Իսմի Աղաև, OC Media
Ադրբեջանը ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Գերմանիային մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու մեջ։ Պաշտոնական Բաքուն, մասնավորապես, հայտարարել է, թե այս երկրները դա անում են՝ ֆինանսավորելով AbzasMedia-ին՝ անկախ լրատվամիջոց, որի գրասենյակներում ոստիկանությունն անցած շաբաթ խուզարկություններ էր իրականացրել։
Երեքշաբթի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն են կանչվել Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպաններ Անն Բոյյոնը ու Ռալֆ Հորլեմանը, ինչպես նաև ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Հյուգո Գևարան՝ քննարկելու իրենց երկրների կողմից AbzasMedia-ի ֆինանսավորման հարցը։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության՝ նախարարությունն այս հանդիպումների ժամանակ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը (ՄԶԳ, USAID), ամերիկյան FreedomNow հասարակական կազմակերպությանը և դանիական «Նոր ժողովրդավարության հիմնադրամ» ծրագրին մեղադրել է «ապօրինի կերպով Ադրբեջանի տարածք ֆինանսական միջոցներ փոխանցելու, դրամաշնորհներ տրամադրելու կանոնները խախտելու և AbzasMedia-ի գործունեությանն ապօրինի նպաստելու մեջ»։
Նախարարությունը նշել է, որ դեսպանատների «ապօրինի գործողությունները […] դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի խախտում են»։
Անցյալ շաբաթ Ադրբեջանի ոստիկանությունը ներխուժել էր AbzasMedia-ի գրասենյակներ և ձերբակալել լրատվամիջոցի տնօրեն Ուլվի Հասանլիին, գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆգիզիին և փոխտնօրեն Մահամմադ Կեկալովին։
Նրանց մեղադրում են խմբակային եղանակով արտարժույթի մաքսանենգություն կատարելու մեջ։
Արձագանքելով ԱԳՆ կանչվելուն՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը չորեքշաբթի «Ամերիկայի Ձայն»-ին ասել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ին ուղղված մեղադրանքները «կեղծ են և հիմնովին սխալ են բնութագրում մեր օգնության նպատակը»։
«Ինչպես միշտ, մեր օգնությունը թափանցիկ է։ ԱՄՆ ՄԶԳ բոլոր ծրագրերը նպաստում են ժողովրդավարական արժեքներին, որոնք ուղղված են ազատ և խաղաղ հասարակություններ ունենալուն»,- ասել են դեսպանատնից։
Գերմանիայի դեսպանատունն անմիջապես հերքել է հնչեցված մեղադրանքները և մտահոգություն հայտնել Կեկալովի վերաբերյալ, որը նաև հաշմանդամություն ունեցողների իրավունքների պաշտպանությամբ է զբաղվում և հիմնադիրն է նորաձևության մատչելի ապրանքանիշի, որն ստեղծում է հաշմանդամություն ունեցող մարդկանց կարիքներին համապատասխանող հագուստի տեսականի։
«Գերմանիայի դեսպանատունը շարունակաբար աջակցել է Մահամմադ Կեկալովին և նրա սոցիալական հանձնառությանը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ, այդ թվում՝ 1 500 եվրոյի չափով ֆինանսական ներդրման միջոցով՝ կապված 2021-ի դեկտեմբերի 3-ին Հաշմանդամների միջազգային օրվա առթիվ Kekalove Adaptive-ի կազմակերպած նորաձևության ցուցադրության հետ։ Մենք շատ մտահոգված ենք պարոն Կեկալովին ներկայացված մեղադրանքներով և ակնկալում ենք, որ նա կարժանանա արդար դատավարության»,- ասված է Գերմանիայի դեսպանատան հայտարարությունում։
Ադրբեջանցի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան նշել է, որ արևմտյան դեսպանատների հասցեին Ադրբեջանի կառավարության հնչեցրած քննադատությունը խոսում է դրա ներկայիս հանձնառության մասին:
«Այն երկրները, որոնք Արևմուտքին թշնամի են հայտարարում, սովորաբար Ռուսաստանի գրկում են գտնվում։ Առնվազն մինչ այժմ խոսում էին հավասարակշռված արտաքին քաղաքականության մասին։ Այժմ Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանությունը ոչնչով չի տարբերվում [Ալեքսանդր] Լուկաշենկոյի հռետորաբանությունից»,- ասել է Իսմայիլովան։
Երեքշաբթի՝ AbzasMedia-ի նկատմամբ բռնաճնշումների մեկնարկից մեկ շաբաթ անց, Ադրբեջանի իշխանությունները նաև մեղադրեցին Kanal 13 անկախ առցանց հեռուստաընկերության հիմնադիր Ազիզ Օրուջովին՝ նրան մեղադրելով առանց շինթույլտվության տուն կառուցելու մեջ։
Ադրբեջանում լրագրողներն ու իրավապաշտպաններն ասում են, որ Օրուջովի ձերբակալությունը և AbzasMedia-ի գրասենյակների խուզարկությունները քաղաքական դրդապատճառ ունեն: