«Հայաստանն ունի եվրոպական ձգտումներ»․ Միրզոյանի ելույթը Արևելյան գործընկերության հանդիպմանը

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 11-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության նախարարական հանդիպմանն իր ելությում նշել է, որ Հայաստանը ողջունում է Մոլդովայի և Ուկրաինայի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու և Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելու Եվրոպական հանձնաժողովի որոշումները։

«Այս որոշումը ողջունելի է ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև Հայաստանի ժողովրդի կողմից, որը նույնպես ունի եվրոպական ձգտումներ։ Մենք հանձնառու ենք ոչ միայն շարունակել այս ճանապարհը, այլև այնքան մոտենալ Եվրոպական միությանը, որքանով Եվրոպական միությունը դա հնարավոր կհամարի»,- նշել է նա։

Միրզոյանի խոսքով՝ Հայաստանը վճռական է շարունակելու ժողովրդավարացման գործընթացը։ Վճռականության վերջին դրսևորումը, ըստ ԱԳՆ ղեկավարի՝ Հայաստանում Հռոմի ստատուտի վավերացումն էր:

«Արևելյան գործընկերությունը նպաստել է իմ երկրում ժողովորադավարական անցման գործընթացին: Հայաստանը հստակ որոշում է կայացրել ընտրել ժողովրդավարացման և բարեփոխումների անշրջելի ուղին: Չնայած վերջին տարիներին մեր առջև ծառացած բոլոր մարտահրավերներին՝ ժողովրդավարացման գործընթացը և բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացումը Հայաստանում ոչ մի վայրկյան կանգ չի առել: Եվ Հայաստանը վճռական է շարունակելու այս ուղին Եվրոպական միության զգալի աջակցությամբ: Մեր վճռականության վերջին դրսևորումը Հայաստանում Հռոմի ստատուտի վավերացումն էր: Միանալով Արդարադատության միջազգային դատարանին՝ Հայաստանն իր ներդրումն է ունեցել միջազգային իրավակարգի ամրապնդմանը՝ միևնույն ժամանակ վերահաստատելով սեփական ազգային շահերից բխող որոշումներ կայացնելու ինքնիշխան իրավունքը»,- ասել է նա։

Արարատ Միրզոյանը նշում է, որ Հայաստանի կառավարությունն ունի տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն կառուցելու քաղաքական կամք՝ Գրանադայում ընդունված սկզբունքերի հիման վրա:

«Բազմաթիվ առիթներով մենք ցույց ենք տվել մեր պատրաստակամությունն ու վճռականությունը մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման միջոցով տևական խաղաղություն և կայունություն հաստատել տարածաշրջանում, որտեղ բոլոր երկրները կապրեն բաց սահմաններով և կապված կլինեն ակտիվ տնտեսական, քաղաքական ու մշակութային կապերով։ Մեր կառավարությունը վերջերս ներկայացրել է ապագայի մեր տեսլականը, որը կոչվում է «Խաղաղության խաչմերուկ»՝ որպես խաղաղության օրակարգի մաս: Այս ծրագրի հիմքում ընկած է տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացումը՝ ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի, մալուխների և էլեկտրական գծերի վերանորոգման, կառուցման և շահագործման միջոցով»,- ասել է նախարարը։

Մեկնաբանել