Տեղահանված արցախցիներից 5 351-ն արդեն աշխատանքի է ընդունվել

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից 5 351–ն արդեն աշխատանքի է ընդունվել Հայաստանում։ Այդ մասին դեկտեմբերի 8-ին կառավարության հումանիտար կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը։

Նրա խոսքով՝ մշակող արդյունաբերության ոլորտում աշխատանքի է տեղավորվել 674 անձ, կրթության ոլորտում՝ 947, սպասարկման և ծառայությունների ոլորտում՝ 731 անձ, շինարարության ոլորտում 420 անձ։

«Դեկտեմբերի 4-ի դրությամբ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության 49 կենտրոններում որպես աշխատանք փնտրող հաշվառվել 3 929 անձ, որոնցից 1 608-ը ուղեգիր են ստացել աշխատանքի տեղավորման նպատակով, ինչի արդյունքում այս պահի դրությամբ 438-ն արդեն տեղավորվել են աշխատանքի»,- հայտնեց Ռուբեն Սարգսյանը։

***

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը տևեց մեկ օր և ավարտվեց սեպտեմբերի 20-ին հրադադարի մասին պայմանավորվածությամբ: Հաջորդ օրը Ադրբեջանի Եվլախ քաղաքում կայացավ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումը՝ «վերաինտեգրման հարցերը քննարկելու համար»։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։ Արցախի բնակչությունը ենթարկվեց բռնի տեղահանման, Արցախից Հայաստան տեղափոխվեց ավելի քան 100 հազար անձ:

Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հրատապ կարիքների համար նրանցից յուրաքանչյուրին՝ անկախ տարիքից, պետական բյուջեից հատկացրեց միանվագ 100 հազարական դրամ: Յուրաքանչյուր ընտանիքի բնակության ծախսերը հոգալու համար մեկ անձի հաշվով նաև կտրամադրվի ամսական 40 հազար դրամ, գումարած ևս 10 հազար դրամ մեկ անձի հաշվով՝ կոմունալ բոլոր ծախսերի համար: Այս ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 1-ից և կգործի առնվազն 6 ամիս: Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում բացի բնակության և կոմունալ ծախսերի համար նախատեսված գումարներից, Արցախից տեղահանվածներին պետական բյուջեից կհատկացվի 50 հազարական դրամ:

Մեկնաբանել