Նոյեմբերի 30-ին 100 տարեկանում կյանքից հեռացավ ամերիկացի նշանավոր դիվանագետ, նախկին պետքարտուղար և հռչակավոր պատմաբան Հենրի Քիսինջերը։ The Economist-ը վերլուծում է քիսինջերյան դիվանագիտության կարևորությունն այսօրվա տեսանկյունից։
Հենրի Քիսինջերը, որն այդքան անխոնջ քարոզում էր իր սեփական տեսակետները, զարմանալիորեն մնում է սխալ հասկացված: Շատերը նրան համարում են Ամերիկան արատավորող անբարոյական ռեալիզմի գլխավոր մարմնավորում: Իհարկե, ինչպես ցանկացած դիվանագետ, նա ստում էր իր երկրի համար (երբեմն նաև իր համար): Ավելի մտահոգիչ էր, որ նա պատրաստ էր տասնյակ հազարավոր մարդկանց սպանություն հանդուրժել, եթե կարծում էր, որ դա բխում է ազգային շահից: Այնուամենայնիվ, պարոն Քիսինջերին, որն այս շաբաթ հեռացավ կյանքի հարյուրերորդ տարում, առանձնահատուկ էր ոչ միայն ռեալպոլիտիկը, այլև այն, որ դիվանագիտության նրա խաղը ևս իդեալիզմով ավարտվեց: Սա ոճ է, որն այսօր էլ արժեքավոր դասեր է պարունակում:
Բայդենի Սպիտակ տան ապագա Քիսինջերները (իսկ նրանք կան) առերեսվում են բարդագույն մարտահրավերների: Չինաստանի և Ամերիկայի միջև մրցակցությունը գնալով ավելի թունավոր է դառնում։ Ուկրաինայում և Գազայում արյունալի պատերազմներ են մոլեգնում։ Քաղաքական պառակտումները խարխլում են արևմտյան ժողովրդավարությունները: Դժվար լուծելի գլոբալ խնդիրները, ինչպիսիք են կլիմայի փոփոխության զսպումն ու արհեստական բանականության ռիսկերի նվազեցումը, կուտակվում են:
Ապրիլին The Economist-ի հետ հարցազրույցում թվում էր՝ Քիսինջերն ինքը նույնպես շվարած էր: Բայց նրա գլխավոր ասելիքը շոշափում էր սեփական իդեալիզմի հիմքերը: Նա ասում էր՝ իր կյանքի աշխատանքը նվիրված է եղել 1914-18 և 1939-45 թվականների պատերազմների կրկնությունը կանխելուն, որոնք խորտակել էին աշխարհի մեծ մասն ու իր մանկությունը Գերմանիայում: Այսօր դա նշանակում է Չինաստանի և Ամերիկայի միջև խաղաղության պահպանում։
Նրա մեթոդը դեռ փորձաքննության մեջ է։ Այն սկսվում է սթափ վերլուծությունից։ Կյանքի վերջին տարիներին պարոն Քիսինջերին հաճախ էին քննադատում Չինաստանի նկատմամբ մեղմ վերաբերմունքի համար: Սակայն նրա մտահոգ էր՝ վանելու այն մտածողությունը, որն Ամերիկան ներկայացնում էր որպես խոյացող մի ուժի, ինչպիսին ընդարձակման տենչող Կայզերական Գերմանիան էր: Չինաստանը, հակադարձում էր նա, կանոնների վրա հիմնված աշխարհակարգը դիտարկում էր որպես Ամերիկայի կանոններ և ամերիկյան աշխարհակարգ: Չինաստանն այդ աշխարհակարգը ոչ թե առհասարակ տապալել, այլ դրանում հարմարվելու տեղ էր ուզում:
Սթափ վերլուծությունը տանում է պարոն Քիսինջերի հաջորդ բաղադրատոմսին՝ ապրել և թույլ տալ ապրել: Հիմնվելով 19-րդ դարի եվրոպական դիվանագիտության իր ուսումնասիրության վրա՝ նա պնդում էր, որ կայունությունը պետություններից պահանջում է հանդուրժողականություն միմյանց տարբերությունների նկատմամբ: Խաղաղությանը հիմնական սպառնալիքը գալիս է ոչ թե ռեալիստներից, կարծում էր նա, այլ մոլեռանդներից ու դավանափոխության մարտիկներից, որոնք մշտապես շտապում են դատապարտել և փոփոխություն են պահանջում սկզբունքային կետում: Ահա թե ինչու պարոն Քիսինջերը խորհուրդ էր տալիս, որ Չինաստանն ու Ամերիկան սկզբում հանգիստ խոսեն վստահություն ձևավորելու շուրջ և խուսափեն այնպիսի խնդիրներից, ինչպիսիք են առևտուրը և Թայվանը, որտեղ տարաձայնություններն անհաղթահարելի են:
Պարոն Քիսինջերի վերլուծությունն ու հանդուրժողականությունը ամրապնդվում են նրա ռազմական զսպման կոչով: Չինաստանի վերաբերյալ Ամերիկայի գնահատականը, հնարավոր է, սխալ է կամ հնացած: Համակեցության փորձը կարող է տապալվել: Եթե իրոք այդպես է, ապա այն, ինչի վրա ի վերջո հենվում է խաղաղությունը, պատերազմի սպառնալիքն է և այն կյանքի կոչելու պատրաստակամությունը:
Բազմաթիվ քննադատներ Քիսինջերին պատասխանատու են համարում 1970-ականներին Կամբոջայում և Բանգլադեշում տեղի ունեցած սպանությունների, ինչպես նաև ընտրված կառավարությունների տապալմանն օժանդակելու համար: Նա հակադարձում էր, որ ոչինչ չի կարող լինել ավելին, քան Ամերիկայի և Խորհրդային Միության միջև խաղաղությունն է։ Արմատական ու անընկալելի մոտեցում է, որ նա իրագործում էր անհրաժեշտությունից դրդված։ Բայցևայնպես, ինչպես ցույց է տալիս աշխարհի արձագանքն Իսրայելի հարվածներին Գազայում, կայունության որոնումներում մարդկային կյանքեր զոհաբերելու նրա պատրաստակամությունը, հավանաբար, այսօր անհանդուրժելի կհամարվեր:
Այլ առումներով ևս քիսինջերյան դիվանագիտությունն այժմ ավելի դժվար կլիներ, քան այն ժամանակ, երբ որպես պետքարտուղար նա մաքոքային այցերով շրջում էր Մերձավոր Արևելքում: Անդրկուլիսյան գաղտնի հանդիպումներն այսօր սպրդում են TikTok: Աշխարհում հնարավոր չէ այդքան հեշտ կարգ հաստատել, մի բան, որ ստացվում էր Խորհրդային Միության և Ամերիկայի դաշնակիցների ու հաճախորդների հիերարխիայում: Աշխարհն այլևս բազմաբևեռ է: Այնուամենայնիվ, ցավալի կլինի, եթե պարոն Քիսինջերի դիվանագիտության տեսլականը ևս մեռնի նրա հետ: Այսօրվա վտանգավոր աշխարհին խիստ անհրաժեշտ է շահերի, արժեքների և ուժի կիրառման նուրբ փոխազդեցությունների նրա ըմբռնումը: Կայունության որոնումները պետք է շարունակվեն առանց նրա:
Թարգմանությունը՝ Կարեն Հարությունյանի