկրում քարոզչական նկատառումներով մշտապես առաջ են տարել «Արևմտյան Ադրբեջանի» կամ «հայրենադարձ ադրբեջանցիների վերադարձի» խնդիրը։

Ադրբեջանական հավակնությունները Հայաստանի տարածքի նկատմամբ շուրջ 100 տարվա վաղեմություն ունեն, դրանք Ադրբեջանն օգտագործում է սեփական քաղաքական ծրագրերի իրագործման համար։ Ներկայիս Ադրբեջանի տարածքային պատկերացումները հիմնված են Ադրբեջանի խորհրդարանի ղեկավար Ալիմարդան բեկ Թոփչիբաշովի կազմած քարտեզի վրա (1918-1920թթ․ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ), իր տեսակետը նա ներկայացրել էր 1919թ․ Փարիզի խաղաղության կոնֆերանսին։ Ըստ այդ ծրագրի՝ Հայաստանի տարածքը պետք է կազմեր շուրջ 10 000 քառակուսի կիլոմետր։

Հրանուշ Խառատյանի խոսքով՝ չնայած ադրբեջանական կողմն այն ժամանակ հասկանում էր, որ դա իրատեսական գաղափար չէր, սակայն այն արտահայտում էր իր հավակնությունների առավելագույն շեմը, որը ներկայում ադրբեջանական կողմի տարածքային պատկերացումների հիմքում է ընկած, և նա նորից փորձում է այդ գաղափարը երևան հանել։

Ազգագրագետը նկատում է, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ ունեցած տարածքային հավակնությունների համատեքստում ներկայացնում է տարբեր քարտեզներ, ինչպես նաև շահարկում տեղանունների հարցը։ Վերջին վառ օրինակը 2023-ի նոյեմբերի 23-24-ը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում անցկացված՝ «Դեպի Արևմտյան Ադրբեջան վերադարձ» խորագրով փառատոնն էր, որում ներկայացված ՀՀ քարտեզում բոլոր տեղանունները ոչ հայկական էին։

Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե դրանք ադրբեջանական են, այնինչ մի շարք տեղանուններ պատմական բնական գործընթացների հետևանք են, որոնց ակունքները որպես կանոն հասնում են Օսմանյան կայսրության, Սեֆյան Իրանի և միջնադարյան թյուրքական որոշ պետական կազմավորումների ժամանակահատվածներ։ Հետևաբար, դրանք ուղիղ առնչություն չունեն Ադրբեջանի հետ։

Միջնադարյան հեղինակների վկայություններում նույնպես հանդիպում են տեղեկություններ, որ տարածաշրջանի տեղանունները փոփոխվել են տվյալ տարածքի կառավարիչների հայեցողությամբ։ Ի վերջո, օրինաչափ էր այն երևույթը, երբ նվաճող իշխանության ներկայացուցիչները, չկարողանալով արտաբերել տեղական անվանումները, փորձել են դրանք հարմարեցնել իրենց լեզվին՝ տեղանունները «թարգմանելով» պատկերային ձևով՝ տվյալ աշխարհագրական ռելիեֆին համապատասխան։

Հրանուշ Խառատյանը տեղանունների հարցում ընդգծում է հայկական աղբյուրների կարևորությունը՝ նկատելով, որ դրանցից լայնորեն օգտվում են նաև ադրբեջանցի հեղինակները, չնայած՝ յուրովի են փորձում են մեկնաբանել։ Նա կարևոր է համարում, որ հայկական կողմը մեծ ուշադրություն դարձնի սեփական տեսակետները արտաքին լսարարանին հասցնելու գործում։

«Ադրբեջանցիները կազմել են տեղանունների մասին ահռելի գրականության ցանկ, որը երբեմն նաև անգլերեն է թարգմանվում։ Դիցուք՝ եթե համեմատենք [Հայաստանի ու Ադրբեջանի] Վիքիպեդիայի տեղեկատվությունը, ապա հայկականինը գրագետ է, համակարգված և փաստարկված, սակայն ադրբեջանականինը՝ ավելի քաղաքականացված է և մատչելի արտաքին լսարանի համար»,- նշում է Խառատյանը՝ կարևորելով, որ հայկական տեղեկատվական աղբյուրները բացի որակից փորձեն նույնպես ավելի լսելի դառնալ։ Ըստ նրա՝ տեղեկատվական պատերազմին Ադրբեջանը շատ մեծ ուշադրություն է դարձրել նաև մինչև 2020-ի Արցախյան պատերազմը։

Ըստ ազգագրագետի՝ հաճախ արտաքին լսարանում մեծ տեղ են գտնում ադրբեջանական պատկերացումները, և դիցուք՝ եվրոպացի պատգամավորները, որոնք առանձնապես ներգրավված չեն հայ-ադրբեջանական հակամարտությունում, սակայն ունեն որոշակի ազդեցություն, «Արևմտյան Ադրբեջանի» և այլ թեմաների շուրջ առաջինը լսում են ադրբեջանական խոսույթի մասին։ Նա ափսոսանքով նկատում է, որ նմանատիպ հարցերում հայկական ներկայությունն ու ազդեցությունը ոչ միայն բավարար չեն, այլ որոշ դեպքերում բացակայում են։

Գեորգի Միրզաբեկյան

Մեկնաբանել