Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Ադրբեջանը պնդում է, թե երբևէ զինամթերք չի մատակարարել Ուկրաինային՝ հերքելով տարածված լուրը, թե հրետանային արկեր է պատրաստել Ուկրաինայի համար։ #CivilNetCheck-ի հետաքննությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը արտադրամաս է ստեղծել Ստամբուլում և Ուկրաինային զինամթերքի մատակարարումը իրականացնում է Թուրքիայից։
Օրեր առաջ տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանական ընկերությունը հրետանային արկեր է մատակարարում Ուկրաինային։ Դեկտեմբերի 4-ին ուկրաինացի ռազմական լրագրող Ռոման Բոչկալան հայտնել էր, որ «գործընկեր երկրներից մեկում» երեք հերթափոխով 122 մմ տրամաչափի արկեր են արտադրվում։ Նա գործարանից հրապարակել էր տեսանյութ և լուսանկարներ։
Հրապարակված արտադրամասի լուսանկարներից մեկում ուկրաինացի լրագրողի հետևում գտնվող սյուների վրա երևում են ադրբեջանական Palladium ընկերության ցուցանակները:

Շուտով Palladium ընկերությունը, որը գրանցված է և գտնվում է Բաքվում, հերքեց Ուկրաինային զինամթերքի մատակարարումը` պնդելով, թե երբեք Արբեջանում զինամթերքի արտադրությամբ չեն զբաղվել։ Հերքում տարածեց նաև Ադրբեջանի ԶԼՄ-ների զարգացման պետական գործակալությունը՝ նշելով, թե «լուսանկարն Ադրբեջանի հետ կապ չունի»։
#CivilNetCheck-ը պարզել է, որ ադրբեջանական ընկերությունը, չնայած հերքումներին, վերջին մեկ տարում տասնյակ հազարավոր հրետանային արկեր է մատակարարել Ուկրաինային:
Ադրբեջանական ընկերությունը Ուկրաինային արկեր մատակարարում է դեռ 2022-ի դեկտեմբերից
Ուսումնասիրելով Բոչկալայի ֆեյսբուքյան էջը՝ պարզ է դառնում, որ նա դեռ 2022-ի դեկտեմբերի 4-ին ակնարկել էր, որ իրենց հաջողվել է արտերկրում Ուկրաինայի համար հրետանային արկերի արտադրություն սկսել:
Երկու օր անց՝ 2022-ի դեկտեմբերի 6-ին, նրա հրապարակած լուսանկարներից մեկում երևում է 122 մմ և 152 մմ տրամաչափի արկերի փոքր խմբաքանակի փոխադրում (ենթադրաբար՝ փորձնական): Ընդ որում, արկղերի վրա երևում են ադրբեջանական Palladium ընկերության տարբերանշանները:
2023-ի օգոստոսին 15-ին Բոչկալայի գործընկեր Մաքս Գլուշակը նույնպես ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել զինամթերքի նոր խմբաքանակի հետ, որոնց վրա ևս կարելի է նկատել դրոշմված «Պալլադիումի» լոգոտիպը։

Ուկրաինական ընկերությունը միջնորդ է
Բոչկալան և Գլուշակը փոխկապակցված են ուկրաինական LAVR International ընկերության հետ, որը 2023-ի հոկտեմբերին հայտնել էր «արտադրական հզորություններն ընդլայնելու» և ամսական 30 000 արկ արտադրելու մասին։
Իրականում այս ընկերությունը ոչ թե արկերն արտադրում է, այլ ընդամենը միջնորդ է՝ դրանց Ուկրաինա փոխադրման համար։ Այս մասին փաստում է ընկերության պաշտոնական կայքում հրապարակված տեխնիկական փաստաթղթերից մեկը [արխ.], ըստ որի՝ 122 մմ և 152 մմ արկերի արտադրությամբ զբաղվում է Palladium ընկերությունը Թուրքիայի տարածքում։

Արտադրությունը կազմակերպված է Ստամբուլում
Պարզվում է՝ ադրբեջանական Palladium-ը Ուկրաինային փոխանցվող արկերի արտադրությունը 2022-ի տարեվերջից կազմակերպել է դուստր ընկերության միջոցով Ստամբուլում, չնայած դրանք արտադրվում են նաև Ադրբեջանում։
Մեզ հաջողվեց Linkedin-ում գտնել ընկերության սեփականատեր և տնօրեն SH F.-ին (Шамир Фархад Оглы), որը հաճախ է արտադրամասի և արտադրանքի լուսանկարներ հրապարակում: 2022-ի հոկտեմբերի սկզբին նա հայտնել էր, որ ընկերությունը հրետանային արկ է սկսել արտադրել, իսկ շաբաթներ անց հայտնել Թուրքիայում գործունեություն սկսելու մասին։

Լուսանկարներով հաջողվեց պարզել դուստր ընկերության անվանումը (Palladium Engineering and Manufacturing LLC) և տեղորոշել Ստամբուլում գտնվող արտադրամասի վայրը:

Տնօրենի անձնական էջում և դուստր ընկերության կայքէջում հրապարակված լուսանկարները փաստում են, որ հենց այստեղ է արվել ուկրաինացի լրագրողի հրապարակած լուսանկարը:

Ադրբեջանում արկեր ևս արտադրվում են
Ադրբեջանական արտադրության հրետային արկերը և ականները ներկայացվել են տարբեր ցուցահանդեսների՝ 2014-ին , 2016-ին, 2019-ին, 2022-ին։
2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար, գեներալ-գնդապետ Մադաթ Գուլիևը հայտնել էր, որ Ադրբեջանը արտադրում է 122 մմ հրետանային արկեր, ինչպես նաև տարբեր տրամաչափի ականներ:
Դեռ 2023-ի սեպտեմբերին ադրբեջանական մի շարք տելեգրամյան ալիքներ լուր էին հրապարակել, որ ադրբեջանական Palladium Group-ը երկրում սկսել է 122 մմ և 152 մմ արկների արտադրություն։
Տես՝ Ադրբեջանը Ուկրաինային զենք մատակարարո՞ւմ է. պնդումների հետքերով