Անի Գրիգորյան, #CivilNetCheck
2023-ի սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչության բռնի տեղահանումից հետո հարցեր հնչեցին Արցախի պետական բյուջեի միջոցների ապագայի մասին։ Անգամ խոսակցություններ տարածվեցին, թե դրանք յուրացվել են, քանի որ երկար ժամանակ չէին վճարվում թոշակները, նպաստներն ու պետաշխատողների սեպտեմբերի աշխատավարձերը։ Արցախի կառավարությունը որոշ ժամանակ պնդում էր, թե բյուջեի միջոցները սառեցված են։ Շահարկումներ եղան նաև ՀՀ-ից ԼՂ-ին հատկացված գումարների չափի մասով։
Ո՞վ էր սառեցրել ԼՂ բյուջեի միջոցները. պատասխանն անհայտ է
Արցախցիների՝ Հայաստան տեղափոխվելուց հետո որոշ ժամանակ աշխատավարձերն ու թոշակները չէին փոխանցվում, ինչը շահարկումների առիթ դարձավ, թե ԼՂ բյուջեի միջոցները յուրացվել են։
Արցախի կառավարությունը հոկտեմբերի 11-ին հանդես եկավ այս տեղեկությունների հերքումով և հայտարարեց, թե ռազմական գործողություններից հետո պետական բյուջեից կատարված ամբողջ ծախսը կազմել է շուրջ 463 միլիոն դրամ: Հայտարարության մեջ նաև նշվել էր. «ԱՀ պետական բյուջեի գանձապետական հաշիվներում շարունակում է մնալ շուրջ 3,1 միլիարդ դրամ մնացորդ, որը սառեցված է, և որևէ գործարք չի իրականացվում»:
ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը հարցում էր ուղարկել Արցախի պետնախարար Արթուր Հարությունյանին՝ փորձելով պարզել, թե ինչու և ում որոշմամբ էր սառեցվել ԼՂ բյուջեն։
Պատասխանը ստացել էինք Արցախի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից։ «ՀՀ տեղափոխվելուց հետո՝ հոկտեմբերի 3-ից ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գանձապետական հաշվից գործարքների կատարումն արդեն հնարավոր չէր, թե ում որոշմամբ՝ մեզ հայտնի չէ»,- նշված էր պատասխանում։
Նախարարությունից նաև հայտնել էին, որ հոկտեմբերի 25-ից սկսել են գանձապետական հաշիվներից Արցախի պետական բյուջեի ծախսերի իրականացումը, և վերը նշված գումարն ուղղվել է Արցախի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների սեպտեմբեր ամսվա աշխատավարձերի ֆինանսավորմանը, ինչպես նաև սեպտեմբեր ամսում չվճարված թոշակների և նպաստների վճարմանը։
#CivilNetCheck-ը հարցում էր ուղարկել նաև ՀՀ կառավարություն՝ պարզելու արդյոք վերջինիս որոշմամբ է «սառեցվել» Արցախի պետական բյուջեն։
Կառավարությունից պատասխանել էին, որ մեր կողմից բարձրացված հարցադրումներին անդրադարձել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ հոկտեմբերի 31-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Ի՞նչ էր ասել ֆինանսների նախարարը
Վահե Հովհաննիսյանը, անդրադառնալով Արցախի բյուջեի միջոցների սառեցված լինելու հարցին, նշել էր, թե ֆինանսների նախարարությունը որևէ կերպ կապ չունի այդ գործընթացի հետ։
«Ինձ համար մի քիչ հասկանալի չէ բյուջե սառեցնել հասկացությունը, որովհետև ֆինանսների նախարարությունը ԼՂ բյուջեին հասանելիություն չունի։ Դա իրենց բյուջեն է, իրենք են կառավարում իրենց բյուջեն։ ՀՀ-ն տրամադրել է վարկային միջոցներ»,- ասել էր նախարարը՝ հավելելով, որ վերջին փոխանցումը կատարվել էր 2023-ի սեպտեմբերին։
