Հիմա Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքն է դարձել Ադրբեջանի թիրախը․ Միրզոյան

Լեռնային Ղարաբաղի տարածքն առանց հայերի ստանալուց հետո այժմ էլ Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքն է դարձել Ադրբեջանի թիրախը։ Այդ մասին նոյեմբերի 30-ին ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովին իր ելույթում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ աշխարհի ամենամեծ անվտանգային կազմակերպությունը՝ ԵԱՀԿ-ն, արագորեն հետընթաց է ապրում, քանի որ ժամանակին ընդունված և լավ մշակված մանդատներն ու պարտավորությունները լիովին անտեսվում են:

«Այս պահին կարող ենք արձանագրել որ միջազգային հանրության լուռ համաձայնությամբ Ադրբեջանը հասել է իր վաղեմի նպատակին՝ ստանալու Լեռնային Ղարաբաղի տարածքն առանց հայ բնակչության։ Այնուամենայնիվ, դա իրականացնելուց հետո էլ ադրբեջանական կողմի պահանջները չեն դադարել. հիմա Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքն է դարձել մեր հարևանի թիրախը։ Զուգորդված լինելով շարունակական ատելությամբ, ռազմական հռետորաբանությամբ, ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ, տարբեր միջազգային դերակատարների, այդ թվում՝ ԱՄՆ և ԵՄ կողմից կազմակերպված հանդիպումներին մասնակցելու մերժման հետ՝ սա ի ցույց է դնում, որ այս երկիրն անկեղծորեն շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ»,- ասել է ԱԳՆ ղեկավարը։

Չնայած Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին, Միրզոյանը նշում է, որ Հայաստանը հավատարիմ է մնում Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը։

«Հայաստան֊Թուրքիա սահմանի բացումը ևս վճռորոշ կարևորություն ունի։ Ինչպես տեղյակ եք, մենք համաձայնություն ենք ձեռք բերել բացել ցամաքային սահմանը 3-րդ երկրների և դիվանագիտական ​​անձնագրեր կրող՝ Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիների համար, ինչը վերահաստատվել է նախարար Ֆիդանի կողմից հոկտեմբերի 23-ի մեր երկկողմ հանդիպման ժամանակ: Եվ նույնիսկ հստակ ժամկետներ են նշվել՝ նկատի ունենալով առաջիկա շաբաթները, և հուսով ենք, որ մոտ ապագայում մենք կյանքի կկոչենք այս առաջին, սակայն բավականին շոշափելի քայլը»,- հայտարարել է Արարատ Միրզոյանը։

Մեկնաբանել