Միացյալ Նահանգները շարունակում է Ադրբեջանի հետ շփումները, որպեսզի հորդորի նրանց խաղաղության հասնել Հայաստանի հետ։ Այդ մասին դեկտեմբերի 5-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Մենք շարունակում ենք ուղղակի շփումներն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, որպեսզի հստակեցնենք, օրինակ, Ադրբեջանի դեպքում, թե ինչ մտահոգություններ ունենք: Մեզ մտահոգում է լրագրողներին կալանավորելու վերջին միտումները։ Մենք շարունակում ենք կոչ անել նրանց հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները: Մենք նաև շարունակում ենք նրանց հետ շփումները, որպեսզի հորդորենք նրանց տևական խաղաղության հասնել Հայաստանի հետ, և մենք դրա վրա կշարունակենք կենտրոնանալ մեր դիվանագիտական շփումների ընթացքում»,- ասել է Միլլերը։
Բաքուն հրաժարվել էր նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում նախատեսված Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցել։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը՝ արձագանքելով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենի՝ Ներկայացուցիչների պալատում Լեռնային Ղարաբաղի հարցով լսումների ժամանակ արված հայտարարություններին, հայտարարել էր․ «Ջեյմս Օ’Բրայենի միակողմանի և կողմնակալ մեկնաբանությունները անհիմն և անընդունելի են։ ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումը կարող է պատճառ դառնալ, որ նա կորցնի միջնորդի իր դերը: Այս պայմաններում մենք հնարավոր չենք համարում նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում անցկացնելը»։
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը դեկտեմբերի 6-8-ը կլինի Ադրբեջանում և Ռումինիայում։ Բաքվում պաշտոնյան կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը։