Երևանում շրջելու մասին ադրբեջանցի փորձագետի տեսանյութը կեղծ է․ ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ կեղծ է Ադրբեջանում որպես ռազմական փորձագետ ներկայացող Թելման Գասիմովի հրապարակած տեսանյութը, որտեղ նա իբրև շրջում է Երևանի բնակելի շենքերից մեկի բակում։

«Ադրբեջանի փորձագիտական շրջանակներում որպես ռազմական փորձագետ և հայագետ ներկայացող, հայտնի և «լուրջ մասնագետ» Թելման Գասիմովի՝ դեկտեմբերի 5-ին տարածած տեսագրության վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Թելման Գասիմովը նշված տեսագրությունը ստացել է դեռևս 2017թ. նոյեմբերին երկքաղաքացի «Ա. Ք.»-ից, ով տեսագրել է շենքը, որտեղ «ծնվել և մեծացել է» Գասիմովը և ուղարկել նրան: Սակայն, Թ.Գասիմովը 6 տարի անց այդ տեսանյութի մոնտաժման եղանակով՝ տեսագրությանն ավելացնելով իր ձայնը, էժանագին քարոզչությամբ փորձում է հայ հասարակության մեջ տարածել խուճապային տրամադրություններ և դրանով իր «կշիռը» բարձրացնել ադրբեջանական լսարանում։ Ներկայացվում է 2017թ. նամակագրությունից մեկ հատված»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ազգային անվտանգության ծառայությունը հավաստիացնում է, որ օպերատիվ իրավիճակը գտնվում է լիարժեք վերահսկողության տակ:

«Կոչ ենք անում գասիմովներին՝ դուրս գալ հիվանդ երևակայություններից։ ՀՀ լրատվամիջոցներին և ազգաբնակչությանը հորդորում ենք զերծ մնալ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից տարածվող և չստուգված, հերյուրանքներ պարունակող տվյալներն ու նյութերը հրապարակելուց՝ հասարակության շրջանում անհարկի լարվածություն և խուճապ չառաջացնելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել