ՔՊ-ական պատգամավորը պաշտոնավարում է՝ ընկերությունում տնօրեն ու բաժնետեր լինելուն զուգահեռ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Տրդատ Սարգսյանը պատգամավոր լինելուն զուգահեռ շարունակում է տնօրեն մնալ «Պրոմենադ» ընկերությունում։ Սա արգելված է հանրային ծառայության մասին օրենքով ու կարող է դիտվել պաշտոնի անհամատեղելիություն։ Սարգսյանը նաև օրենքի պահանջը չի կատարել ու ընկերությունում իր ունեցած բաժնեմասը չի հանձնել հավատարմագրային կառավարման։ Այդ մասին տեղեկանում ենք իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրից։

Տրդատ Սարգսյանը Ազգային ժողովի պատգամավոր է 2021-ից։ 2018-ից մինչև 2019-ի հոկտեմբերը նա Վայոց ձորի մարզպետ էր։ Սարգսյանի պաշտոնանկությունը կապվում էր փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու դեպքի հետ։ Դեպքից 4 տարի անց Մխիթարյանը, կոմայի մեջ գտնվելով, մահացավ։ Մեղադրյալի աթոռին հայտնվեցին Տրդատ Սարգսյանի օգնականն ու նրա եղբայրը, Մխիթարյանի հարազատները պնդում էին, որ ծեծին ներկա է եղել նաև Սարգսյանը, վերջինիս ներկայության մասին նույնիսկ ցուցմունքներ եղան 3 զինվորականների կողմից։ Այնուհանդերձ, այս վկայությունները հետագայում քննչական կոմիտեն համարեց սուտ մատնություններ, քրեական գործը գլխիվայր շուռ եկավ։ Պաշտոնանկությունից հետո Տրդատ Սարգսյանը դարձավ «Քաղաքացիական պայմանագրի» աշխատակազմի ղեկավար, ապա՝ պատգամավոր։ 2022-ին Տրդատ Սարգսյանն ազատվել էր ՔՊ-ի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Այս ազատմանը նախորդել էր ՔՊ-ի վարչության կեղծված ընտրությունները, որը հետագայում կուսակցությունն անվանեց «անճշտություն»։

Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ Տրդատ Սարգսյանը 2020 թվականից բաժնետեր է «Պրոմենադ» ընկերությունում, որը ծավալում է կրթական ծառայությունների գործունեություն։ Ռեգիստրի փաստաթղթերի համաձայն՝ Տրդատ Սարգսյանն այստեղ 2020-ի ապրիլից 100 տոկոս բաժնեմաս ունի։

Հանրային ծառայության մասին օրենքը պահանջում է, որ առևտրային ընկերությունում մասնակցություն ունենալու դեպքում բարձրաստիճան պաշտոնատար անձինք պարտավոր են նշանակվելուց կամ ընտրվելուց 1 ամիս անց բաժնեմասը հանձնել հավատարմագրային կառավարման։ Տրդատ Սարգսյանի՝ 2022-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած տարեկան հայտարարագրում այս բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին տվյալներ լրացված չեն։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրում նույնպես հավատարմագրային կառավարիչների մասին տեղեկություններ չկան։

«Պրոմենադ»-ի ռեգիստրի տվյալներից երևում է, որ ՔՊ-ական պատգամավորն այստեղ շարունակում է տնօրեն մնալ։ Սա կարող է լինել ենթադրյալ անհամատեղելիություն պատգամավորի պաշտոնի հետ։ Հանրային ծառայության մասին օրենքի անհամատեղելիության պահանջներում նշվում է, որ հանրային ծառայություն իրականացնող անձինք չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում ու կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական ու ստեղծագործական աշխատանքից։

Տրդատ Սարգսյանի 2022-ի հայտարարագրից նաև պարզ է դառնում, որ վերջինիս եկամուտներն այս տարվա համար կազմել են ավելի քան 51 մլն դրամ։ Դրանից 7,8 միլիոնը գոյացել է որպես պատգամավոր աշխատավարձից, իսկ 6 միլիոնը՝ գույքի օտարումից։ Այդ գումարը Սարգսյանին փոխանցել է Հասմիկ Համբարյանը։ Սարգսյանի հայտարարագրում, մինչդեռ չի նշվում, թե ովքե՞ր են ապահովել նրա եկամուտների մնացած մասը. մասնավորապես, Սարգսյանը 28 700 դոլարի, 23,3 մլն դրամի ու 7 300 եվրոյի եկամուտ է ստացել։ Հանրային ծառայության մասին օրենքը մինչդեռ սահմանում է, որ հանրային ծառայողի եկամուտների հայտարարագրում պետք է նշվեն եկամտի տեսակը, ստացման աղբյուրը, չափն ու արժույթը։ Ստացման աղբյուրը պատգամավորը չի ներկայացրել։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) 2022-ի հոկտեմբերին որոշել է հայտարարագրերի վերլուծության ռիսկային չափորոշիչներ սահմանել, և ըստ այդմ, կազմել է ցանկ ու վերլուծել այդ պաշտոնատար անձանց ու նրանց ընտանիքի անդամների հայտարարագրերը։ ԿԿՀ-ն իր այս որոշումը կայացնելիս հիմնվել էր հանրային ծառայության մասին օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի պաշտոնյաների ցանկի վրա։ Այս ցանկն ըստ էության ներառելու էր նաև պատգամավորներին, բայց որոշման հավելվածում որպես ռիսկային ստուգման ենթարկվող պաշտոնյաներ պատգամավորները ներառված չեն, այլ միայն ԱԺ նախագահը, տեղակալներն ու հանձնաժողովների նախագահները։ Ցանկի հաստատումից 1 տարի անց վերը նշված ռիսկային պաշտոնյաների ստուգման արդյունքները դեռևս հրապարակված չեն։

Այնուհանդերձ, ԿԿՀ-ն այժմ էլ հնարավորություն ունի ստուգելու հնարավոր անհամատեղելիության ու ունեցած բաժնեմասը հավատարմագրային կառավարման չհանձնելու այս հնարավոր դեպքը։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել