Խաղաղության պայմանագրին հասնելու համար երկար ժամանակ չի պահանջվի, բայց երաշխիքներ են պետք․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարծիքով խաղաղության պայմանագրին հասնելու համար երկար ժամանակ չի պահանջվի։

«Խաղաղության պայմանագրի հարցում կողմերի միջև դեռևս չկա կոնսենսուս։ Շատ հարցեր, որ ի սկզբանե դնում էր հայկական կողմը, այլևս չկան, դուրս են եկել։ Չեմ ուզում մանրամասնել, քանի որ այն խորհրդապահական փաստաթուղթ է, սակայն խաղաղության պայմանագրին հասնելու համար երկար ժամանակ չի պահանջվի»,- դեկտեմբերի 6-ին Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում Ղարաբաղի թեմայով անցկացված կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Ալիևը։

Ըստ Ալիևի՝ փաստաթղթի աշխատանքային տարբերակը շատ ծավալուն չէ և բաղկացած է առավելագույնը 6-7 էջից։

Ադրբեջանի նախագահը միևնույն ժամանակ նշում է՝ զուտ խաղաղության պայմանագիր կնքելը բավարար չէ, անհրաժեշտ են երաշխիքներ, որ «որ չեն լինի հայկական ռևանշիստական փորձեր»։

«Իրականում խաղաղության պայմանագիրը [դեռևս] ամբողջովին չի նշանակում խաղաղություն։ Շատ երկրներ կան, որոնք ունեն միմյանց հետ ստորագրած պայմանագիր, սակայն դրանք խախտվում են։ Չենք ուզում, որ այն ձևական լինի։ Մեզ պետք են երաշխիքներ, որ չեն լինի հայկական ռևանշիստական փորձեր, քանի որ հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, և թե ինչ սադրիչ խորհուրդներ են տալիս որոշ եվրոպական մայրաքաղաքներ։ Հայկական կողմը պետք է մոռանա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին և կառուցողական լինի սահմանների դելիմիտացիայի հարցերում»,- ասել է նա։

Ալիևը բողոքել է, որ հայկական կողմը խաղաղության պայմանագրի ադրբեջանական առաջարկներին պատասխանել է 70 օր ուշացումով։

Հայկական կողմը հայտարարել է, որ սեպտեմբերին ուղարկված ադրբեջանական առաջարկներին պատասխանել է նոյեմբեր ամսին, քանի որ այդ ընթացքում՝ սեպտեմբերի 19-20-ին, Ադրբեջանն Արցախում ագրեսիա և էթնիկ զտում է իրականացրել։

***

Հոկտեմբերի 30-ին ԱԺ-ում 2024-ի պետական բյուջեի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են։ Եթե կողմերը մնում են հավատարիմ այդ համաձայնեցված սկզբունքներին, խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական»։

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն էլ ասել էր, թե Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի ո՞ր հարցերում տարաձայնություններ ունեն։

«Մեզ համար շարունակում է սկզբունքային մնալ սահմանագծի հստակեցման հարցը։ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավոր փաստաթղթի անկյունաքարը պետք է լինի 2 երկրների միջև սահմանագծի ամրագրումը։ Կարևոր հարցերից է մնում նաև ապաշրջափակման գործընթացի չորս սկզբունքների արձանագրումը, որոնք նաև արձանագրված են Գրանադայի հայտարարության մեջ։ Կարևոր է լինելու նաև վեճերի կարգավորման հստակ մեխանիզմի ստեղծումը»,- նշել էր Կոստանյանը։

Մեկնաբանել