Մանկական աղքատության ամենաբարձր ցուցանիշը՝ Շիրակում

Լիա Ավագյան

2022-ին Հայաստանում մանկական աղքատության ամենաբարձր մակարդակը եղել է Շիրակի մարզում՝ 53,2%, համեմատաբար ցածր մակարդակ Սյունիքում է՝ 8,5%։ Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2023» զեկույցից։

Մանկական աղքատություն

Զեկույցը ընդգրկում է 2022-ի տվյալները, որոնք ցույց են տալիս մանկական աղքատության թվերն ըստ սեռի․

Հայաստանում աղքատ է աղջիկների՝ 32,7% և տղաների՝ 31,9%-ը, իսկ ծայրահեղ աղքատությունը և՛ տղաների, և՛ աղջիկների շրջանում կազմել է 1,9%։ 2022-ին մանկական աղքատության ամենաբարձր մակարդակը եղել է Շիրակի մարզում՝ 53,2%, բարձր մակարդակ է նաև Արմավիրի մարզում՝ 50,4% և Գեղարքունիքում՝ 43,7%։ Համեմատաբար ցածր մակարդակ է դիտվել Սյունիքի մարզում՝ 8,5%։ Ծայրահեղ աղքատության ամենաբարձր մակարդակը դիտվել է Շիրակի և Գեղարքունիքի մարզերում՝ համապատասխանաբար 5,7% և 4,7%։

Բազմանդամ և երեխաներ ունեցող տնային տնտեսույթուններում աղքատ լինելու հավանականությունը ավելի մեծ է։ Հայաստանում աղքատ է 0-5 տարեկան երեխաների 32,3%, 6-9 տարեկանների՝ 30,0%-ը։ Աղքատ է յոթ և ավելի ընտանիքի անդամ ունեցողների 44,4%-ը, ծայրահեղ աղքատ՝ 3,2%-ը։ Հայաստանում աղքատ է մինչև վեց տարեկան երեք և ավելի երեխա ունեցողների 50,4%-ը, ծայրահեղ աղքատ՝ 8,8%-ը։

Աղքատությունը և կրթությունը

Աղքատության վրա ազդող կարևոր գործոններից է աշխատանքի առկայությունը կամ բացակայությունը։ Հատկապես աշխատանքի բացակայության պարագայում մեծանում է աղքատ կամ ծայրահեղ աղքատ լինելու հավանականությունը։

Հայաստանում տարրական կամ ցածր կրթություն ստացածների 35,1%-ը աղքատ է, 5,2%-ը՝ ծայրահեղ աղքատ։ Թերի միջնակարգ կրթություն ստացածների 33,7%-ն է աղքատ, ծայրահեղ աղքատ՝ 3,1%-ը։ Միջնակարգ մասնագիտական կրթություն ստացածների 19․4%-ն է աղքատ, բարձրագույն կրթություն ունեցողների՝ 14,9%-ը, ծայրահեղ աղքատ՝ 0,2%-ը։

2022-ին Հայաստանում աղքատության մակարդակը՝ հաշվարկված ըստ աղքատության միջին գծի, կազմել է 24,8%՝ նախորդ տարվա 26,5%-ի համեմատ և նվազել 1,7 տոկոսային կետով, իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 1,2%` նախորդ տարվա 1,5%-ի համեմատ նվազելով 0,3 տոկոսային կետով։

2022-ին ծայրահեղ աղքատ կամ թերսնված են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից, որը կազմել է 29 934 դրամ։ Աղքատ են նրանք, ում ամսական սպառումը ցածր է աղքատության միջին գծից, որը կազմել է 52 883 դրամ կամ 121,4 $: Ընտանիքների 2%-ը նշել է, որ ունի սննդի ապահովման խնդիր, 11%-ը՝ բնակարանային հիմնահարց, 2,3%-ը՝ երեխաներին բավարար կրթությամբ ապահովելու խնդիր։

Կարդացեք նաև՝ Հայաստանում աղքատությունը նվազել է 1,7 տոկոսային կետով

Մեկնաբանել