Թե ուզում ես երգդ լսեն՝ քաղաքականացրու

Ցուցահանդեսը բացվեց և՝ քար լռություն

Քանդակագործ Սարգիս Բաբայանի անհատական ցուցահանդեսը, որը բացվեց նոյեմբերի 16-ին Հ․Իգիթյանի անվան գեղագիտական կենտրոնի ցուցասրահում և կոչվում էր «Երկու շարք», մայրաքաղաքի վերջին ամիսների ուշագրավ մշակութային իրադարձություններից էր։

Ցուցահանդեսի բացումը բավական մարդաշատ էր։ Այստեղ հավաքվել էին ոչ միայն հեղինակի գործընկերները՝ նկարիչներ, քանդակագործներ, այլև գրողներ, երաժիշտներ, արվեստի այլ ասպարեզի մարդիկ։

Սարգիս Բաբայանը սիրելի արվեստագետ է տարբեր բնագավառների երիտասարդ և ճանաչում ձեռք բերած ստեղծագործողների համար։ Նա հասցրել է ոչ միայն Երևանում, այլ եվրոպական մի քանի երկրներում իր կերտած արձանները տեղադրել, անհատական ցուցահանդեսներ ունենալ։

Ցուցահանդեսը բացվեց և՝ քար լռություն։ Բացի հանրային հեռուստաընկերության մի ռեպորտաժից, ոչ մի այլ լուսաբանում, ոչ մի արվեստագիտական վերլուծություն կամ հոդված։ Մինչդեռ ցուցահանդեսն արժանի էր ավելի մեծ ուշադրության։ Մեզանում վաղուց մասնագիտական գնահատումը փոխարինված է միայն լրատվությամբ, լավագույն դեպքում՝ հարցազրույցով։ Հազվադեպ կհանդիպես գրախոսականի կամ գրաքննադատական հոդվածի, թատերախոսականի, երաժշտագիտական հոդվածի։ Նույնն է իրավիճակը նաև կերպարվեստի պարագայում։

Սարգիս Բաբայանի դեպքում ճիշտ հակառակ պատկերն էր երկու ամիս առաջ, երբ տեղի ունեցավ նրա ստեղծած՝ Կարեն Դեմիրճյանի արձանի բացումը Մարզահամերգային համալիրի աստիճանների առջև։ Հատկապես ֆեյսբուքյան տարածքում շատ էին արձանը քննադատողները։ Դրանց մեջ կար ինչպես մասնագիտական մի քանի արդարացի դժգոհություն ու դիտարկում, այնպես էլ սիրողական անտեղի ու չարակամ վերաբերմունք։

Մասնագիտական անբավականությունը հիմնականում մի ձևակերպում ուներ՝ արձանը խորհրդային պաշտոնյայի սովորական, տարածված լուծում ունի։ Գուցե և այդպես է։ Բայց լինենք ազնիվ։ Կարեն Դեմիրճյանը խորհրդային պաշտոնյա էր, իսկ երիտասարդ քանդակագործը կուսակցական ղեկավարին չէր պատկերելու Առնո Բաբաջանյանի արձանի պլաստիկական հնարանքներով։

Վերադառնանք ցուցահանդեսին։ «Երկու շարք» անվանումը քիչ բան է ասում ներկայացված հրաշալի քանդակների մասին։ Հավանաբար արվեստագետը նախընտրում է ոչ շատ խոսուն վերնագրերը։ Դա շատ բան չի փոխում։ Արամ Խաչատրյանի լավագույն ստեղծագործության «Երկրորդ սիմֆոնիա» անվանումն էլ խորախորհուրդ չէ, և շատ այլ կոմպոզիտորներ են նրանից առաջ ու հետո այդ կանոնին հետևել։ Մի փոքր այլ է բուն քանդակների անվանումների դեպքում։ Դրանք ունեն ինչպես պարզ, լռին վերնագրեր, այնպես էլ խոսուն անուններ, որոնք փորձում են հայացք հուշել, դիտանկյուն նշմարել կամ բերել որոշակի հուզական դաշտ։

