Երևանի քաղաքապետարանը հերքում է տրանսպորտի թանկացման լուրը

Երևանի քաղաքապետարանը հերքում է հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին լուրը։ Քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է, որ ներկայումս նման քննարկում Երևանի քաղաքապետարանը չի դիտարկում:

«Միաժամանակ տեղեկացնեմ, որ հետագայում, միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման, տրանսպորտային ցանցի բարելավման և տեխնիկական հագեցվածության ամբողջական ապահովման պարագայում կդիտարկվեն ինչպես ուղեվարձի գնային քաղաքականությունը, այնպես էլ ուղեվարձի փաթեթային (պայմանական՝ օրական, շաբաթական, ամսական և այլն) տարբերակները և սոցիալական տարբեր շերտերին առնչվող հարցեր: Ցանկացած նման նախաձեռնության վերաբերյալ (քննարկումներ, հանրային լսումներ և այլն) Երևանի քաղաքապետարանի կողմից կապահովվի պաշտոնական իրազեկում»,- գրել է Կոստանյանը։

Ավելի վաղ «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, որ Երևանի քաղաքապետարանը որոշել է առաջիկայում ավտոբուսների ուղեվարձը 100 դրամից դարձնել 150 դրամ։

Մեկնաբանել