«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակողմանիորեն խզում է Գյումրիում «Բալասանյան դաշինք»-ի հետ ստորագրված համագործակցության հուշագիրը։ ՔՊ-ական համայնքապետի տեղակալներ Արթուր Պապիկյանը և Վահագն Մկրտչյանը կներկայացնեն հրաժարականի մասին դիմումներ։
«Նման որոշման պատճառն այն է, որ Գյումրին չի կառավարվում Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով և քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում, ինչը անարդյունավետ է դարձնում թե Գյումրիի քաղաքապետարանի գործունեությունը և թե «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների աշխատանքը քաղաքապետարանի գործադիր օղակներում»,- ասված է «Քաղաքացիական պայմանագրի» տարածած հայտարարությունում։
2021-ի հոկտեմբերի 17-ին Գյումրիում անցկացված ընտրություններում ամենաշատ ձայները հավաքել էր «Բալասանյան» դաշինքը, երկրորդ տեղում էր իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»։ Շեմը հաղթահարել էին նաև «Զարթոնք», ՀՀԿ և «Ապրելու երկիր» կուսակցությունները։ «Բալասանյան» դաշինքը ավագանիում ստացել էր 14 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 11, «Զարթոնք»-ը՝ 4, ՀՀԿ-ն՝ 2, «Ապրելու երկիրը»՝ 2 մանդատ։
Հոկտեմբերի 30-ին «Բալասանյան» դաշինքը համագործակցության հուշագիր էր կնքել «Քաղաքացիական պայմանագրի» հետ։ Այս հուշագրով ՔՊ-ին բաժին էր հասել փոխքաղաքապետերի պաշտոնները, իսկ քաղաքապետ էր դարձել «Բալասանյան» դաշինքի ավագանու ցուցակի առաջին համար Վարդգես Սամսոնյանը։