Եվրամիությունը, Միացյալ Նահանգները և Թուքիան ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունը 32 հայ և 2 ադրբեջանցի գերիների ազատ արձակման մասին։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը X-ի իր միկրոբլոգում գրել է․ «Ուրախ ենք ողջունել ձերբակալվածների ազատ արձակումը և քաղաքական երկխոսության աննախադեպ բաց լինելը։ Երկկողմ երկխոսության հաստատումն ու խորացումը ԵՄ հովանու ներքո Բրյուսելում ընթացող գործընթացի առանցքային նպատակն էր։ Այսօրվա առաջընթացը կարևոր քայլ է։ Այժմ ես առաջնորդներին կոչ եմ անում հնարավորինս շուտ ավարտին հասցնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը»,- գրել է նա։
Delighted to welcome a major break through in 🇦🇲- 🇦🇿 relations as they issue a joint statement.
Welcome in particular release of detainees and unprecedented opening in political dialogue.
Establishing and deepening bilateral dialogue between sides has been a key objective of…
— Charles Michel (@CharlesMichel) December 7, 2023
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն էլ նշում է, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համատեղ հայտարարությունը «կարևոր քաղաքական քայլ է»։
«ԵՄ-ն համաձայն է՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա, և ԵՄ-ն հանձնառու է աջակցելու այդ ջանքերին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա համատեղ հայտարարությունը կարևոր քաղաքական քայլ է»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Բորելը։
EU welcomes the joint statement by #Armenia & #Azerbaijan announcing the mutual release of detainees & other confidence building measures-an important political step
We concur – there is a historic chance to achieve peace in the region &are committed to supporting these efforts
— Josep Borrell Fontelles (@JosepBorrellF) December 7, 2023
ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ գերիների ազատ արձակումը վստահության ամրապնդման կարևոր միջոց է․ «Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունը 2 ադրբեջանցի և 32 հայ կալանավորների ազատ արձակման մասին։ Այս հանձնառությունը վստահության ամրապնդման կարևոր միջոց է խաղաղության համաձայնագրի ավարտի և հարաբերությունների կարգավորման աշխատանքների ֆոնին։ Մենք ողջունում ենք Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին՝ Հարավային Կովկասի ժողովրդի համար ավելի խաղաղ և բարգավաճ ապագայի հիմքեր ստեղծելու համատեղ ջանքերի համար», – ասված է Պետդեպի հաղորդագրության մեջ։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ևս հայտարարություն է տարածել գերիների փոխանակման վերաբերյալ։ Թուրքական կողմը գոհունակությամբ է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունը. «Ցանկանում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում»։
Հայաստանի վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը դեկտեմբերի 7-ին համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։ Հայտարարության մեջ շեշտվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկել: Ադրբեջանը համաձայնել է ազատել 32 հայ զինծառայողների, իսկ Հայաստանը՝ ադրբեջանական 2 զինծառայողի։