Եթե այդ օրը ոստիկանությունը չլիներ [Ալավերդիում], լուրջ բախում էր լինելու․ Լոռու մարզպետ

Դավիթ Ղումաշյանի երդման արարողությունը։ Լուսանկարը՝ Լարիսա Փարեմուզյանի։

Դեկտեմբերի 8-ին Ալավերդիի համայնքապետարանում տեղի ունեցավ նոր համայնքապետ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Դավիթ Ղումաշյանի երդման արարողությունը՝ բազմաթիվ ոստիկանների հսկողության ներքո։ Օրեր առաջ՝ դեկտեմբերի 5-ին, Ղումաշյանը ոստիկանական պատնեշի հետևում ընտրվել էր համայնքապետ։ ՍիվիլՆեթը հետևել է նիստին և ճեպազրույց ունեցել մարզպետ Արամ Խաչատրյանի հետ։

Նոր համայնքապետի երդման արողությանը համայնքապերան էին բերվել ոստկանության մի քանի ջոկատներ, որոնք վաղ առավոտվանից հսկում էին համայնքապետարանի շենքի դատարկ միջանցքները: Երդման նիստին համայնքի ավագանու 27 անդամներից ներկայացել էր 14-ը: Ապրելու երկիր խմբակցության 13 անդամները չէին եկել:

Ապրելու երկրի ներկայացուցիչ, պաշտոնանկ արված Արկադի Թամազյանի աշխատակազմը համայնքապետարանից հեռացրել էր իրենց աշխատասենյակների ցուցանակները: Դահլիճում հավաքվածները հիմնականում ՔՊ-ականներ և մարզպետարանի աշխատակիցներ էին:

Ավագանու նիստը ղեկավարում էր Ապրելու երկիր կուսակցության խմբակցությունը ամիսներ առաջ լքած Սիմոն Զախարովը: Նիստի օրակարգում դրված էր մեկ հարց՝ համայնքի ղեկավարի երդմնակալությունը:

Դավիթ Ղումաշյանը երդվեց ծառայել համայնքի բարգավաճմանը և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին խնդրեցինք պարզաբանել, թե արդյոք պատեհ է համարում դեկտեմբերի 5-ին համայնքապետարան ոստիկանական ուժեր բերելը, «ալավերդցիները դրա տեղիքը տվե՞լ էին»:

«Վստահ եմ՝ եթե այդ օրը ոստիկանությունը ներկա չլիներ, այստեղ լուրջ բախում էր տեղի ունենալու»,- ասաց նա: Մարզպետն ասաց, թե դեկտեմբերի 5-ին Ալավերդու համայնքապետարանի բակում հավաքված էր 300 քաղաքացի, որոնց «կեսը Նոյեմբերյանից, Երևանից ու Փարաքարից էր»:

Հարցին, թե այս տարվա հուլիսի 28-ին մարզպետի ստեղծած հանձնաժողովը Արկադի Թամազյանի գործունեության մեջ քրեորեն հետապնդելի որևէ փաստ հայտնաբերել է և արդյոք իր ստեղծած հանձնաժողովի նյութերով քրեական որևէ գործ է հարուցվել է Արկադի Թամազյանի դեմ, մարզպետն ասաց, որ Հակակոռուպցիոն կոմիտեն քննում է համայնքի նախկին ղեկավարի գործունեության իր ուսումնասիրությունները:

«Այստեղ ես ինձ թույլ չեմ տա իրավական գնահատականներ տալ պարոն Թամազյանի գործունեությանը, ես ունեմ իմ համոզմունքը, բայց չեմ ուզում բարձրաձայնել։ Ունեմ այն համոզմունքը, որ շատ մոտ ապագայում․․․ դուք էլ կհամոզվեք»,- ասաց Արամ Խաչատրյանը:

Տե՛ս նաև՝ ՔՊ-ն փորձում է շանտաժներով Ալավերդու կառավարումը խլել, սա՞ է Փաշինյանի ժողովրդավարությունը․ Արկադի Թամազյան

2022-ի սեպտեմբերի 25-ին Ալավերդիում անցկացված ընտրություններին ավագանու հավասար՝ 13-ական մանդատ էին ստացել Քաղաքացիական պայմանագիրը և Ապրելու երկիրը՝ չհաղթահարելով 50 տոկոսի շեմը: Ապրելու երկիրը կոալիցիա էր կազմել ընդամենը մեկ մանդատ ստացած Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿ) հետ, և ավագանին քաղաքապետ էր ընտրել Ապրելու երկրի անդամ Արկադի Թամազյանին։ Մեկ տարի անց Քաղաքացիական պայմանագիրը ավագանու արտահերթ նիստով Արկադի Թամազյանին հեռացրեց քաղաքապետի պաշտոնից։

Լարիսա Փարեմուզյան, Ալավերդի

Մեկնաբանել