Թարմացնելով Աղվան Վարդանյանի հիշողությունը. ովքեր են սպանվել «պադյեզդներում»

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

Լրագրողները դեկտեմբերի 7-ին «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանին ճեպազրույցի ժամանակ հարց ուղղեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, թե «նախկինում պադյեզդներում մարդ էին սպանում»։ Վարչապետը նման հայտարարություն արել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հետ հարցուպատասխանի ժամանակ։

Լրագրողները մատնանշեցին, որ Վարդանյանը երկար ժամանակ է՝ քաղաքականության մեջ է և հարց ուղղեցին, թե ում են սպանել «պադյեզդներում» (խմբ․ – շքամուտքերում)։ Նա պատասխանեց, թե նման դեպք չի հիշում։ «Չգիտեմ պադյեզդներում սպանելու…, բայց, գիտեք, դրա մասին խոսելը, դրանց ստերը փորձելն ապացուցելն անիմաստ է, շարունակելու են նույն ստերն ասել»,- եզրափակեց պատգամավորը։

Աղվան Վարդանյանն իսկապես Հայաստանի ներքաղաքական կյանքի հնաբնակներից է. 1990 թվականից եղել է Հայ հեղափոխական դաշնակցության անդամ, 1999-2003թթ.՝ ԱԺ պատգամավոր, 2003-2008թթ.՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: Ընտրվել է ԱԺ երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ և վեցերորդ գումարումների պատգամավոր: Եղել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար և քարտուղար:

Վարդանյանի հայտարարությունը, թե նախկինում շքամուտքերում մարդ չեն սպանել, առնվազն տարակուսելի է, քանի որ նման դեպք պատահել է ոչ մեկ անգամ։

Այսպես, 1990-ականների վերջի և 2000-ականների Հայաստանում բարձրաստիճան մարդկանց և պաշտոնյաների սպանությունների շղթա է գրանցվել։ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը, սակայն, առանձնացրել է այդ տարիներին արձանագրված երեք սպանության դեպք, որոնք տեղի են ունեցել հենց շքամուտքերում։

Վահրամ Խորխոռունի

1997-1998 թվականներին պաշտպանության փոխնախարար, մինչ այդ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետի պաշտոնները զբաղեցրած գնդապետ Վահրամ Խորխոռունին սպանվել է 1998 թվականի դեկտեմբերի 10-ին՝ իր բնակարանի շքամուտքում, հրազենից: Խորխոռունու գլխին արձակվել էր յոթ կրակոց և վերջինս տեղում մահացել էր։ Խորխոռունու սպանությունն այդպես էլ չբացահայտվեց։

«Ազատություն» ռադիոկայանն իր «Նորագույն պատմություն» հաղորդման շրջանակում անդրադարձել է Վահրամ Խորխոռունու սպանության հանգամանքներին, դրան հաջորդած իրադարձություններին։ Այս հաղորդման մեջ անդրադարձ կա նաև Խորխոռունու սպանությունից հետո երկու ամիս անց արդեն այլ վայրում սպանված Ոստիկանության զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանին, որի գործը ևս չի բացահայտվել։

Գագիկ Պողոսյան

2001թ. սեպտեմբերի 11-ին իր բնակարանի դռանը հարմարեցված նռնակի պայթյունից սպանվեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խորհրդական, վարչապետի վերահսկողական ծառայության պետ Գագիկ Պողոսյանը:

«Սեպտեմբերի 11-ին՝ առավոտյան 9:15-ին, սովորականի պես Գագիկ Պողոսյանը պատրաստվել է գնալ աշխատանքի Թումանյան 35 շենքի իր բնակարանից: Մուտքի դուռը բացելիս պայթել է դրսի կողմից դռան բռնակին ամրացված նռնակը»,- գրել էին լրատվականները։

Գագիկ Պողոսյանը 1990-ականներին եղել էր Ազգային ժողովի պատգամավոր, 2000թ. մայիսից մինչև հոկտեմբեր զբաղեցրել է պետեկամուտների նախարարի պաշտոնը: 2001թ․ հուլիսից վարչապետի վերահսկողության ծառայության պետն էր:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Պողոսյանի սպանությունը կապել էր վերջինիս «ծառայողական գործունեության հետ»։

Պողոսյանի սպանությունը ևս չի բացահայտվել։

Տիգրան Նաղդալյան

Մեկ այլ աղմկահարույց սպանություն տեղի ունեցավ 2002-ի դեկտեմբերի 28-ին. իր ծնողների տան շքամուտքում հրազենից արձակված կրակոցից սպանվեց լրագրող, Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանը։ Մարդասպանը կրակել էր յոթ անգամ։ Լրագրողը ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ և մահացել էր։

Դատարանը Տիգրան Նաղդալյանի սպանության պատվիրատու էր ճանաչել Արմեն Սարգսյանին՝ 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետևանքով սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի հարազատ եղբորը: Արմեն Սարգսյանը բանտում անցկացրեց ժամկետի մի մասը, որից հետո համաներմամբ ազատ արձակվեց: Սարգսյանը պնդում էր, թե ինքը Նաղդալյանի սպանության հետ կապ չի ունեցել։

Մեկնաբանել