«Տղերքը մահացան բարդակի պատճառով»․ Ազատ գյուղի կացարանում զոհված զինվորների գործով նիստը

«Լա՞յվ եք, նկարո՞ւմ եք․ նկարեք, թող բոլորը լսեն՝ ինչ ա եղել»,- Ազատ գյուղում զինծառայողների մահվան գործով դեկտեմբերի 1-ի դատական նիստը լուսաբանող երկու լրատվամիջոցին՝ ՍիվիլՆեթին ու Ազատությանը, դիմում էին մահացած զինվորների ծնողները։

Հերթական նիստը մեկնարկեց կեսօրին, անընդմեջ ընդհատվում էր, որովհետև կրքերը ոչ մի կերպ չէին հանդարտվում։ Ծնողները զայրացած սկսեցին բղավել, երբ դատարան բերեցին կալանավորված ամբաստանյալներից Եղիշե Հակոբյանին։ Նա հենց այն կապիտանն է, որը, ըստ մեղադրանքի, 2023-ի հունվարի 19-ի գիշերը Ազատ գյուղում գտնվող զորանոցում խախտել է ավտոբենզինի հետ վարվելու կանոնը, ինչի հետևանքով կացարանում հրդեհ է բռնկվել ու զոհվել են 15 զինծառայողներ, մյուսները մարմնական վնասվածքներ ստացել։

Ամբողջ դատաքննության ընթացքում ծնողների շրջանում նկատելի էր քննության հանդեպ անվստահությունը։

«Քաղաքացի դատավոր, ես կարևոր բան ունեմ ասելու»,- տեղից հայտարարեց մահացած զինծառայողներից Արամ Մանուկյանի պապն ու դիմեց դատավոր Վարդան Հարությունյանին, նախագահողը ձայնի իրավունք տվեց․ «Էդ օրը եկել են, տեսել են, որ երեխեքը մահացած են, հրաման են ստացել, որ բենզինը լցնեն ու վառեն։ Դա է եղել»,- վրդովված ասում էր մահացած զինվորի պապը՝ հաստատելով այն պնդումը, թե այնքան խորն է եղել նախաքննության հանդեպ անվստահությունը, որ ծնողները սկսել են սեփական քննությունը՝ հերքելով կամ հաստատելով վարկածներ։

Այս նիստին պարբերաբար լսվում էր «բարդակ» արտահայտությունը։ Ծնողները պատմեցին, որ ծառայության ընթացքում նրանց որդիները հայտնել են, թե բարձիթողի վիճակ էր այդ կացարանում․ «Տղաները մնում էին անմարդկային վիճակում, երբեմն փայտ էլ չէին տալիս, որ վառեն-տաքանան, կրակմարիչ չկար այդ կացարանում։ Մեր որդիները մահացան բարդակի պատճառով»,- հայտարարում էին ծնողները։

Մի հարց էր անընդհատ օդում էր՝ ինչո՞ւ կացարանում չկար կրակմարիչ․ «22 հատորի մեծ մասը ագնետուշիծելի (կրակմարիչ – խմբ․) մասին ա գրած։ Այն մարդը, որ պարտավոր էր այդ կացարանում ագնետուշիծել տեղադրել, մենք քննիչին ասել ենք, որ պետք է այստեղ նստած լիներ, ինչի՞ նստած չի։ Եթե հրդեհից հետո գցել էր ագնետուշիծելը այդ տարածքում, ինչի մինչև այդ չի արել»։

«Այս գործը դատախազությունը տապալել է»․ փաստաբանը՝ դատախազներին

Կացարանի հրդեհի գործով բացի Եղիշե Հակոբյանից, մեղադրանք է առաջադրվել նաև զորամասի թիկունքի պետի հրամանատարի տեղակալ Գոռ Աղեկյանին, կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների պետ Մառլեն Սարգսյանին, զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գոռ Մարգարյանին, ինչպես նաև ինժեներական ծառայության պետ Տիգրան Ղազարյանին։

Նիստին հանրային մեղադրանքի կողմին բացարկ հայտնեց ամբաստանյալներից Մառլեն Սարգսյանը, նրան միացավ նաև տուժող կողմը։

Տուժողների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը հայտնեց, թե գործի քննությունը քննիչը սխալ է իրականացրել, այդ մասին բազմիցս հայտնել են դատախազին, սակայն հանրային մեղադրանքի կողմը այդ քննիչին վարույթից հեռացրել է քննությունը ավարտելուց հետո։

«Առաջին անգամ չէ, որ տուժող կողմը դժգոհություն է հայտնել հանրային մեղադրանքին։ Տուժող կողմը չի վստահել ու չի վստահում հանրային մեղադրանքի կողմին։ Տուժող կողմի ամբողջական դիրքորոշումը հետևյալն է՝ դատախազությունը ոչ միայն չկարողացավ այս քրեական գործի շրջանակում լինել իր բարձունքի վրա, այլ առնվազն այս գործով դատախազությունը տապալել է գործի իր պարտականությունների կատարումը»,- հայտարարեց Նորիկյանը՝ հավելելով, որ այդ հանգամանքների լույսի ներքո տուժող կողմը միանում է Սարգսյանի միջնորդությանը։

«Անվստահությունն այս գործով գագաթնակետին է հասած։ Պարոն Մարտիրոսյան (հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանին դիմեց պաշտպանը – խմբ․), ես դատարանի թույլտվությամբ փոխանցում եմ հետևյալը՝ դուք անելիք չունեք այս քրեական գործով, դուք չկարողացաք կամ չուզեցիք, իսկ տուժողների համոզմամբ՝ նաև ծածկադմփոց իրականացրիք այս քրեական գործի շրջանակում։ Ես անձամբ եմ զգուշացրել, որ այդ քննիչը գործ չունի այս գործում, այս անվստահությունը մի օրում չի առաջացել, այդ սխալները փնտրեք ձեր մեջ, ձեր տասն ամսվա քննության մեջ»,- նշեց փաստաբանը։

Ամբաստանյալ Մառլեն Սարգսյանը դատարանում հայտարարեց, թե նախաքննության փուլում քննիչն ու դատախազը գործը կոծկել են․ «Ինձ զոհ տալով՝ նպատակ են հետապնդել որոշ անձանց զերծ պահել պատասխանատվությունից։ Ես ողբերգության հետ առնչություն չունեմ։ Բացի այդ, միջնորդում եմ, որ Եղիշե Հակոբյանին առանձին նստացնեն ինձնից, տեղափոխեն առանձին մեքենայով»,- ասաց ամբաստանյալը։

Մեղադրող դատախազ Արշակ Մարտիրոսյանը հայտարարեց, որ քննիչին բացարձակապես պաշտպանելու խնդիր չի ունեցել։

Հանրային մյուս մեղադրող Գոհար Ադոնցն ասաց, որ ամբաստանյալի կողմից որևէ իրավական հիմք չի ներկայացվել, ըստ նրա՝ քննիչին վարույթից հեռացնելը առնչվում է ողջամիտ ժամկետում քննություն չիրականացնելու հանգամանքին։ Հանրային մեղադրանքի կողմը առարկեց միջնորդության դեմ։

Դատարանը, լսելով կողմերին, որոշեց մերժել միջնորդությունը։

Մեկնաբանել