«Վեներան մուշտակով» և առանց մուշտակի

Լուսանկարը՝ Bravo.am-ի

1991 թվականն էր։ Նոր հիմնադրված Համազգային թատրոնում առաջին ներկայացման՝ Էդուարդո դե Ֆիլիպոյի «Սանիտայի թաղապետը» ներկայացման փորձերն էին ընթանում։ Օպերայի մոտ հանդիպեցի ժողինստիտուտի ուսանող մի ընկերոջ։ Ասաց, թե ազատ են դասերից, բայց չի ուզում տուն գնալ։ Երբ իմացավ, որ թատրոն եմ գնում, ցանկացավ միանալ ինձ։

Այն ժամանակ թատրոնը Գրողների միության շենքում էր։ Դերասաններից մեկը երկար չարչարվելուց, մի քանի անգամ դերակատարներին փոխելուց հետո վերջապես ավարտել էր Էժեն Իոնեսկոյի «Երկխոսություն» մեկ գործողությամբ պիեսի բեմադրությունը և խնդրել Սոս Սարգսյանին, որ փորձի ընդմիջման ժամին դիտում ու քննարկում թույլ տա։ Ուսանողին պատմեցի, որ դա ենք նայելու։ Գրողների տան ճանապարհին հետաքրքրվեց, թե ինչի մասին է պիեսը․ փորձեցի մի երկու բառով պատմել՝ չստացվեց։ Բացատրեցի, որ կա աբսուրդի թատրոն ու դրամատուրգիա։ Հիմա էլ հետաքրքրվեց, թե ինչ ասել է` աբսուրդ։ «Իմաստից ու տրամաբանությունից զուրկ, անհեթեթ մի բան»,- գլուխս ազատելու համար կարճ կապեցի։

Ներկայացումը դիտելուց հետո քննարկում ծավալվեց։ Բազմաթիվ կարծիքներ հնչեցին։ Հետո Սոս Սարգսյանն ասաց, թե մեր միջի միակ հանդիսատեսը, ոչ մասնագետը իմ հյուրն է, եկեք նրա կարծիքն էլ լսենք։ Իսկ հյուրը ծանրումեծ ոտքի կանգնեց ու դեմքի շատ լուրջ արտահայտությամբ սկսեց․

– Ինչպես ճանապարհին Հովհաննես Երանյանն ասաց, ներկայացումը «հավայի» բան ա։

Բոլորը շրջվեցին իմ կողմ։ Բեմադրիչի աչքերից շանթ ու կայծակ արձակվեց իմ ուղղությամբ։ Գլուխս չգիտեի՝ ուր թաքցնել։ Չէի կարող պատկերացնել, որ ծանոթս անիմաստը, աբսուրդը «հավայի» կթարգմանի։ Հետո լսվեց վարպետի քահ-քահ ծիծաղն, ու լարվածությունը մեղմվեց։

Այս դեպքից 32 տարի անց ներկայացման մասին նույն «հավայի» բառը կրկին լսեցի և որքան էլ անհավատալի թվա՝ դարձյալ Համազգային թատրոնում։

Սերժ Մելիք-Հովսեփյանի բեմադրած «Վեներան մուշտակով» ներկայացումը աբսուրդի թատրոնից չէ։ Ամերիկացի դրամատուրգ Դեյվիդ Այվզի պիեսը Համազգային թատրոնում նախ թատերականացված ընթերցանության է արժանացել։ Հանդիսատեսի առատությունն ու ծափահարությունները հուշել են բեմադրիչին ու դերակատարներին բեմ տեղափոխել այն։ Բայց միայն ներկայացումը չեն բեմ տարել, այլ նաև հանդիսատեսին։

Ի՞նչ կա որ, այսօր ներկայացումներ են խաղում տանիքներին ու բակերում, հանդերում ու փողոցում։ Ուրեմն կարելի է նաև հանդիսատեսին բեմի վրա տեղավորել։ Շրջանաձև դրված երկշարք աթոռների արանքում երկու դերակատար՝ Նարինե Գրիգորյանն ու Նարեկ Բաղդասարյանը, հանդիսատեսի հետ շունչ-շնչի գրեթե երկու ժամ «տանջվում են» նեղլիկ օվալի մեջ։

Քանի որ ծանոթ էի պիեսին, ներկայացման սկիզբն էլ ուշանում էր, հաշվեցի հանդիսատեսին՝ վաթսունհինգ հոգի էին։ Նրանցից տասնչորսը տղամարդ էին, մնացածը՝ կանայք։ Հասցրեցի նաև նկատել, որ տասներկու տղամարդ կնոջ հետ էին, ու հավանաբար հենց կանայք էին ամուսնուն, ընկերոջը կամ եղբորը համոզել ներկայացման գալ։ Միայն երկու տղամարդ էին առանց իգական սեռի ուղեկցության։ Նրանք մինչ ներկայացման սկսվելը շշուկով, բայց ակտիվորեն ինչ-որ բան էին քննարկում։ Հենց նրանցից էլ պիտի ներկայացման ավարտից հետո՝ դահլիճից դուրս գալու պահին, լսեի՝ «Ո՞նց են էս հավայի պիեսից էսքան լավ ներկայացում ստացել»։

Հենց սկզբից ասեմ, որ մասամբ համաձայն եմ այդ կարծիքի հետ։ Դեյվիդ Այվզի պիեսը, բացի դերասաններին կերպափոխելու, դերասանական վարպետությունը ցուցադրելու հնարավորությունից, որը գուցե քիչ չէ, այլ արժանիք չունի։ Ո՛չ բազմաթիվ բեմադրությունները աշխարհի տարբեր երկրներում, ո՛չ աշխարհահռչակ կինոռեժիսորի էկրանավորումը ինձ հակառակը չեն կարող համոզել։

Ինչի՞ մասին է պիեսը։ Դեյվիդ Այվզը «շուստրի» մի հնարքով 19-րդ դարի ավստրիացի գրող Լեոպոլդ ֆոն Զախեր Մազոխի «Վեներան մուշտակով» էրոտիկ վեպին ժամանակակից հնչեղություն է տվել։ Թարգմանիչ ու վեպի բեմական տարբերակը ստեղծող, բեմականացնող Թոմաս Նովաչեքը /դերակատար՝ Նարեկ Բաղդասարյան/ քասթինգ է հատարարել՝ դերասանուհի փնտրելով հերոսուհու՝ Վանդա Ջորդանի կերպարը մարմնավորելու համար։ Ուշացած՝ հայտնվում է դերասանուհին /Նարինե Գրիգորյան/ ու համոզում լսել իրեն։ Այդուհետ պիեսի սյուժեն զարգանում է երկու շերտով։ Երկու գործող անձինք երբեմն վեպի հերոսներն են, երբեմն էլ՝ Այվզի պիեսի՝ այսինքն՝ դրամատուրգն ու դերասանուհին։

Վեպի սյուժեում Սևերինը սիրահարվում է Վանդա անունով մի կնոջ։ Նա դառնում է կնոջ ստրուկն ու աղաչում որքան հնարավոր է շատ նվաստացնել իրեն ու սեռական հաճույք է զգում ամեն տեսակ ստորացումներից։ Կարճ ասած՝ մազոխիզմ տերմինն առաջացել է հենց այս վեպի այս սյուժեից։ Երկրորդ շերտում ժամանակակից կնոջ ու տղամարդու հարաբերություններ են, որ ի վերջո նույնպես հանգեցնում են տղամարդու ստորացման։

Նարինե Գրիգորյանի հերոսուհին սկզբում թրջված, կյանքի բեռի տակ կքած ու ծերության նախաշեմին հայտնված կին է թվում։ Բայց հենց հանում է երկար անձրևանոցը և մի տեսարան խաղում պիեսից, անմիջապես կերպափոխվում է՝ դառնում է ոչ միայն գեղեցիկ ու հրապուրիչ, այլև՝ խիստ գայթակղիչ։ Այնքան գայթակղիչ ու տաղանդավոր, որ թեև ձևացնում է, թե դեմ է, բայց գայթակղում է նաև պիեսի հերոս դրամատուրգին և նրան հասցնում նույն Սևերինի հոգեվիճակին՝ հաճույք ստանալ կնոջ անարգումից։