Սարգիս Բաբայանի «Երկու շարքի» քանդակները ցուցադրվում էին գեղագիտական կենտրոնի երկու հարկում։ Առաջին հարկի գործերի ընդհանուր անվանումն էր «Ասպետները»։ Ցուցահանդեսի առիթով հրատարակված ալբոմում հեղինակը մի քանի նախադասությամբ մեկնաբանել է ու փորձել ոչ միայն դրանց ստեղծման շարժառիթն ու ներշնչանքի աղբյուրը մատնացույց անել, այլև ուղղորդել դիտողին․ «Իր բազում խորը շերտերով հայ արվեստն ինձ անընդհատ մղում է նորանոր բացահայտումների։ Ժայռապատկերային և բրոնզեդարյան շրջանները ինձ համար հանդիսացել են ծավալների, սիլուետների, գծերի հարուստ շտեմարան։ Հնագույն այս դարաշրջաններից ստացած էներգետիկան զուգահեռել եմ իմ ստեղծագործական մտաձևերին, ինչի արդյունքում էլ ծնվել է «Ասպետները» շարքը։ Քանդակներում փորձել եմ մեկտեղել գեղեցիկը, ուժեղը և ասպետի պայքարող տեսակը»։

Մինիմալիստական ոճի այս շարքի բոլոր քանդակներում առկա են կենդանին /հիմնականում ձի կամ առասպելական այլ չորքոտանի/, մարդը և նրա նիզակը։ Քանդակների մի մասում մարդն է կենդանու վրա, իսկ մի քանիսում մարդը կենդանուն կրում է իր բազուկներին։ Ակամա հիշում ես Ֆիրդուսու «Շահնամեի» հայտնի տողը՝ «կամ հեծվորն է թամբի վրա, կամ էլ թամբը՝ հեծվորի։» Սա ևս ժայռապատկերների դիցաբանական շերտերից եկող կոմպոզիցիա է, որը յուրօրինակ նոր իմատներ է ստացել Բաբայանի գործերում։ Գծերի պարզությամբ, բայց շարժման աննշան ակնարկով քանդակագործին հաջողվում է տրամադրություն ստեղծել։ Այդպիսին է, օրինակ, «Որսապար»-ը։ Կենդանու վրա կանգնած մարդը նոր չի պատրաստվում որսի գնալ, այլ արդեն հասել է իր նպատակին։

Երկու ձեռքերի պարզունակ կոմպոզիցիան ուրախություն է հուշում․ կախ ընկած աղեղից արձակված նետը հասել է թիրախին։

Նիզակակակիր ձիավոր մարտիկների մեծ մասը սահմանապահներ են։ Բայց այն քանդակը, որը վերնագրված է «Պահապանները», ասպետն ու ձին ցուցասրահում պառկած կամ ընկած դիրքով են ներկայացված։

Հեղինակն իր քանդակի ցուցադրության այս եղանակով մեր պարտված պատերա՞զմն է ակնարկում, մեր անվտանգության խարխուլ վիճա՞կը։ Հավանաբար՝ այո։ Բայց դա առաջին քանդակն է, դրան հետևում են «Նպատակ», «Ազատագրողը», «Առաջնագիծ», «Հսկում» գործերը։ Այսինքն, ընկած վիճակին, ըստ արվեստագետի, հետևելու են ազատագրումն ու առաջնագծի հսկումը։ Այս հերթագայությամբ քանդակագործը կարողացել է ժայռապատկերների ու բրոնզեդարյան արվեստի ժամանակների ու այսօրվա մեր կյանքի միջև իմաստային կամուրջ գցել։

Այսքանով հանդերձ, շարքի ամենաինքնատիպ ու ենթագիտակցական իմաստների առումով հետաքրքիր քանդակը կոչվում է «Սերունդներ»։ Նույն նիզակներով զինված, նույն կենդանու վրա, որ երկրի խորհրդանիշն է, միմյանց ուսերին սերնդեսերունդ մարտնչող ռազմիկներ են բարձրանում։

