Վրաստանը փակում է զինծառայությունից տարկետման բացերը

Շոթա Կինչա, OC Media

Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը փոփոխել է երկրի Պաշտպանության օրենսգիրքը՝ փակելով այն բացերը, որոնք թույլ էին տալիս համոզմունքների հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին և արտերկրում սովորող ուսանողներին տարկետում ստանալ:

Հինգշաբթի ընդունված փոփոխությունները լրիվ դրույքով հեռակա ուսանողների համար չեղարկում են զինվորական ծառայությունից տարկետումը և բարդացնում են համոզմունքներիի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների ծառայությունն անմիջապես հետաձգելու գործընթացը:

Սա տեղի է ունենում սեպտեմբերին նոր Պաշտպանության օրենսգրքի ներդրումից հետո, որով վերացվում են բացառությունները բոլոր հոգևորականների համար, բացառությամբ ուղղափառ քահանաների:

Նախկինում զորակոչային հանձնաժողովի՝ զինվորական ծառայությունից կամ այլընտրանքային ծառայությունից ազատելու մերժման իրավական վիճարկումը կարող էր ժամանակավորապես դադարեցնել անձի զորակոչումը: Նոր կանոնների համաձայն, սակայն, իրավական վիճարկումը չի խոչընդոտում անձին զորակոչմանը, քանի դեռ դատարանը որոշում չի կայացրել նրա օգտին՝ գործընթաց, որ կարող է տևել մինչև քսան օր: Իրավապաշտպանները զգուշացնում են, որ գործընթացը կարող է, ըստ էության, էապես ավելի երկար տևել՝ դատարանների ծանրաբեռնվածության պատճառով:

Վրաստանի 18-ից 27 տարեկան արական սեռի քաղաքացիները պարտավոր են զինվորական ծառայություն անցնել, որի ընթացքում նրանք ստանում են ամսական թոշակ՝ 5-ից 52 լարի (1-19 դոլար)՝ սկսած 2020-ից։

Զորակոչիկները զորակոչի ծանուցագիրը ստանալուց հետո տասը օրվա ընթացքում պարտավոր են ընտրել երեք տարբերակներից մեկը՝ կրտսեր սպաների վերապատրաստման երկամյա ծրագիր, ուսանողների վերապատրաստման քառամյա ծրագիր կամ վեց, ութ կամ տասնմեկ ամիս տևողությամբ կես դրույքով զինվորական ծառայության սխեմա։

Թեև «ակտիվ» ուսանողները ուսման ընթացքում տարկետում ունեն զինվորական ծառայությունից, փոփոխությունները սահմանում են, որ Վրաստանում բնակվելու ընթացքում հեռակա ուսուցմամբ զբաղվող ուսանողներն այլևս չեն օգտվի այդ իրավունքից: «Ակտիվ» ուսանող այժմ կհամարվեն նրանք, ովքեր սովորում են Վրաստանում, հիբրիդային ուսուցման մեջ են կամ ուսանում են արտասահմանում:

Նախկինում «ակտիվ ուսանող» եզրույթն օգտագործվում էր ներկայում սովորողներին զատելու նրանցից, ում ուսումը դադարեցվել էր՝ վատ սովորելու, իսկ ավելի հաճախ ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով:

Վրաստանի պաշտպանության փոխնախարար Գրիգոլ Գիորգաձեն խորհրդարանական լսումների ժամանակ ասել է, որ փոփոխության նպատակն է վրաստանյան բուհերին թույլ չտալ հեռավար ուսուցման կրթական ծրագրեր առաջ քաշել զորակոչից խուսափողների համար:

Չնայած ընդդիմադիր մի քանի պատգամավորների, այդ թվում՝ Բարեփոխումների խորհրդարանական խմբի ներկայացուցիչ Թեոնա Ակուբարդիայի և «Գիրչի – Նոր քաղաքական կենտրոնի» անդամների առարկություններին՝ փոփոխություններն ընդունվեցին հրատապ կարգով՝ պարտադիր երեք արագընթաց լսումներով, որոնց քվեարկությունն ավարտվեց երկու օրում:

Սեպտեմբերին ընդունված Պաշտպանական օրենսգիրքը արժանանում է իրավապաշտպանների քննադատությանը, քանի որ այն վերացնում է հոգևորականների համար զինվորական ծառայության բացառությունները՝ բացառությամբ ուղղափառ քահանաների, որոնք պահպանում են արտոնությունը պետության և Վրաց ուղղափառ եկեղեցու միջև 2002-ի սահմանադրական համաձայնագրի համաձայն:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը վերջին տարիներին բացահայտ խոսում էր Պաշտպանական օրենսգիրքը փոփոխելու իր մտադրության մասին՝ փակելու այն բացը, որը թույլ էր տալիս տասնյակ հազարավոր մարդկանց խուսափել զորակոչից՝ գրանցվելով որպես «քահանա» Քրիստոնեական ավետարանական բողոքական աստվածաշնչյան ազատության եկեղեցում: Այս եկեղեցին մտացածին կրոնական կազմակերպություն է, որը 2017-ին ստեղծել է ազատական «Գիրչի» կուսակցությունը՝ նպատակ ունենալով երիտասարդներին զորակոչից խուսափելու հնարավորություն տալ։

Վրաստանցի երիտասարդներից շատերն էլ, որոնք փորձում են օրինական ճանապարհով վիճարկել իրենց զորակոչը, առերեսվում են այն հեռանկարին, որ ուսանողի իրենց կարգավիճակը կասեցվել է ուսման վարձը վճարելու անկարողության պատճառով:

Վրաստանում փոփոխություններ են կատարվել նաև «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում՝ պետությանը թույլ տալով մշակել քաղաքացիների՝ կրոնական պատկանելության վերաբերյալ անձնական տվյալները։

Մեկնաբանել