Այնքան գայթակղիչ ու տաղանդավոր, որ մոռանում ես, թե ինչի մասին է պիեսն ու ակնդետ հետևում դերասանուհու խաղին։ Նարեկ Բաղդասարյանի կերտած երկու տղամարդու կերպարներն էլ թեև հայտնվում են նվաստ վիճակում, բայց դերասանն արժանապատիվ է երևում զուտ այն պատճառով, որ Նարինե Գրիգորյանի կողքին գրեթե հավասար վարպետություն է ցուցաբերում։

Ներկայացումը դիտում ես եթե ոչ լարված, ապա գոնե՝ հետաքրքրությամբ։ Բայց ընդամենը ժամեր անց խորը անբավականության զգացում ես ունենում։ Երբևէ որևէ ներկայացման մասին գրելիս այսքան երկակի վիճակում չեմ եղել, երբեք այսքան կռիվ չեմ ունեցել ինքս ինձ հետ։

Ինչի՞ համար է ընտրվել այս պիեսը։ Երեսուն տարուց ավելի է՝ մեր երկրում նվաստացվում է տղամարդը։ Լավ է, թե վատ, ճիշտ է, թե սխալ, բայց մեր ժողովրդի հոգեկերտվածքում տղամարդը շարունակում է մնալ ընտանիքի ղեկավարն ու բարեկեցության պատասխանատուն։ Երկրաշարժի, պատերազմների, ցրտի, սովի ու գործազրկության միջով անցնող ընտանիքում ինքնաբերաբար տղամարդը հայտնվել էր խոցելի վիճակում, անընդհատ գցում էր սեփական ինքնագնահատականը։ Եթե կան մի քանի հազար հաջողած կանայք, որոնք իրենք են հոգում իրենց ու ընտանիքի կարիքները, դա դեռ չի նշանակում, թե փոխվել է հայ մարդու մենթալիտետը։

Գուցե սխալվում եմ, բայց պատերազմներում պարտությունների պատասխանատուն էլ տղամարդն է։ Ու ոչ միայն այն պատճառով, որ զինվորն ու սպան ինքն է։ Պարտության ու կորուստների ցավը բաշխվում է հավասար, իսկ մեղավորությունը դարձյալ ավելի շատ տղամարդու բաժինն է։

Բացի այդ, քաղաքական ու հասարակական մազոխիզմով ներծծված մեր ներկայիս իրականությունը արդյոք լրացուցիչ՝ սեռական մազոխիզմի կարի՞ք էլ ունի։ Նրանք, ովքեր համամիտ չեն լինի իմ տեսակետերի հետ, թող մտովի փորձեն վերհիշել, թե ներկայացումից ինչ է մնացել իրենց հիշողության մեջ։ Այն դիտելուց տասը, տասներկու օր հետո ես ամենից շատ հիշում եմ Նարինե Գրիգորյանի գեղեցիկ կազմվածքը կաշվե նեղ հագուստի մեջ ու բարձրակրունկների վրա, նրա կերպարի շառաչուն ապտակը տղամարդուն և շինել բառը։ Հասկանալի է, որ խոսքը Գոգոլի «Շինելի» մասին չէ, որից դուրս են ելել բոլոր հետագա ռուս գրողները, ոչ էլ՝ մետրոյի Աջափնյակ կայարանի կամ ճոպանուղիների ցանցի կառուցման մասին։

Արվեստում գեղագիտականն ու գեղարվեստականը գաղափարականից մշտապես վեր դասողս այս անգամ ստիպված եղա մոռանալ սկզբունքներիս մասին։ Ի՞նչ անենք, թե Նարինեն արտակարգ է խաղում։ Չեմ տեսել մի ներկայացում, մի դերակատարում, որ նա արտակարգ չխաղա։

Մեկնաբանել