Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
«Հետք» պարբերականը նոյեմբերի 15-ին հետաքննական հոդված հրապարակեց, ըստ որի` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կինը ավազի ապօրինի հանք է շահագործում։
Նշվում էր, որ Բագրատյանի կնոջը՝ Նաիրա Հակոբյանին պատկանող «Արարակ» ՍՊԸ-ն Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի տարածքում առանց բնապահպանական փորձաքննության և համապատասխան թույլտվության ապօրինի ավազի հանք է շահագործում։ Բագրատյանը չի հայտարարագրել կնոջ ընկերությունը՝ չնայած «Հանրային ծառայության մասին» օրենքի պահանջին։
Սերգեյ Բագրատյանը նոյեմբերի 16-ին լրագրողների հետ ճեպազրույցում հերքել է մեղադրանքները՝ պնդելով, թե հանք չի շահագործվել, ապօրինություն չի եղել, և պետական բոլոր մարմիններից համապատասխան փաստաթղթերն ու թույլտվությունները առկա են։
#CivilNetCheck-ը ստուգել է պատգամավորի այս պնդումները։
Ի՞նչ է ասում պատգամավորը
Սերգեյ Բագրատյանը պնդում է, որ իր կնոջ ընկերությունը այգեգործությամբ է զբազվում և կատարել է «ավազի լվացում», ոչ թե արդյունահանում։ Պատգամավորը սա հիմնավորում է նրանով, որ «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ից գրություն է ստացվել այն մասին, որ տարածքում հանքավայր չի հաշվառում։
«…Երկրաբանական ֆոնդը տվել է, որ այդտեղ հանք չկա, հաստատված պաշարներ չկան, և հետևաբար չի կարող լինել հանքարդյունաբերություն, այն էլ ապօրինի»,- ասել է նա։
Պատգամավորը նաև վստահեցնում է, որ դիմել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Շրջակա միջավայրի նախարարություններ և ստացել բոլոր անհրաժեշտ թույլտվությունները։
«Ընկերությունը դիմել է Շրջակա միջավայրի նախարարություն [ՇՄՆ] ՇՄԱԳ փորձաքննություն իրականացնելու խնդրանքով։ ՇՄՆ-ն պատասխանել է, որ այս գործունեությունը լիցենզավորման ենթակա չէ և հետևաբար ՇՄԱԳ անելու կարիք չկա»,- ասել է Բագրատյանը՝ հավելելով, որ ՀՀ օրենքով հողամասերի «մինչև 2 մետրը թույլատրվում է ՀՀ օրենքով տնօրինել սեփական կարիքների համար»։
Բագրատյանը հավելում է. «Այն, ինչ արվում է ընկերության կողմից՝ լվացվում է, և ավազը վաճառվում է և օգտագործվում ներդրումային ծրագրի համար»։
Իր և կնոջ 2022-ի հայտարարագրերում «Արարակ» ՍՊԸ-ի բաժնեմասի հայտարարագրված չլինելը Բագրատյանը հիմնավորում է նրանով, որ ընկերությունը 2023-ի հուլիսից է գործունեություն ծավալում և մինչ այդ՝ 2022-ի ընթացքում, շահույթ չի ունեցել։
Պատկան մարմինները հերքում են
Շրջակա միջավայրի նախարարությունից #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ ավազի արդյունահանման համար «Արարակ» ՍՊԸ-ից իրենց չեն դիմել, գործունեության թույլտվություն չի տրամադրվել։
ՏԿԵ նախարարությունից ևս հայտնում են, որ ընկերությունը թույլտվություն ստանալու նպատակով նախարարություն չի դիմել, և ընկերությանը որևէ թույլտվություն չի տրամադրվել։
Հատված ՏԿԵՆ-ից ստացված պատասխանից
Նախարությունից նաև տեղեկացնում են, որ «Արարակ» ՍՊԸ-ից «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ 2023-ի հունիսին դիմում-հայտ է ստացվել, ինչին ի պատասխան ընկերությանը հայտնել են, որ նշված 64,3 հա տարածքում հանքավայր չի հաշվառվում, և ընդերքօգտագործման իրավունք գրանցված չէ։
«Հանրապետական երկրաբանական ֆոնդը», ըստ էության, ընդամենը հայտնել է, որ նշված հողամասում օրինական գրանցված հանք չկա, և ընգերքօգտագործման իրավունք տրված չէ, սակայն սրանով չի հիմնավորում, որ փաստացի ապօրինի հանքարդյունաբերություն տեղի չի ունեցել, ինչպես պնդում է պատգամավորը։
Պատգամավորի մյուս պնդումը, թե «մինչև 2 մետրը թույլատրվում է ՀՀ օրենքով տնօրինել սեփական կարիքների համար», մոլորեցնող է, քանի որ «Ընդերքի մասին» օրենսգրքի 20-րդ հոդվածում նշվում է, որ մինչև 2 մետր խորությամբ ընդերքօգտագործումը չպետք է կատարվի շահույթ ստանալու նպատակով։
Այնինչ տեսանյութում հենց Բագրատյանը խոստովանում է, որ իր կնոջ ընկերությունը արդյունահանած լվացված ավազը վաճառել է, հարկեր վճարել և ստացված եկամուտը օգտագործել ներդրումների համար։
Պատգամավորի պնդումը, որ իր և կնոջ 2022-ի հայտարարագրերում «Արարակ» ՍՊԸ-ի բաժնեմասերը հայտարարագրված չեն, քանի որ ընկերությունը 2022-ին շահույթ չի ունեցել, ևս կեղծ է։
«Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ պաշտոնյան և նրա ընտանիքի անդամը պարտավոր են հայտարարագրել ընկերությունը, որում ունեն ուղղակի կամ անուղղակի մասնակցություն։ Օրենքը չհայտարարագրելու որևէ բացառություն, այդ թվում շահույթ չունենալու դեպքում, չի նախատեսում։
«Արարակ» ՍՊԸ-ն, պետռեգիստրի տվյալների համաձայն, Բագրատյանի կնոջ՝ Նաիրա Հակոբյանի կողմից ստեղծվել է 2022-ի հունիսի 15-ին և, հակառակ պատգամավորի պնդմանը, պետք է ներառված լիներ իրենց 2022-ի տարեկան հայտարարագրում։ Նույն կերպ հայտարարագրում առկա չեն «Արևալույս» ՍՊ և «Զորավար սեպուհ և որդիներ» ՍՊ ընկերությունները, որոնց գործունեությունը ժամանակավոր դադարեցված է։
Բագրատյանի կինը փոխանցել է բաժնեմասերը, քրեական վարույթ է հարուցվել
Չնայած իշխանական պատգամավորի պնդումներին, թե ամենը օրինական է, նրա կինը՝ Նաիրա Հակոբյանը, նոյեմբերի 16-ին (հետաքննության հրապարակման օրը) փոխանցել է «Արարակ» ՍՊԸ-ում իր 100 տոկոս բաժնեմասը ոմն Վրեժ Եղյանի, որը Բագրատյանի վաղեմի գործընկերն է։
Համաձայն իրավաբանական ռեգիստրի տվյալների՝ Եղյանն ու Բագրատյանը միասին «ԲԻԷՍԲԻ» ՍՊԸ-ի բաժնետերեր են։ Բացի այդ, նրանց անունները միասին հիշատակվում են նաև «Եվրո Օյլ» ՍՊԸ-ում։
Քննչական կոմիտեից #CivilNetCheck-ին հայտնեցին, որ հարուցվել է քրեական վարույթ, իրականացվում է քննություն։