Դեկտեմբերի 5-ին Մոսկվայում հանդիպել են Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանն ու Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտը։ Հայկական կողմի հաղորդագրությունում նշվում է, որ քննարկվել են Հայաստանից արտահանվող բուսասանիտարական վերահսկման բեռների Ռուսաստան ներմուծելու գործընթացում վերջին մի քանի օրերին առաջացած խնդիրները։
«Արմեն Հայրապետյանը նշել է, որ հետևողականորեն իրականացվում են վերահսկողական բոլոր համալիր միջոցառումները՝ կանխելու համար խախտումներով բեռների մատակարարումը Ռուսաստան։ Նա երաշխավորել է արտահանվող ապրանքների բուսասանիտարական հավաստագրման առավել թափանցիկությունն ու հուսալիությունը՝ ապահովելու համար մատակարարվող արտադրանքի անվտանգությունը։ Սերգեյ Դանկվերտը վստահեցրել է, որ ՌԴ գերատեսչությունը միևնույն վերաբերմունք է դրսևորում Ռուսաստան մուտք գործող ցանկացած բուսական արտադրանքի մոնիթորինգի ժամանակ և համարժեք միջոցներ է ձեռնարկում յուրաքանչյուր հայտնաբերված խախտման համար՝ անկախ ուղարկող երկրից»,- ասված է հաղորդագրությունում։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանում կաթնամթերք արտադրող ձեռնարկությունների արտադրանքի մատակարարումները Ռուսաստան վերսկսելու խնդիրը։
Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) նոյեմբերի 29-ին հայտարարել էր, որ 2023-ին արձանագրվել է Հայաստանից ստացված ծաղկային և պտուղ-բանջարեղենային արտադրանքներում կարանտինային վնասակար օրգանիզմների հայտնաբերման 72 դեպք։ Գերատեսչությունից նշել է, որ նոյեմբերին արձանագրվել է խախտումների կտրուկ աճ. միայն նոյեմբերի 24-26-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է վարակված ծաղիկների, վարունգի, չրերի, խաղողի, ծաղկակաղամբի, լոլիկի, պղպեղի, սմբուկի, խնձորի, տանձի ներկրման 36 դեպք։
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տարօրինակ էր համարել Ռոսսելխոզնադզորի հրապարակումը․ «Մեզ համար ուղղակի տարօրինակ է, որ մեկ ամբողջ տարվա ընթացքում 35 մեքենա է հետ վերադարձվել և հետո երկու օրվա մեջ ևս 35 մեքենա է վերադարձվում, և դա այն դեպքում, երբ մենք՝ կարգավորումների, իսկ մատակարարները՝ իրենց ապրանքների որակի մեջ որևիցե փոփոխություն չեն արել»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում հրատապ խորհրդակցություն է հրավիրել Լարսի իրավիճակի վերաբերյալ։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ «որևէ Լարսի անցակետ փակելը մեր վրա չի ազդի»։ Հարությունյանի հայտարարությունը ենթադրությունների տեղիք է տվել, որ ռուսական կողմը Լարսի անցակետը փակել է կամ խոչընդոտում է հայկական բեռնատարների մուտքին քաղաքական պատճառներով։