Անի Գրիգորյան, #CivilNetCheck
«Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներն Ալավերդու արդեն նախկին համայնքապետ Արկադի Թամազյանին պաշտոնանկ անելուց հետո հայտարարություններ արեցին, թե պատճառը նրա անգործությունն էր, ավագանու անդամների շրջանում վստահության կորուստը և այլն։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում արված գրառման մեջ նշել էր, թե ամիսներ շարունակ «պարալիզացված լինելով համայնքապետարանի բնականոն աշխատանքը՝ ՔՊ խմբակցության անդամներին այլ բան չէր մնում, քան անվստահություն հայտնել «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ համայնքապետին»։
«Ի դեպ, համայնքապետի անգործության ու ցածր լեգիտիմության պատճառով փաստացի ամիսներ շարունակ տուժել են համայնքի բնակիչները, որոնց մեծ մասը իրենց դժգոհությունը տարբեր կերպ է արտահայտել»,- գրել էր նա։
ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշել էր, թե ավագանու անդամների շրջանում Թամազյանը կորցրել էր իր հանդեպ վստահությունը՝ ասելով, թե կառավարությունն ամեն կերպ աջակցել է Արկադի Թամազյանին, չի խոչընդոտել նրա աշխատանքը:
Ինչո՞ւ են այս պնդումները կեղծ
Ալավերդիում հաղթել էր ընդդիմությունը
2022-ի սեպտեմբերի 25-ի Ալավերդիում անցկացված ընտրություններին ավագանու հավասար՝ 13-ական մանդատ էին ստացել «Քաղաքացիական պայմանագիրը» և «Ապրելու երկիրը»՝ չհաղթահարելով 50 տոկոսի շեմը: «Ապրելու երկիրը» կոալիցիա էր կազմել ընդամենը մեկ մանդատ ստացած «Հայ ազգային կոնգրես» կուսակցության (ՀԱԿ) հետ, և 2022-ի հոկտեմբերի 12-ին նիստին «Ապրելու երկրի» ցուցակը գլխավորող Թամազյաին ընտրել էին համայնքապետ, ՔՊ-ն չէր ներկայացել նիստին։
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 68-րդ հոդվածի՝ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ ներկայացնելու նախաձեռնություն կարող է ցուցաբերվել համայնքի ղեկավարի լիազորություններն ստանձնելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո։ Թամազյանի դեպքում այս ժամկետը լրանում էր 2023-ի հոկտեմբերին:
Ովքե՞ր էին կաթվածահարել համայնքապետարանի աշխատանքը
Արկադի Թամազյանի համայնքապետ ընտրվելուց հետո մինչև նրան անվստահություն հայտնելու վերջին նիստը նշանակվել է Ալավերդու ավագանու հերթական և արտահերթ քսան նիստ։
Ուսումնասիրելով Ալավերդու ավագանու նիստերի արձանագրությունները՝ պարզ է դառնում, որ մինչև 2023-ի հուլիս ՔՊ խմբակցությունը մեծամասամբ մասնակցել է ավագանու նիստերին։ Իրավիճակը փոխվել է հուլիսից։
Հուլիսին «Ապրելու երկիր» խմբակցությունը լքել էր ընտրական ցուցակի երկրորդ համարը զբաղեցրած Սիմոն Զախարովը, որի քվեն էլ վճռական եղավ Թամազյաին անվստահություն հայտնելու հարցում։
Հուլիսի 10-ին և 20-ին նշանակված արտահերթ նիստերին ներկայացել էին ավագանու բոլոր անդամները, բացի՝ ՔՊ խմբակցությունից ու արդեն անկախ ավագանու անդամ Սիմոն Զախարովից։
Այս նիստերում ընդգրկված մի շարք որոշումներից մեկը վերաբերում էր անհատույց օգտագործման իրավունքով «Ապրելու» հիմնադրամի կողմից GAZ A65R33-60 մակնիշի վեց հատ տրանսպորտային միջոցներ ընդունելուն: Քվորում չլինելու հետևանքով նիստերը չէին կայացել։
ՔՊ խմբակցությունը վերջին ամիսներին մասնակցել է միայն հուլիսի 28-ի նիստին, որի ժամանակ էլ միաձայն ընդունվել էին համայնքին վերաբերող մի շարք որոշումներ, այդ թվում՝ վերոնշյալ վեց տրանսպորտային միջոցներն ընդունելն «Ապրելու» հիմնադրամի կողմից։
Թեև այդ նիստից հետո համայնքապետը հրավիրել էր ավագանու չորս նիստ, սակայն ՔՊ-ն այլևս չէր ներկայացել, և քվորում չլինելու հետևանքով դրանք չէին կայացել։
Այս շրջանում արդեն, քանի որ մոտենում էր քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին, ՔՊ-ի ներկայացուցիչները հայտնում էին, որ հնարավոր է քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեն։
