Լիա Ավագյան
Վաղարշապատի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ մեկ հիմնական դպրոցը վթարային է։ Շուրջ 800 աշակերտ ունեցող դպրոցում դասընթացը վախով է անցնում։ Պատերը շարժվում են, հատակը անվտանգ չէ, պատուհաններն էլ «սովետական» են։
Վթարային շենքը շահագործվում է 1969-ից․ հիմնական վերանորոգումներ չեն կատարվել այստեղ։ Որոշ սենյակներ վերանորոգվել են, տանիքն է փոխվել, սակայն շենքի վթարայնությունը չի փոխվել, ավելին՝ տարեցտարի շենքը անպիտան է դառնում։
«Ծանրաբեռնված դասարաններ ունենք, դասապրոցեսը անվտանգ կազմակերպելը գնալով բարդանում է, միջանցքներում չենք թողնում վազեն, ապակիներից փորձում ենք հեռու պահել, որովհետև ամեն րոպե վտանգավոր է։ Առաստաղը փոքր հատվածներով փլվում է, ունեցել ենք դեպք, որ երեխայի վրա է ընկել»,- ասում է դպրոցի փոխտնօրեն Գոհար Գյուլբեկյանը։
Փոխտնօրենի հետ շրջեցինք դպրոցում, տեսանք առավել վտանգավոր տեղերը․ շարժվող պատերից այն կողմ աշակերտները դասի են նստած։ Երեխաները գիտեն՝ ինչ չպետք է անել դասամիջոցին, ուսուցիչներն էլ ընդմիջում չեն անում․ հսկում են երեխաների շարժը։
«Դասամիջոցին կան կարգապահական կանոններ, որոնք մենք պահպանում ենք։ Ուսուցիչները և աշակերտական խորհրդի անդամները կանգնում են միջանցքներում և չեն թողնում, որ աշակերտները մոտենան պատուհաններին կամ վազեն»,- պատմում է 9Ա դասարանի աշակերտ Գալինա Ջահինյանը։
Դպրոցում ճաշարան չկա։ Տարրական դասարանի աշակերտները դասասենյակում են սնունդ ստանում։ Արտակարգ իրավիճակների համար ապաստարան չկա։
«Ամեն րոպե աղոթելով ենք մտնում-դուրս գալիս, որ փոքրիկների հետ հանկարծ դժբախտ դեպք չպատահի։ 1969-ի պատուհաններ են, պոլիէթիլենային տոպրակներով փակել ենք, որ տաքությունը դասարանում մնա»,- ասում է դպրոցի փոխտնօրենը։
Հայաստանի վթարային դպրոցների առյուծի բաժինը Երևանում է՝ 10 տոկոս, ամենաքիչը՝ Շիրակում՝ 0,2 տոկոս։
Ո՛չ քաղաքաշինության կոմիտեից, ո՛չ ԿԳՄՍ նախարարությունից ՍիվիլՆեթին վթարային դպրոցների վերաբերյալ հստակ պատկեր չներկայացրին։ Մասնավորապես, քաղաքաշինության կոմիտեից տեղեկացրին, որ հանրապետության դպրոցների և մանկապարտեզների տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը հավաքագրվում է։
Քաղաքաշինության կոմիտեն հղում է անում կառավարութան 2015-ի հուլիսի 23 N 797-Ն որոշմանը, որում նշվում է, որ սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում 46 դպրոց է ընգրկված, իսկ 63-ը պետբյուջեի և այլ միջոցների հաշվին է բարելավվել։
Բացի այդ, կառավարությունը իրագործում է մինչև 2026-ը 300 դպրոց, 500 մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու կամ հիմնանորոգելու ծրագիր, որում ընդգրկված է նաև Վաղարշապատի թիվ մեկ հիմնական դպրոցը։ Իսկ ի՞նչ չափորոշիչներով են ընտրվել դպրոցները։
«Կարևորում ենք, որ համաչափ բաշխվածութուն լինի, որոշման կայացման կարևոր բաղադրիչներից կրթության որակի բարելավման հարցն է, որպես երկրորդ սկզբունք՝ ընտրվել են նաև այն դպրոցները, որոնք փոքր բնակավայրերին մոտ են և հնարավորություն են տալու, որ երեխաները կարողանան մեծ դպրոցներ հաճախել։
Վերանորոգվող դպրոցների ընտրման հաջորդ ցուցանիշները սեյսմիկ անվտանգության խնդիրն է։ Սեյսմիկ անվտանգության բարելավման համատեքստում մենք մինչև 2026 թվականը կառուցելու ենք 26 դպրոց»,- ասում է ԿԳՄՍ նախարարության Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը։
Արդյոք մինչև 2026-ը նախատեսված ծրագիրը ավարտին կհասցվի՞․ կրթության նախարարությունից տեղեկացնում են, որ ծրագրի ավարտը պայմանավորված կլինի շինաշխատանքների ընթացքով։
Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ մեկ հիմնական դպրոցից բացի, Արմավիրի մարզում կան նաև այլ վթարային և խնդրահարույց դպրոցներ, որոնք չեն ընդգրկվել ծրագրում։
«Իհարկե, ծրագրի շրջանակում մարզում բոլոր խնդրահարույց դպրոցները և մանկապարտեզները ներգրավված չեն։ Մանկապարտեզների հարցը լուծելի է, իսկ դպրոցների հարցով մի փոքր այլ է վիճակը․ մասնավորապես, ոլորտային նախարարությունն էլ դեռ չի ավարտել խնդիրների քարտեզագրումը։ Խնդրահարույց դպրոցների թիվն ավելի մեծ է, քան տեղ են գտել նախատեսված կոնկրետ ծրագրերի շրջանակում»,- ասում է Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը։
Մինչև բարձր վթարայնության դպրոցները սպասում են իրենց հերթին, սեյսմիկ գոտում գտնվող Հայաստանը պետք է «փորձի» խուսափել աղետներից։