Հայաստանի Ազգային ժողովի ոչ մի պատգամավոր չի մասնակցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) անդամի պաշտոնում Հայկուհի Հարությունյանի ընտրությանը։ ԿԿՀ նախկին նախագահը, որ այդ պաշտոնում էր 2019-ի նոյեմբերից, չվերընտրվեց հանձնաժողովի անդամ։
Ավելի վաղ «Քաղաքացիական պայանագիր»-ը հարցերի տեղատարափ էր պատրաստել ԿԿՀ անդամ Հարությունյանի համար։ Իշխող ուժի պատգամավորները նրանից բացատրություններ էին պահանջում, թե ինչո՞ւ Հարությունյանի ընտանիքի անդամները չեն ներկայացրել գույքի, եկամուտների, ծախսերի հայտարարագրեր։ Նրանք Հարությունյանին մեղադրում էին նաև ԿԿՀ-ի կողմից հաշվետվողականության պակասի մեջ, ակնարկում, որ հանձնաժողովի նախկին նախագահն ազդել է միջազգային դոնորներից մեկի վրա՝ հակակոռուպցիոն մի փորձագետի աշխատանքից ազատելու համար։ ՔՊ-ականները ԿԿՀ անդամի թեկնածուից նաև պարզաբանումներ էին պահանջում, թե ինչո՞ւ է նա արդարադատության նախարարության միջոցով հեղինակել նախագիծ, որով նախատեսվում էր իր պաշտոնավարումը մինչև 6 ամիս երկարաձգել։
«Ինֆոքոմ»-ն այս տարվա մայիսին հրապարակել էր հոդված, ըստ որի, Հայկուհի Հարությունյանի հետ համատեղ բնակվող անձինք՝ նրա հայրը, մայրն ու քույրը, չեն ներկայացրել համապատասխան հայտարարագրեր, իսկ ԿԿՀ-ն էլ այդ փաստով վարույթ չի սկսել։ Հարությունյանը դա պատճառաբանել էր հայտարարագրման համակարգի տեխնիկական խնդիրներով։ Ավելի ուշ լրատվականը հրապարակել էր նաև հոդված, ըստ որի, ԿԿՀ-ն չէր ներկայացրել 2019, 2020 թվականների տարեկան հաղորդումները խորհրդարանին, իսկ կիսամյակային հաշվետվություններն էլ կիսատ էին ներկայացված հանձնաժողովի կայքում։
Հայկուհի Հարությունյանն իր ամփոփիչ ելույթում ասաց՝ իր աշխատանքը գնահատվել է, ԿԿՀ-ն կայացել է ու այդ աշխատանքը խեղաթյուրվելու հնարավորություն չունի։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տարիներ առաջ վարույթ էր հարուցել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի հետ կապված։ Այն ժամանակ, երբ Թորոսյանը առողջապահության նախարար էր, նրա կնոջ ղեկավարած «Միբս» ընկերությունը ստացել էր պետական գնումների պայմանագրեր, որի հիման վրա ԿԿՀ-ն գործընթաց էր սկսել։
«Պարոն Թորոսյան, դուք իմ հերոսը չեք, չեք էլ կարող դառնալ։ Առաջարկում եմ շահերի բախման մասին խոսելիս, որքան էլ այդ որոշումը ձեզ ամեաանպրոֆեսիոնալը թվա, պատասխանել՝ ձեր կնոջ ղեկավարած ընկերությունը որպես առողջապահության նախարար ձեր պաշտոնավարման ընթացքում ո՞նց է եղել, որ պայմանագրի արժեքը մեծացրել է՝ 350 միլիոնից ավել»,- ամփոփիչ ելույթում հայտարարեց Հարությունյանը։
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասաց՝ խմբակցության որոշումն է չմասնակցել քվեարկությանը։ ԿԿՀ անդամի թեկնածու էր դարձել նաև հանձնաժողովի աշխատակից Նարինե Ավետիսյանը։ Վերջինս պատասխանեց պատգամավորների հարցերին, բայց ամփոփիչ ելույթ չունեցավ։ Սա հիմք ընդունելով՝ Կոնջորյանն ասաց, որ Ավետիսյանի ընտրությանը ևս չեն մասնակցի։ Արդյունքում ոչ Հայկուհի Հարությունյանը, ոչ Նարինե Ավետիսյանը չընտրվեցին ԿԿՀ անդամներ։ Հանձնաժողովում երկու անդամների հաստիքները կշարունակեն թափուր մնալ:
Հայկուհի Հարությունյանի լիազրությունները ԿԿՀ նախագահի պաշտոնում դադարեցվել էին մոտ 3 շաբաթ առաջ։ Նա դիմել ու հաջողությամբ անցել էր մրցութային փուլը, սակայն իշխող մեծամասնությունը դեմ էր նրա հետագա պաշտոնավարմանը որպես ԿԿՀ անդամ։