Բաքվի դատարանում մեկնարկել է գերեվարված հայ պահեստազորային զինծառայող Գագիկ Ոսկանյանի գործով դատավարությունը, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը։
Ադրբեջանական կողմը նշում, թե իբր Գագիկ Ոսկանյանը «ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով դիվերսիոն-հետախուզական խմբով» Քելբաջարի շրջանում խախտել է Ադրբեջանի պետական սահմանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։
2023-ի օգոստոսի 16-ին Հայաստանի ՊՆ-ն հայտարարել էր, որ վարժական հավաքի մասնակիցն ինքնակամ լքել է դիրքը։ Նույն օրը Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել էր հայ զինծառայողի ձերբակալության մասին և Հայաստանին մեղադրել դիվերսիոն ներթափանցման փորձ կատարելու համար։ Այնուհետև պարզվել էր, որ Ադրբեջանի կողմից ձերբակալված հայ զինծառայողը դիրքը լքած պահեստազորայինն է։
Գերեվարված Գագիկ Ոսկանյանի գործով հայկական կողմը դիմել է Եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով:
Նոյեմբերի 7-ին Բաքվի դատարանը Լաչինի միջանցքից առևանգված Վագիֆ Խաչատրյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման։ Նրան նույնպես շինծու մեղադրանքներ են առաջադրել՝ իբր ԼՂ առաջին պատերազմի ժամանակ «ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանական գործողությունների մասնակցելու համար»։ Ադրբեջանը Վագիֆ Խաչատրյանին առևանգել էր հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետից։ Նա Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանավորության տակ էր գտնվում և բուժման նպատակով տեղափոխվում էր Հայաստան։
Ադրբեջանական գերության մեջ է գտնվում շուրջ հինգ տասնյակ հայ զինծառայող և քաղաքացիական անձ, որոնք հաստատվել են Բաքվի կողմից։ Հայ իրավապաշտպանները, սակայն հավաստիացնում են, որ գերության մեջ է 80-ից ավելի անձ։
Ադրբեջանն առևանգել ու շինծու մեղադրանքներ է ներկայացրել նաև Արցախի 8 ներկա ու նախկին պաշտոնյաներին՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին։