ՔՊ-ական պատգամավորները մանիպուլացնում են Ալավերդիի ավագանիում գործընթացները մեկնաբանելիս

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

Ալավերդի համայքնի ավագանու 27 անդամից 14-ը դեկտեմբերի 5-ին գաղտնի քվեարկությամբ անվստահություն հայտնեցին համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին։

«Ապրելու երկիր» կուսակցությունից համայնքապետ Թամազյանին անվստահության հայտնելու գործընթացը նախաձեռնել էին Ալավերդիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները։

Քաղաքացիական պայմանագրի մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում՝ պատգամավորներ, վերջին օրերին հայտարարություններ են տարածում՝ պնդելով, թե Արկադի Թամազյանին չեն վստահում անգամ իր խմբակցության անդամները, որոնք շաբաթներ առաջ էին համայնքապետին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել։

Նմանաբովանդակ գրառմամբ ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը. «Այսպիսով ստացվում է, որ Արկադի Թամազյանին պաշտոնանկ անելու նախագծի տակ ստորագրել են ավագանու 27 անդամներից 23-ը, այսինքն՝ Թամազյանին վստահում է ավագանու միայն 4 անդամ՝ այդ թվում հենց ինքը Թամազյանը»։

Իսկ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը դեկտեմբերի 5-ին ԱԺ ամբիոնից, փորձելով արդարացնել Ալավերդիում տեղի ունեցածը՝ նույն հայտարարությունն արեց.«…Էլ չեմ ասում, որ սրանից մի երկու ամիս առաջ էլ իրենց խմբակցության («Ապրելու երկիր»-խմբ.) հենց ինը հոգի էր նախաձեռնել այդ նույն մարդուն անվստահություն հայտնելու հարցը։ Այսպիսով՝ իրենց անվստահություն հայտնող ավագանիների թիվը 27-ի մեջ դարձնելով 23 փաստացի»։

2022-ի սեպտեմբերի 25-ի Ալավերդիում անցկացված ընտրություններին ավագանու հավասար՝ 13-ական մանդատ էին ստացել «Քաղաքացիական պայմանագիրը» և «Ապրելու երկիրը»՝ չհաղթահարելով 50 տոկոսի շեմը: «Ապրելու երկիրը» կոալիցիա էր կազմել ընդամենը մեկ մանդատ ստացած «Հայ ազգային կոնգրես» կուսակցության (ՀԱԿ) հետ, և ավագանին քաղաքապետ էր ընտրել «Ապրելու երկրի» անդամ Արկադի Թամազյանին։ 2023-ի հուլիսի 28-ից սկսած ՔՊ խմբակցությունը, չմասնակցելով ավագանու նիստերին, քվորում չի ապահովում և տապալում է դրանք։

Ինչո՞ւ էր «Ապրելու երկիրը» համայնքապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել

Ալավերդիի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամները 2023-ի հոկտեմբերին իսկապես նախաձեռնել էին համայնքապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Սակայն շարժառիթն այլ էր։ «Ապրելու երկիրն» իր համայնքապետի վստահության հարցը դրել էր՝ հասկանալով, որ ՔՊ-ն դեռ բավարար ձայն չուներ նրան անվստահություն հայտնելու համար։ Եթե ավագանին, ըստ ՏԻՄ օրենքի (հոդված 68), չի կարողանում անվստահություն հայտնել համայնքապետին, ապա այդ նույն՝ անվստահություն հայտնելու հարցը առնվազն մեկ տարի չի կարող նորից բերվել օրակարգ։

Ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Անահիտ Բադալյանը, որը գործընթացը նախաձեռնողներից մեկն էր, ՍիվիլՆեթի հետ զրույցում մանրամասնեց դրդապատճառները։ Բադալյանը նշեց, որ իրենք տեղեկություններ ունեին, որ ՔՊ-ն աշխատանքներ է տանում անվստահության գործընթաց սկսելու համար։ ՔՊ-ին արդեն հաջողվել էր իր կողմը գրավել «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Սիմոն Զախարովին (վերջինս դեկտեմբերի 5-ին մասնակցեց ՔՊ-ի նախաձեռնած նիստին և կողմ քվեարկեց Թամազյանին անվստահություն հայտնելուն)։

«Մենք զգացինք, որ իր հետևից ընկած էին […], մտածում էինք, որ պետք է անվստահություն հայտնեն իրենք, ասացինք՝ ավելի լավ է հաջորդ թեկնածուն մեզնից լինի, ընդամենը դա։ Ոչ թե իր աշխատանքներն էինք մենք նսեմացնում, այլ գիտեինք, որ իրենք (ՔՊ-ն-խմբ.) դա անելու են, ասում էինք՝ գոնե հաջորդ թեկնածուն մեր կուսակցությունից լինի»,- նշում է Անահիտ Բադալյանը։

Ինչպես նշեցինք, «Ապրելու երկրի» նախաձեռնած գործընթացը տեղի չէր ունեցել, քանի որ նիստին չէին ներկայացել ՔՊ-ի անդամները, Սիմոն Զախարովը, ինչպես նաև «Ապրելու երկրից» երկու անդամ, որոնք կանչվել էին զորավարժությունների։

«Ապրելու երկրի» ավագանու այլ անդամներ այսօր՝ դեկտեմբերի 5-ին, չմասնակցեցին ՔՊ-ի նախաձեռնած նիստին և քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում ընդդեմ իրականացվող գործընթացի։

Ավագանու անդամը կրկնեց, որ ոչ թե Թամազյանից են դժգոհ եղել, այլ նպատակ են ունեցել թույլ չտալ, որ ՔՊ-ն գործընթացը նախաձեռնի և իր թեկնածուին առաջ բերի, ինչպես եղավ այսօր՝ դեկտեմբերի 5-ին։

Այպիսով, ՔՊ-ական պատգամավորներ Գևորգ Պապոյանն ու Վահագն Ալեքսանյանը մոլորեցնում են՝ հայտարարելով, թե Արկադի Թամազյանին պաշտոնանկ անելու նախագծի տակ ստորագրել են ավագանու 27 անդամներից 23-ը։

Մեկնաբանել