Այսպիսով, երկու կառավարությունները փաստացի հայտնում են, թե տեղյակ չեն, թե ով և ինչ նպատակով է սառեցրել Արցախի պետական բյուջեի գանձապետական հաշիվները։ Դժվար թե Արցախի պետական բյուջեի հաշիվները սառեցվեին որևէ երրորդ երկրի կողմից և հարց է առաջանում, թե երկու կառավարություններից որն է կեղծում։
2023-ին ՀՀ-ի կողմից հատկացումները Արցախին
Վահե Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր նաև, որ 2023-ին Արցախին նախատեսված գումարների մեծ մասն արդեն հատկացվել է։
«Այս տարվա համար նախատեսված ամբողջ գումարը տրամադրվել է արդեն: Կարծեմ՝ 6 մլրդ մնացորդ ունենք։ Հլը մի բան էլ ավել. մենք որոշումներ ենք կայացրել, այդ գումարն ավելացրել ենք տարվա ընթացքում, եթե հետևել եք դրան»,- նշել էր նախարարը՝ հավելելով, որ առկա մնացորդը այլևս ԼՂ-ին չի փոխանցվի, այլ կօգտագործվի արցախցիների համար ՀՀ-ի կողմից իրականացվող ծրագրերում։
Ֆինանսների նախարարությունից հարցումով խնդրեցինք տրամադրել 2023-ին Լեռնային Ղարաբաղին տրամադրված միջպետական վարկի մասին տեղեկատվություն։
Գերատեսչությունից հայտնեցին, որ 2023-ի պետական բյուջեով ի սկզբանե նախատեսվել էր տրամադրել 136 մլրդ դրամ։ Տարվա ընթացքում ճշտված պլանով գումարն ավելացել էր՝ կազմելով 156,4 մլրդ դրամ։
Այս գումարից 2023 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ փաստացի հատկացվել է շուրջ 143,3 մլրդ դրամ։

Ներկայացված տվյալներից պարզ է դառնում, որ Արցախին չփոխանցված գումարը 13,1 միլիարդ դրամ է։ Ինչպես արդեն վերևում նշեցինք, այս գումարն այլևս չի փոխանցվի ԱՀ կառավարությանը։
Ինչ վերաբերում է 2023-ին արդեն իսկ փոխանցված գումարների, ինչպես նաև Արցախի պետական բյուջեի այլ միջոցների ծախսերի արդյունավետության և դրանց յուրացման մասին շշուկներին, ապա դրան անդրադարձել էր ԱՀ պետնախարարը։ Վերջինս նոյեմբերի 10-ին Արցախի ՀԸ-ին տված հարցազրույցում հերքել էր ու կեղծ էր որակել բյուջեի միջոցների յուրացումների, ինչպես նաև չարաշահումների մասին տեղեկությունները։
«Այդ ժամանահակատվածում ինչ գումարներ է ծախսվել, ինչ ուղղությամբ, ամբողջությամբ այդ գումարները և’ գանձապետական հաշվի, և’ գանձապետական ծրագրերի միջոցով իրականացված ծախսեր են, որոնք ամբողջությամբ համապատասխանում են մեր բյուջետային համակարգի մասին օրենքի պահանջներին։ Այսինքն՝ ամբողջությամբ ծախսված գումարները, և ուղղությունները, և ստորագրությունները… չկա որևէ իրականացված ծախս, որը չի համապատասխանում օրենսդրությանը»,- հայտարարել է նախարարը՝ հավելելով, որ դրանք շատ հեշտ ստուգվող տեղեկություններ են։
#CivilNetCheck-ն ԱՀ կառավարությունից հետաքրքրվել էր՝ արդյոք ԱՀ ֆինանսների նախարարության կայքում հրապարակվելու են բյուջեի հաշվետվությունների մասին տեղեկատվությունը, քանի որ ներկայում դրանք չկան։ Տեղեկացրել են, որ ըստ ՀՀ և ԱՀ կառավարությունների պայմանավորվածության՝ ԱՀ կառավարությունը եռամսյակային կտրվածքով ՀՀ կառավարություն է ներկայացրել կատարված ծախսերի վերաբերյալ հաշվետվություն։
Սակայն կրկին անհայտ է մնում արդյոք այդ հաշվետվությունները բաց կլինեն նաև հանրության համար։