«Հայասաթը» հայկական գիտությունը վերադարձրեց տիեզերք

Թերևս կրակի և լույսի կառավարման հետ համեմատվող իրադարձության հետ գործ ունենք: Մալուխից դուրս տեղեկատվության փոխադրումը, իսկ հիմա էլ մարդուց զատ բանական բազային պրոցեսների մեկնարկը մարդկությանը ևս մեկ անգամ առերեսեց իրադարձությունների հորիզոնի հետ: Մեծ լեզվական մոդելների վրա հիմնված արհեստական բանականությունը այս պահին մարդու բանականությանը ներհատուկ անուղղակի զուգորդումներից ազատ մոդելավորված արդյունքներ է գեներացնում, որոնք անհամեմատելի գործակցով գերազանցում են մարդու նույնատիպ կարողությունը:

Իհարկե այն դեռևս կամ միգուցե ընդմիշտ անկարող է անել քայլեր, որոնք իրեն կառերեսեն իրադարձությունների հորիզոնի հետ: Սակայն դեռևս հայտնի չէ, թե ինքնաուսուցանման արդյունքում թվային ինչ հորիզոնների հետ կարող է առերեսվել այդ բանականությունը: Մնալով քաղաքական վերլուծությունների տիրույթում՝ հարկ է նշել, որ սա լրջագույն մարտահրավեր է առկա կրթական համակարգին ու աշխատանքի շուկային: Ես չգիտեմ՝ ինչ կլինի այն երկրների մարդկային ռեսուրսի հետ, որոնք ցանկանում են շարունակել ռեսուրսի վրա տնտեսություն ու քաղաքականություն կառուցելը, բայց այն երկրները, որոնք արդեն իրենց տնտեսության մեջ տեխնոլոգիայի և նորարարությունների հատվածին մեծ տեղ են տալիս ու իրենց ՀՆԱ-ում այդ գործունեությունից արդյունքները շատ շոշափելի են, չեն կարող չմրցակցել կրթական ու գիտական փոխածանցվող համակարգերով:

Ակնհայտ է, որ մարդկային ռեսուրսը հարկող կրթական ու գիտական մոդելները դառնալու են անմրցունակ: Պարզ է, որ մարդկային ռեսուրսը չպիտի ներդրում անի ու թանկացնի ինքն իրեն միևնույն ժամանակ հարկմամբ փոքրացնելով այդ բազան: Այս պահին այդ համակարգն է գործում, որը աստիճանաբար կորցնում է իր գրավչությունը, որովհետև առաջանում են ինքնաուսուցանման այլ հարթակներ, այդ թվում մեծ լեզվական մոդելների վրա հիմնված նախատիպեր, որոնք կկարողանան բազային կրթական գործառույթը շատ ավելի լավ կատարել:

Դպրոցներից բողոքում են ծնողները, ուսուցիչները, բոլորը՝ երեխաներին հերթ չի հասնում: Իրենք քվեարկում են մտովի բացակայությամբ: Այս ամենում առաջատարը էլի տղաներն են:

Հետ գամ այն երկրներին, որոնք լրջագույն տեխնոլոգիական դերակատարներ են: Մի կողմից Չինաստանը, մյուս կողմից՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ Կանադան, Ճապոնիան, Հարավային Կորեան, ԵՄ-ի տնտեսական քարշակ Գերմանիան, հյուսիսում Շվեդիան, Ֆինլանդիան և Մերձավոր Արևելքի սեղմող հանգույցը (constrictor knot)՝ Իսրայելը։ Հուզականությունս եթե ներածեմ, կասեմ՝ Մերձավոր Արևելքի գանձը՝ չմոռանալով Երուսաղեմի ծանրակշիռ դերակատարությունը մարդկության մի ստվար հատվածի միաստվածությամբ ձևավորված մտածողության համար:

Հակամարտության ապասառեցումը, ի թիվս այլ գործոնների, հարկավոր է դիտարկել այս տեսանկյունից և չզարմանալ Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Կատարի, Հորդանանի, ինչպես նաև Իրանի քայլերի զարմացնող երանգավորումներով: Թուրքիան ու Ռուսաստանը ցավալիորեն կանխատեսելի են՝ իրենց ռեսուրսային փոխկապակցվածության խաղի սահմանային դրսևորումներով:

Հիմնական խաղացողները խոսում են երկու պետությունների լուծման մասին: Իսրայելում և Գազան կառավարողների ծայրահեղ դրսևորումներում սրացումները խոսում են այդ բևեռների մոտալուտ վախճանի ու այդ լուծման համար հորիզոնի բացման մասին: Այս դրվագին չորրորդ վախճանաբանության մեջ կվերադառնամ: Հիմա հետ գամ կրթության մյուս երեսին՝ գիտությանը, որը բանականության ազատականացման իրականության մեջ իր գերակայությունը դարձնում է մարդու օգտակարության բազային փոփոխականը:

Հետ գանք «Հայասաթին», որից սկսեց այս հոդվածը: Թվարկեմ տիեզերքի յուրացման գործում շոշափելի դերակատարություն ունեցողներին: «Սփեյսիքսը» (SpaceX), «Բլյու օրիջինը» (Blue Origin), «Բոինգը» (Boeing), «Լոքհիդ Մարտինը» (Lockheed Martin), «Նորթրոփ Գրումանը» (Northrop Grumman) և «Նասան» (NASA) ԱՄՆ-ի հզորության ողնաշարն են: Մյուս հիմնական խաղացողները Եվրոպայի, Հնդկաստանի, Չինաստանի տիեզերական գործակալություններն են և ռուսական «Ռոսկոսմոսը»:

Հաբլի աստղադիտակից մինչև ջրային մաքրման կայաններ, արևային պանելներ ու ՋիՓիԷս համակարգ, առանց որի մենք հիմա ապրել չենք կարող /տեղորոշում, տաքսի ծառայություն, առաքումներ և այլն, եթե թվեմ մի քանիսը/, այս ամենը հնարավոր է դարձել՝ տիեզերքը ուսումնասիրելուն ուղղված գիտության ոլորտների կիրառական խնդիրներ լուծելով:

Հիմա, կարծում եմ, պարզ է, թե որքան կարևոր է «Հայասաթ» արբանյակի թռիչքը տիեզերք: Սա այն համեստ մեկնարկն է, որը թույլ կտա վերակառուցել գիտական, կրթական համակարգը և այստեղ ապրող մարդու անսպառ ռեսուրսը բանականության ազատականացման պայմաններում պահել ակտուալ:

Այս ամենը ենթադրում է, որ Հայաստանը չի կարող շարունակել հարկել սեփական կրթությունը: Դա ոչ խելամիտ քաղաքականություն է:

Ուտիլիտարիստների համար նաև նշեմ, որ ճակատագրական սխալ է շարունակել չեղարկել Հայաստանի մարդկային ռեսուրսի 52 տոկոսը՝ կանանց ու աղջիկներին: Արժանապատիվ մարդկանց համար սա անգամ քննարկման նյութ չէ, որովհետև մարդը ծնվել է ազատ ու դա որևէ հիմնավորման կարիք չունի: Ցավոք, սակայն, նմանները շատ քիչ են, այլապես տարբեր գնահատականներով կանանց ողջ ներուժի գործածության ժամանակային սահմանը չէր կազմի 200-300 տարի: Սա կատարյալ ապուշություն է, որի համար չհասկացող հանրությունները շատ թանկ գին են վճարելու՝ մնալով բանականության թվային իրադարձությունների հորիզոնի գերին ու սեփական անպետքությամբ դուրս են մղվելու ժամանակից:

Հիմա, հուսամ, մեր հանրությունը կհասկանա, թե ինչ կարևոր հանգրվան էր 2018 թվականը ու Թավշյա հեղափոխությունը, որը ոչ ոք սեփականաշնորհել կամ այս կամ այն ուժին վերագրել չի կարող: Դա այս ժողովրդի հաղթանակն էր, որքան էլ ցավոտ չլինեին դրան հաջորդելիք իրադարձությունները: Հուսամ նաև՝ մեկ այլ տեսանկյունից կնայենք կլիշե թվացող ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին: Սա բազային միակ անսահմանափակ ռեսուրսի երաշխավորումն է, որը իր ներուժի մեծությամբ ավելին է, քան անգամ արեգակի անսպառ էներգիան: Հիշեցնեմ, որ նավթագազային ռեսուրսից անելանելի կախվածության մեջ հայտնված դերակատարների նման, մարդու ռեսուրսը չեղարկող բոլոր՝ քաղաքական, տնտեսական, հարկային համակարգերը ճկվում են ու փլուզվելու են սեփական անպիտանության բեռի տակ: Հետ գալով այս սերնդի նախորդիվ թվարկված բողոքների ակցիաներին՝ արժե մտածել, թե ինչպես ենք կարողանալու անցնել կառավարման նոր լուծումներին, հարկման նոր համակարգերին, որոնք չեն նվազեցնի իրական ռեսուրսի բազան:

Վերջապես, մարդկությունը առերեսվել է մեկ այլ իրադարձության հետ, որը գործ ունի ամենաբարդ ու վտանգավոր՝ չորրորդ վախճանաբանական գործոնի հետ:

Միջուկային ռազմագլխիկների «պարույրը» մերկանում է

Հիրոշիման և Նագասակին միջուկային զենքի գործածության վտանգը դարձրին քաղաքական ու անվտանգային փոփոխական: Դպրոցում հակագազով մարզումները սովետական տարիներին սովորական բան էին: Հետագայում ԱՄՆ-ում ուսանելիս տեղեկացա, որ նույն իրականությունն էր նաև իմ ամերիկացի ընկերների ու իրենց ծնողների համար: Բայց կար մի լռելյայն համաձայնություն կամ գոնե ընկալում, որ որևէ մեկը չէր դիմի այդ խելահեղ քայլին, որովհետև այդ խաղում շահողներ չէին լինելու: Երբ Ռուսաստանը Ուկրայինայի վրա հարձակումից հետո սպառնում էր միջուկային զենքի գործածությամբ, այդ ընկալումը չգիտես ինչու խարխլվել էր: Չնայած` իներցիայի ուժով դեռ ենթադրում էինք, որ Ռուսաստանը խելքը չի գցել, որ նման բան անի:

«Ո՞ւմ է պետք այն աշխարհը, որում Ռուսաստանը չկա»․ Դմիտրի Կիսիլյովի հայտնի խոսքերը հնչեցին այն ժամանակ, երբ Ռուսաստանի նախագահը հրահանգեց միջուկային մարտագլխիկները բերել մարտական պատրաստության համար մեկ վիճակի: Պատճառաբանությունը հավաքական Արևմուտքի անբարյացկամ քայլերն էին: Նավթագազային ռեսուրսի սպառման մարող կորի վրա նստած, պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանի համար այլ ելք չէր մնացել: Այս բառերը ալեգորիա չէին: Իսկապես, այլընտրանքային էներգետիկայի և ազատականացող բանականության մրցավազքում հետ ընկած, հիմա էլ դուրս մնացող Ռուսաստանին Ուկրաինայում ձախողված բլիցկրիգից հետո բան չէր մնում, քան իրապես սպառնալ:

Մի պահ գնամ Իսրայել և հիշեցնեմ, որ ծայրահեղ աջ քաղաքական կուսակցության անդամ՝ նախարար Էլիյահուն էլ սպառնացել էր միջուկային մարտագլխիկներ գործածել Գազայում: Փակուղում հայտնված ծայրահեղական՝ մեռնող ձայներ, որոնք հուշում են պահի լրջությունը: Հետ գամ Ռուսաստան, որտեղ ՆԱՏՕ-ի անդամ երկրները ոչ միայն որևէ կերպ չմիջամտեցին պատերազմին, այլ զենքերի մատակարարումը Ուկրաինային դոզավորեցին այնպես, որ այն վերածվի քայքայման պատերազմի:

Քսաներորդ դարի սկզբին մեկնարկած անջատողական կամ անկախական (տեսանկյունից կախված) շարժումները դարակեսին վերաճեցին ահաբեկչական գործողությունների: Եվրոպայում առանձնացող Իռլանդական հանրապետական բանակը կամ Բատասունայի ռազմականացված թևը ավելի շուտ անջատողական, իսկ «Կարմիր բրիգադիրներ» կոչվող ծայրահեղ ձախականները՝ հակապետական ու հակաիմպերիալիստիական պայքար էին մղում: Բռնության ու տեռորի հիմնական գործիքը ատրճանակն էր, ավտոմատ ատրճանակը կամ գրոհային հրացանները: Օգտագործում էին նաև փոքր հզորության պայթուցիկներ, օրինակ, մեքենաները պայթեցնելու, փոստային ծառայության միջոցով պայթուցիկ ուղարկելու միջոցով: Ավելի ուշ, Քրդական բանվորական կուսակցությունը եղած ավանդական արսենալին ավելացրեց գնդացիրը, հրթիռային նռնակները, շարժական հրետանին, ականները:

Իրաքում արդեն ավելացել էին քիմիական զենքերը, հակաօդային զինատեսակները, ծանր գնդացիրները, հակատանկային հրթիռային կայանները և այլն: Այս ամենին ավելացրեք դրոններն ու փոքր հեռավորության հրթիռները ու դուք գործ կունենաք Համասի կամ Հեզբոլլահի հետ, եթե նաև ավելացնեք հակատանկային ու հականավային հրթիռներ: Այսօրվա անջատողականների կամ եթե ինձ հարցնեք՝ ահաբեկիչների հեռուստատեսային ցուցադրությունները սահմռկեցուցիչ են: Անցյալ դարի անջատողականները տիկինիկային բեմադրություն են թվում այս ամենի համեմատ:

Պետությունների համար, որոնք տարբեր աշխարհաքաղաքական շահեր սպասարկելով ու գլոբալ հավասարակշռությունը պահելով, ենթադրաբար անվերջ զինեցին այս խմբերին, անհնարին է դառնում վերջիններիս զսպելը: Մյուս կողմից, Սառը պատերազմի ավարտից հետո ռազմական մրցավազքում մասնագիտացված մարդուժի ավելցուկը սկսեց արտահոսել քաղաքացիական կյանք ու բաց շուկա, որը զսպելու ձևերից մեկը դարձավ մասնավոր ռազմական կամ անվտանգային ծառայություններ ստեղծելը ու այդ մարդկանց զբաղված պահելը:

Մարդասպանության տնտեսության մեջ ամենավտանգավոր տարրը ազատներն են․ դրանց օգտակար ու շահավետ էր զբաղեցնել: Իրաքում և Աֆղանստանում արդեն ակնհայտ տեսանելի դարձավ այս կորպորացիաների ներգրավումը մի շարք պատճառներով: Այդ թվում նաև, դա արվեց քանի որ այլևս հնարավոր չէր ծանր զինված ոչ պետական խմբերի դեմ պայքարել միայն պետական ռազմուժով: Տարբեր պետությունների կողմից այս կորպորացիաների գործածումը ցույց տվեց, որ շուկայի տրամաբանությանը հավատարիմ այս միավորները շահագրգռված չեն չեզոքացնել իրենց եկամտի աղբյուրը՝ պատերազմն ու հակամարտությունը:

Առանց տարբերանշանների «կանաչ մարդուկների» հայտնությունը Ուկրաինայի արևելյան հատվածում Ռուսաստանին տվեց հնարավորություն ապակայունացնել տարածաշրջանը: Վերջին պատերազմում արդեն գործ ունեինք դասական մասնավոր ռազմական ընկերության (ՄՌԸ)՝ վագներականների հետ:

Իհարկե, դեռևս ոչ պետական ռազմականանցված խմբերի և ՄՌԸ-ների հավաքական ռազմական արսենալը զիջում է որոշ պետությունների զինուժին, սակայն մենք արագընթաց մոտենում ենք սահմանային խաղին: Միջուկային ռազմագլխիկների «պարույրը» մերկանում է:

Առաջին, Վիետնամի պատերազմից հետո առաջին անգամ թվային սերնդի համար հանդուրժողականության շեմը զինված բախումների, պատերազմների ու հակամարտությունների նկատմամբ շոշափելի նվազել է:

Երկրորդ, փոքր երկրների համար այս խմբերը լուրջ գլխացավանք են:

Երրորդ, ոչ պետական ռազմականացված միավորները իրենց մեծացող կշռով պայմանավորված՝ լրջագույն ազդեցություն են գործում հասարակական գործընթացների վրա, ինչպես օրինակ՝ ԴԱԵՇ-ը, Համասը, Հեզբոլլահը, իսկ ՄՌԸ-ները շուկայում մեծացնում են հակամարտությունների պահանջարկը:

Հինգերորդ, բազմակողմ դիվանագիտության համատեքստում այս կառույցները քայքայում են ձևավորված աշխարհակարգը:

Վեցերորդ, էքսպոնենտալ արժևորմամբ մարդկային ներուժը այս կերպ պարպելուն այլևս չհակված, նավթագազային ռեսուրսից անցում կատարող և բանականության ազատականացմամբ զարգացող հասարակությունների համար, այլևս այս խմբերը գոյաբանական վտանգ են հանդիսանում:

Այս ամենը բացատրելի է դարձնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կամ Գլխավոր վեհաժողովում Համասը ահաբեկչական խումբ հայտարարող քվերակությունների դինամիկան: Սա նաև ապասառեցված բոլոր հակամարտություններում հետաքրքիր զուգահեռմամբ տեսանելի է դարձնում մի կողմից ՄՌԸ-ների, մյուս կողմից, ահաբեկչական խմբերի ներգրավումն ու պարպումը: Արժե հիշել Կովկասում արցախյան հակամարտության ապասառեցման ժամանակ սիրիական ահաբեկչական խմբերի փոխադրումը Թուրքիայի տարածքով դեպի Ադրբեջան, ապա՝ ճակատ, ուկրաինական ճակատում կանաչ մարդուկների, ապա՝ վագներականների ու Դոնեցկի ու Լուգանսկի անջատողականների պարպումը, պաղեստինա-իսրայելական ճակատում՝ Համասի պարպումը, որը աշխարհաքաղաքական փակուղում առանց ընտրողականության ոչնչացնում է նաև պաղեստինցիներին: Այս ամենում միջուկային մարտագլխիկների կիրառության սպառնալիքները նորից պատահական չեն թվում: Օրինաչափ են այնքանով, քանի կողմերի ռազմական ներուժը անվերջ մոտենում է, իսկ մարդուժը որոշ դերակատարների համար դառնում՝ շատ արժեքավոր:

Չինաստանը այս սցենարում չեմ քննարկի, բայց Ռուսաստանը, որը նավթագազային ու հումքային այլընտրանքից զատ այլ բան չունի, «այս աշխարհում» սեփական մարդուժի մսխմամբ (որի հանդուրժողականության շեմը չի համեմատվում մարդուժի վրա կառուցվող տնտեսությունների հետ) ու պատերազմական ոճրագործությունների գնով բանակցում է իր բաժինը տեխնոլոգիական անցման ու բանականության ազատականացման մրցավազքում: Եվ միջուկային մարտագլխիկները զսպող սիմվոլիկ նշանակության փոխարեն ձեռք են բերում լուրջ ռազմավարական նշանակություն՝ մեծանցելով անելանելի անցյալում հայտնված՝ իրեն գերտերություն զգացող երկրի բանակցային ուժը: Հետևաբար, Ռուսաստանի միջուկային սպառնալիքները աննախադեպ իրական են ու դրանց հետ լուրջ խաղացողները հաշվի են նստում:

Կարծում եմ՝ Թուրքիայի մասին խոսելը ավելորդ է և պարզ է դառնում, թե ով ում ինչպես է խաղարկում:

Գալով Ուկրաինային ու ուկրաինացի ժողովրդի զոհողություններին ու սխրանքին՝ չեմ կարող չասել, որ խոնարհվում եմ: Այս պատերազմը իրենք մղում են մարդկության անսպառ ներուժի կապիտալիզացիայի ու սահմանափակ խաղից դուրս եկողների համար: Սա համաշխարհային առճակատում է, եթե չասեմ՝ պատերազմ:

Մերձավոր Արևելքում երկու ծայրահեղական՝ դատապարված ուժեր, դատապարտված, որովհետև մարդկային ռեսուրսի անտեսմամբ ու մսխմամբ ձևավորված լինելով, չեն դիմանալու ժամանակի փորձությանը, Համասն ու աջ ծայրահեղ հրեական կառավարությունը պարպվում են մեծ զոհերի և հեղինակության կորստի գնով: Հարևանների կեցվածքի մեջ տարօրինակ երանգավորումները, Իրանի զուսպ, Կատարի ակտիվ երկկողմ, Հորդանանի ու Եգիպտոսի կառուցողական քայլերը հնարավոր են դարձնում Պաղեստինի պետության հեռանկարը:

Կովկասյան ճակատում շատերի համար Արցախի հարցը փակված է թվում: Հին ու ծայրահեղական ընկալումներում դա այդպես է: Բայց իրավունքի ուժով՝ Արդարադատության միջազգային դատարանի լծակը գործադրելով, արդարությանը դանդաղ միտվող քաղաքական գործընթացները կարող են իրենց արդյունքները տալ, եթե Հայաստանը չբավարարվի «Հայասաթը» տիեզերք թռցնելով և իր քաղաքականությունը կառուցի մարդկային անսպառ ռեսուրսի «կորզման» վրա և անհարկի չռազմականացնի այն: Թերևս այդ պատճառով է հայկական գիտության վերադարձը տիեզերք այսքան կարևոր:

Իսկ երկիր մոլորակը դեսուդեն բաժանողների անմտությունը միգուցե մի օր ծիծաղի առիթ տա, բայց դա արդեն մեկ այլ արարում:

Հոդվածի առաջին մասը՝ ստորև

Մեկնաբանել