Ադրբեջանը դեռ չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի վերջին առաջարկներին

Ադրբեջանը դեռևս չի արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի վերջին առաջարկներին։ Այդ մասին դեկտեմբերի 4-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։

Նոյեմբերի 21-ին հայկական կողմը Ադրբեջանին էր փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր 6-րդ առաջարկը։

***

Հոկտեմբերի 30-ին ԱԺ-ում 2024-ի պետական բյուջեի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են։ Եթե կողմերը մնում են հավատարիմ այդ համաձայնեցված սկզբունքներին, խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական»։

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն էլ ասել էր, թե Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի ո՞ր հարցերում տարաձայնություններ ունեն։

«Մեզ համար շարունակում է սկզբունքային մնալ սահմանագծի հստակեցման հարցը։ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավոր փաստաթղթի անկյունաքարը պետք է լինի 2 երկրների միջև սահմանագծի ամրագրումը։ Կարևոր հարցերից է մնում նաև ապաշրջափակման գործընթացի չորս սկզբունքների արձանագրումը, որոնք նաև արձանագրված են Գրանադայի հայտարարության մեջ։ Կարևոր է լինելու նաև վեճերի կարգավորման հստակ մեխանիզմի ստեղծումը»,- նշել էր Կոստանյանը։

Մեկնաբանել