Այպիսով, ամիսներ շարունակ հենց ՔՊ անդամներն էին «պարալիզացրել» համայնքապետարանի բնականոն աշխատանքը՝ չներկայանալով ավագանու նիստերին, ինչի հետևանքով էլ «տուժել են համայնքի բնակիչները»։
Ինչու էր «Ապրելու երկիրը» համայնքապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը վերջին օրերին տարբեր հարթակներից թմբկահարում է, թե Արկադի Թամազյանն վայելում էր ավագանու 27 անդմներից միայն չորսի վստահությունը՝ մեջբերելով հոկտեմբերին «Ապրելու երկրի» անդամների նախաձեռնած գործընթացը։
Այս հարցին #CivilNetCheck-ն արդեն անդրադարձել է։ Բանն այն է, որ ՏԻՄ օրենքի նույն 68-րդ հոդվածը սահմանում է, որ եթե ավագանին չի կարողանում անվստահություն հայտնել համայնքապետին, ապա այդ նույն՝ անվստահություն հայտնելու հարցն առնվազն մեկ տարի չի կարող նորից բերվել օրակարգ։
Հոկտեմբերին լրացել էր Թամազյանի պաշտոնավարման մեկ տարին, և «Ապրելու երկրի» ինը անդամները նախաձեռնել էին իրենց կուսակցին՝ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթաց։
Հոկտեմբերի 19-ի արտահերթ նիստում պետք է քննարկվեր այդ հարցը։ ՏԻՄ օրենքի համաձայն՝ համայնքի ղեկավարին անվստահություն կհայտնվեր, եթե քվեարկությանը մասնակցեր ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը՝ առնվազն 14 հոգի:
Նիստը, սակայն, տեղի չունեցավ, քանի որ չէին ներկայացել ՔՊ խմբակցության անդամները, ավագանու անկախ անդամ Սիմոն Զախարովը և «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Աբել Տիտանյանը, որը մասնակցում էր 25-օրյա հավաքի։
Ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Անահիտ Բադալյանը, որը գործընթացը նախաձեռնողներից էր, ՍիվիլՆեթի հետ զրույցում մանրամասնեց դրդապատճառները։ Բադալյանը նշեց, որ իրենք տեղեկություններ ունեին, որ ՔՊ-ն աշխատանքներ է տանում անվստահության գործընթաց սկսելու համար։ ՔՊ-ին արդեն հաջողվել էր իր կողմը գրավել «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Սիմոն Զախարովին (վերջինս դեկտեմբերի 5-ին մասնակցեց ՔՊ-ի նախաձեռնած նիստին և կողմ քվեարկեց Թամազյանին անվստահություն հայտնելուն)։
«Մենք զգացինք, որ իր հետևից ընկած էին […], մտածում էինք, որ պետք է անվստահություն հայտնեն իրենք, ասացինք՝ ավելի լավ է հաջորդ թեկնածուն մեզնից լինի, ընդամենը դա։ Ոչ թե իր աշխատանքներն էինք մենք նսեմացնում, այլ գիտեինք, որ իրենք (ՔՊ-ն – խմբ.) դա անելու են, ասում էինք՝ գոնե հաջորդ թեկնածուն մեր կուսակցությունից լինի»,- նշում է Անահիտ Բադալյանը։
Ավագանու անդամը կրկնեց, որ ոչ թե Թամազյանից են դժգոհ եղել, այլ նպատակ են ունեցել թույլ չտալ, որ ՔՊ-ն գործընթացը նախաձեռնի և իր թեկնածուին առաջ բերի, ինչպես եղավ դեկտեմբերի 5-ին։
«Ապրելու երկրի» ավագանու այլ անդամներ ևս դեկտեմբերի 5-ին չմասնակցեցին ՔՊ-ի նախաձեռնած նիստին և քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում ընդդեմ իրականացվող գործընթացի։
Բացի այդ, անգամ ավագանու ՔՊ խմբակցությունն էր հոկտեմբերին «Ապրելու երկրի» նախաձեռնած անվստահության գործընթացն անվանել կեղծ իմփիչմենթ՝ նշելով, որ դա արվում է, որպեսզի ՔՊ-ն հնարավորություն չունենան նույն նախաձեռնությամբ հանդես գալ։
Նրանք հանդես էին եկել հայտարարությամբ, որի մեջ նշված էր. ««Ապրելու երկիր խմբակցության ինը անդամ համայնքի ղեկավարին հեռացնելու ստորագրությամբ նիստ էր նախաձեռնել, և մենք գրավոր կերպով խնդրել ենք ներկայացնել անվստահություն հայտնելու հիմքերը՝ չբացառելով, որ համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու ավագանու վերոգրյալ ինը անդամի հիմնավորումների հետ կարող ենք համակարծիք լինել։ Հակառակ պարագայում մենք գործընթացը համարում ենք կեղծ իմփիչմենթ մեկ տարի ժամկետով ինքնաապահովագրման, անվստահության ինստիտուտի չարաշահման տապալման փորձ»։