Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ

Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է երկու մարդ։ Եվս երեք հոգի հոսպիտալացվել է, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

«Դեկտեմբերի 1-ին, ժամը 11:42-ին ահազանգ է ստացվել, որ Հոռոմ-Բենիամին ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 109-րդ կմ-ին բախվել են, BMW (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1982 թ.), Ford (վարորդ՝ Վ․ Կ․, ծնված 1989 թ.) և Mercedes-Benz (վարորդ` Գ. Ս., ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները. վերջինիս վարորդը և ուղևոր Ի․ Հ․-ն (ծնված 1977 թ.) տեղում մահացել են»,- ասված է հաղորդագրությունում։

Ford-ի վարորդն ու Mercedes-Benz-ի ուղևոր հոսպիտալացվել են։ Վերջինիս առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, Ford-ի վարորդինը՝ միջին ծանրության։ Փրկարար ծառայությունը տեղեկություն է ստացել նաև, որ BMW-ի վարորդը հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ։

Oգոստոսի 14-ին ժամը 00:27-ին կրկին Երևան-Գյումրի ճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել էր 11 մարդ։ Վթարի մասնակից «Զիլ» տրանսպորտային միջոցը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի ուղեմաս և բախվել «Վոլկսվագեն»-ին։

Մեկնաբանել