Սահմանին սադրանքներ իրականացնելով Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել խաղաղության գործընթացը․ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կրակոցից զինծառայողի զոհվելու դեպքի առնչությամբ։ ԱԳՆ-ից նշում են, որ սահմանին սադրանքներ իրականացնելով ադրբեջանական կողմը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը և այն մտցնել փակուղի։

«Սահմանին նման սադրանքներ իրականացնելով, ինչպես նաև տարբեր միջազգային դերակատարների՝ բանակցությունները շարունակելու առաջարկները շարունակա բար մերժելով՝ ադրբեջանական կողմը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը և այն մտցնել փակուղի։ Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի՝ նոր էսկալացիա հրահրելու, խաղաղության գործընթացը ձգձգելու և այն փակուղի մտցնելու նպատակ ունեցող այս գործողությունները»,- ասված է հայտարարությունում։

Դեկտեմբերի 4-ին պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային մահացու վիրավորում էր ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։

Մեկնաբանել