Հայկական կողմը դրական է արձագանքել Բլինքենի՝ Վաշինգտոնում հայ-ադրբեջանական հանդիպման առաջարկին

Դեկտեմբերի 7-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին:

Հայաստանի ԱԳՆ-ն հաղորդում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի:

«Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները և խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ կողմերի մոտեցումները։ Հայկական կողմը դրական է արձագանքել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի՝ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առաջարկին»,- նշված է հաղորդագրությունում։

Բաքուն հրաժարվել էր նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում նախատեսված Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցել։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը՝ արձագանքելով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենի՝ Ներկայացուցիչների պալատում Լեռնային Ղարաբաղի հարցով լսումների ժամանակ արված հայտարարություններին, հայտարարել էր․ «Ջեյմս Օ’Բրայենի միակողմանի և կողմնակալ մեկնաբանությունները անհիմն և անընդունելի են։ ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումը կարող է պատճառ դառնալ, որ նա կորցնի միջնորդի իր դերը: Այս պայմաններում մենք հնարավոր չենք համարում նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում անցկացնելը»։

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը դեկտեմբերի 6-ին Բաքվում «դրական ու կառուցողական» հանդիպում էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպումից հետո Օ՛Բրայենը X-ի իր միկրոբլոգում գրել էր․ «ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հուսով է, որ առաջիկայում Վաշինգտոնում կհյուրընկալի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին՝ խաղաղության բանակցություններ անցկացնելու համար»։

Մեկնաբանել