Արագածոտնի մարզի Ապարան համայնքում կառավարությունը բազմաբնակարան շենք է կառուցել և շենքի բնակարանները նվիրելու է Ապարանի վթարային երկու շենքերում բնակվող մարդկանց․ համապատասխան որոշման նախագիծն ընդունվեց կառավարության դեկտեմբերի 7-ի նիստում։
Նոր բնակելի համալիրը կառուցվել է Ապարանի Գարեգին Նժդեհ 36 հասցեում։ Նոր շենքն ունենալու է 43 բնակարան։ Դրանցից 38-ը վթարային շենքի բնակչներին է տրվելու, 5-ը՝ բնակարանային ապահովման կարիք ունեցողներին։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց՝ նոր շենքի մակերեսն ավելի մեծ է, քան վթարային շենքերինն էր և բնակարանների նոր սեփականատերերը ստանալու են շատ ավելի մեծ բնակարանային մակերես։