Դեկտեմբերի 1-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին, հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։
Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
***
Նոյեմբերի 13-ին Բրյուսելում անցկացված ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ քննարկվելու է Եվրոպական խաղաղության ֆոնդի միջոցով Հայաստանին օգնելու հնարավորությունը։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «շատ կարևոր է» համարել Եվրոպական խաղաղության ֆոնդի միջոցով Հայաստանին օգնելու որոշումը։
«Խաղաղության ֆոնդը Եվրամիության գործիքներից մեկն է տարբեր երկրների պաշտպանողականությանը օգնելու և խաղաղության մեջ ներդրում ունենալու։ Այդտեղ ԵՄ-ն ունի ֆինանսական միջոցներ և ԵՄ անդամ երկրները, եթե, օրինակ, սպառազինության անհրաժեշտություն կա, որևէ երկիր պատրաստակամություն ունի տրամադրելու դա, ֆինանսները փոխանցում են տվյալ երկրին և այդ ռազմական տեխնիկան կամ ռազմական ծառայությունը մատուցում է այն երկրին, որին ուզում են օգնություն ցուցաբերել։ Հուսով եմ՝ Հայաստանը հնարավորություն կունենա հասնելու վերջնական որոշման, որովհետև սա շատ նախնական որոշում էր։ ԱԳ նախարարների կողմից կանաչ լույս տրվեց, որպեսզի գործընթացը շարունակվի։ Սա անվտանգային ոլորտում շատ կարևոր համագործակցության գործիք է»,- նոյեմբերի 14-ին Առաջին ալիքին տված հարցազրույցում ասել էր Գրիգորյանը։
ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակությունը նոյեմբերի 27-ից 29-ը Հայաստան կատարած այցից հետո հայտարարել էր, որ Եվրամիությունը լրացուցիչ կուսումնասիրի Եվրոպական խաղաղության շրջանակի միջոցով Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը։