Անուշ Պետրոսյան
Օրեր առաջ Երևանում իրարանցում էր։ Առանց այն էլ սկիզբ ու վերջ չունեցող խցանումները շատ ավելի երկար էին թվում։ Պարզվեց՝ սև ուրբաթ էր։ Քաղաքի բոլոր մոլերն ու խանութները զեղչեր էին առաջարկում, հիմնականում՝ եռօրյա։ Հետաքրքրության համար մտա քաղաքի բրենդային խանութներից մեկը։ Գանձապահի մոտ մեծ հերթ էր, որը քիչ անց վերածվեց լեզվակռվի։ Մի խումբ կանայք վիճում էին, քանի որ հայկական սովորության համաձայն հերթը խախտվել էր։
Փաստորեն հերթերը տարբեր են լինում։ Ակամա հիշեցի, թե ամիսներ առաջ հացի համար ինչ երկարաշունչ հերթեր էին շրջափակված Արցախում։ Հագուստի հերթի և հացի հերթի կռիվները ևս նույնը չեն։ Ստեփանակերտում մարդիկ գիշերը հերթ էին կանգնում, որ առավոտյան վերցնեն 200 գրամանոց անալի ու անհասկանալի ծագման ալյուրով մեկ հատ հաց, այն էլ եթե բախտը ժպտար, կամ գոնե հացթուխը ծանոթ դուրս գար։ Ավելորդ է խոսել կոնֆետների, մրգերի կամ այդ ժամանակ երազ դարձած մյուս ճոխությունների մասին։
Մարդիկ հաճախ հացի հերթից հեռանում էին ձեռնունայն ու հիասթափված։ Անզորության զգացումից մարդիկ պարզապես պատռում էին չարաբաստիկ կտրոնները, որոնց մեծ մասն այդպես էլ մնաց որպես թղթի կտոր։ Հետագայում այդ անիմաստ կտրոնները պետք է դառնային Արցախից բերված և պատմություն դարձած ևս մեկ հուշ։
Այդ օրերին անընդհատ մտածում էի, թե ինչ պատասխան են տալիս իրենց երեխաներին առանց հացի, հուսահատ տուն վերադարձած ծնողները։ Հետո գտա այդ հարցի պատասխանը։ Երեխաներն ամեն ինչ էլ հասկանում էին, մեծերի պես համբերում ու դիմանում։ Արցախի երեխաների մանկությունը վաղուց արդեն խիստ տարբերվում էր աշխարհի այլ երկրներում ապրող երեխաների մանկությունից։ Դժվար չէր մեծական հերթերում գտնել մանկական դեմքեր՝ դասերն ու խաղերը մի կողմ դրած, տարիքից շուտ ծնողներին թև ու թիկունք դարձած։
Տարիներ առաջ, երբ մեր իրականությունում պատերազմը հեռուներում մնացած երևույթ էր, սիրում էի օգտվել հագուստի կամ այլ խանութների զեղչերից։ Երևանի մոլերի խառնաշփոթն ինձ՝ Շուշիի հանգստությանը սովոր մարդուն, նույնիսկ դուր էր գալիս։ Սովորություն ունեի տարին մեկ-երկու անգամ այցելել Երևան ու, ինչպես գովազդներում են ասում, «շահավետ» գնումներ կատարել ամբողջ տարվա համար։ Անհոգ տարիներ էին։ Ցավոք, չէի պատկերացնում, թե մեզ ինչ է սպասվում մոտ ապագայում։
Չկա Արցախ, չկան հացի հերթեր․․․
Փոխարենը կան սև ուրբաթներ, բրենդային հագուստների համար մղվող պայքարներ, ճոխ խանութներ և կյանքի դառնությունը ճաշակած հազարավոր անտուն մարդիկ։
Իսկ այս անգամվա սև ուրբաթին այդ բրենդային խանութից ես այդպես էլ ոչինչ չգնեցի։ Չնայած երկրորդ անգամ տարհանվելուց հետո նոր քաղաքում նոր կյանք սկսած մարդուն մատչելի գնով ձեռք բերված իրերը չէին խանգարի։ Պարզապես հոգնել էի իմ կյանքում տեղի ունեցած բոլոր հերթերից ու սև գույնի հետ կապ ունեցող ամեն ինչից՝ անգամ ուրբաթներից։
Անուշ Պետրոսյանը լրագրող է՝ տեղահանված Շուշիից