Հիմնականում բրոնզից ստեղծված այս քանդակներում առաջին հայացքից թվում է, թե չկա նյութի դիմադրողականության հաղթահարման խնդիր, որովհետև չկա բարդ կոմպոզիցիա, գծերը պարզունակ են, միմյանց կրկնող կամ խիստ նման պլաստիկական լուծումներով։ Բայց սա միայն առաջին հայացքից։ Որպես այլ արվեստում ստեղծագործող, գիտենք, որ այդպիսի պարզության հասնելը շատ ավելի բարդ է ու դժվար, քան կոմպոզիցիոն կամ սյուժետային գործեր ստեղծելը։

Քանդակների երկրորդ շարքը կոչվում է «Վկաները նախնադարից»։ Նույն ալբոմում կարդում ենք հեղինակի այս տողերը․ «․․․ ի տարբերություն ժամանակակից մարդու, նախամարդն ինքն իրեն պատկերելիս բավարարվում էր լոկ մի քանի գծով կամ նշաններով, քանզի դեռևս այդչափ չէր ճանաչում ինքն իրեն։ Փոխարենը տպավորիչ է ժայռապատկերների կատարման ձևը և տեխնիկան, ինչն ինձ համար քանդակային մտածողության նոր դռներ է բացել, որոնց միջոցով ես փորձել եմ հաղորդակցվել նախնադարի ստեղծագործողի հետ․․․»։

Այս շարքի քանդակներում կոմպոզիացիան ավելի մեծ տեղ է զբաղեցնում։ Բոլորն են հետաքրքիր, սակայն դիտողիս առավել գրավիչ են թվացել դրանցից երեքը։

Առաջինը, որը կոչվում է «Անսահմանությունից անդին», պատկերում է կենդանու, որի եղջյուրները բազմանալով՝ երկրի ու երկնքի միջև փշալարի կամ ցանկապատի տպավորություն են թողնում։ Ավելի վեր ամպի մի ծվեն է, դրա վրա էլ կանգնած է մարդը՝ ձեռքերն էլ ավելի վեր կարկառած։ Անվերջ ու անսկիզբ տիեզերքում մարդու միայնության ավելի լավ պատկերի չէի հանդիպել։ Եվ այդ անսկիզբ ու անվախճան տարածության ու ժամանակի մեջ Աստծո որոնում։

Հաջորդ քանդակը, որ միտք ու հույզ է պարգևում, կոչվում է «Քանդակագործը»։ Մեր անձնական ընկալմամբ, սա ստեղծագործող անհատի մասնատվածության թեման է շոշափում։ Կենտրոնում ամբողջական մարդն է, և իր տասը բաժան-բաժան ֆիգուրները։ Ինչո՞ւ տասը, հարցնում եմ քանդակագործին, ինչո՞ւ ոչ յոթ կամ նույնիսկ՝ տասներկու։ Այդ դեպքում քանդակը որոշակի նոր իմաստ կստանար։

«Առաջնորդվել եմ Գրիգոր Տաթևացու դավանաբանությամբ, տասը թվի սրբազնացմամբ»,- պատասխանում է Սարգիս Բաբայանը։

Եվ վերջապես երրորդ քանդակը, որը կոչվում է «Սկիզբ», երկֆիգուր կոմպոզիցիա է։ Եթե նախորդների համար տպավորություններդ են թեմա հուշում, այս մեկն ինքն է թեմատիկ։ Քարի ու բրոնզի ներդաշնակմամբ ստեղծված քանդակում կինը և տղամարդը կանգնած են խնձորի վրա։ Ադամի և Եվայի արքետիպերն են։ Մարդու արարման աստվածաշնչյան պատումը համադրված է բրոնզեդարյան արվեստի ձևերի հետ։

Այո, ցուցահանդեսի բացումը մարդաշատ էր։ Բայց թե որքան մարդ այցելեց ցուցադրության տասն օրերին և վայելեց այս ինքնատիպ արվեստի հմայքը, դժվար է ասել։

Մեկնաբանել