ՀՀ քաղաքացիները Ինդոնեզիա կկարողանան այցելել սահմանին վիզա ստանալով

Հայաստանի քաղաքացիները հնարավորություն են ստանալու Ինդոնեզիա մուտքի համար համապատասխան վիզան ստանալ այդ երկիր այցելելիս՝ սահմանային անցակետում։ Նույնը վերաբերելու է Ինդոնեզիայի քաղաքացիներին, որոնք ժամանելու են Հայաստան։ Համապատասխան որոշումը ներառված է կառավարության դեկտեմբերի 7-ի նիստի օրակարգում։

«Սահմանին վիզա ստանալու վճարը կազմում է 500,000 ինդոնեզական ռուփիա (շուրջ 30 ԱՄՆ դոլար), որով քաղաքացիները կարող են մուտք գործել երկիր 30 օրով՝ մեկ անգամ ևս 30 օրով երկարաձգելու հնարավորությամբ։ Ժամանելուն պես վիզայի դիմելու համար անհրաժեշտ է տրամադրել հետադարձի կամ այլ երկիր ճամփորդելու տոմս, ինչպես նաև անձնագրի վավերականությունը պետք է լինի առնվազն 6 ամիս՝ մինչև Ինդոնեզիայում գտնվելու նախատեսված ժամկետի ավարտը»,- նշված է որոշման հիմնավորումներում։

ՀՀ քաղաքացիների շրջանում Ինդոնեզիայի առավել հանրահայտ զբոսաշրջային ուղղություններից է համարվում Բալի կղզին։

Մեկնաբանել