Հայաստանի քաղաքացիներ Հերմինե ու Արամ Քոչարյանները հայտնվել են Միացյալ Նահանգների առևտրի դեպարտամենտի պատժամիջոցների տակ։ Քոչարյանների հետ միաժամանակ պատժամիջոցներ են կիրառվել նաև նրանց պատկանող «Արմ-բեկար» ընկերության նկատմամբ։ ՍիվիլՆեթին հաջողվել է պարզել, որ Հերմինե ու Արամ Քոչարյանները քույր ու եղբայր են, նախկինում էլ աշխատել են կառավարությունում։ Նրանց ընկերությունը զբաղվել է մասնավոր ինքնաթիռների պահեստամասերի ներմուծմամբ ու վերարտահանմամբ Ռուսաստան։
Դեկտեմբերի 7-ին ԱՄՆ առևտրի դեպարտամենտը հրապաակեց մի նոր պատժամիջոցների ցուցակ։ Ներառված էին ֆիզիկական ու իրավաբանական անձանց տվյալներ ՀՀ-ից, Բելառուսից, Ղազախստանից, Չինաստանից, Կիպրոսից, Բելգիայից, Հոլանդիայից, Ռուսաստանից։ Առևտրի դեպարտամենտը հայտնել է՝ այս անձինք ու ընկերությունները պատժամիջոցների ներքո են հայտնվել, քանի որ կան հիմնավոր պատճառներ՝ ենթադրելու, որ նրանք ներգրաված են ԱՄՆ անվտանգությանը սպառնացող գործողություններում կամ ԱՄՆ արտաքին քաղաքականությանը հակասող գործողություններ են իրականացրել։ Պատժամիջոցները ենթադրում են սահմանափակումներ այդ ընկերությունների ու մարդկանց համար՝ ներառյալ փոխանցումների հետ կապված, արտահանման ու վերաարտահանման դեպքերում։
Դեկտեմբերի 7-ին հաստատված պատժամիջոցների նոր ցանկում է հայտնվել հայկական «Արմ-Բեկար» ընկերությունը։ Այն ստեղծվել է 2022-ին։ Ընկերությունը, ըստ Պետեկամուտների կոմիտեի, զբաղվում է ոչ մասնագիտացված մեծածախ առևտրով։ Այս տարի «Արմ-բեկարը» ներառվել էր Պետեկամուտների կոմիտեի կողմից բարձր ռիսկայնության հարկ վճարողների խմբում, որոնց մոտ տարվա ընթացքում ՊԵԿ-ը ստուգումներ պիտի իրականացներ։

«Արմ-բեկար»-ի միակ բաժնետերը Հերմինե Քոչարյանն է։ Համացանցում առկա տեղեկություններից երևում է, որ Քոչարյանը եղել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի աշխատանքի վարձատրության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ։ Սիվիլնեթի գրավոր հարցմանը պատասխանելով՝ կառավարությունից հայտնել են, որ հարցումը ստանալու օրվա դրությամբ վարչապետի աշխատակազմում այդ անուն, ազգանուն, հայրանունով անձ չի աշխատում։ Ի պատասխան Քոչարյանի՝ կառավարությունում նախկինում աշխատելու վերաբերյալ հարցին, վարչապետի աշխատակազմը մեջբերել է մի շարք օրենքներից դրույթներ, թե ինչու չի կարող այդ տեղեկատվությունը տրամադրել։ Սիվիլնեթին սակայն հաջողվեց պարզել, որ Հերմինե Քոչարյանը կառավարությունում է աշխատել մինչև 2019 թվականը։
Պատժամիջոցների ցանկում է ոչ միայն «Արմ-բեկար»-ը, այլ նաև Հերմինե Քոչարյանը՝ որպես ֆիզիկական անձ։
Պատժամիջոցների տակ է հայտնվել նաև նրա եղբայրը՝ Արամ Քոչարյանը։ Վերջինս 2005-2011 թվականներին աշխատել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում՝ որպես աշխատանքի վարձատրության բաժնի գլխավոր մասնագետ։ Արամ Քոչարյանը պետական որևէ պաշտոն չի զբաղեցնում արդեն ավելի քան 12 տարի։
Սիվիլնեթի հետ զրույցում Արամ Քոչարյանն ասաց՝ որևէ լուր չունի, թե ինչո՞ւ է իր ընտանիքին պատկանող ընկերությունը հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տակ։ «Ես ինքս բանկից եմ իմացել սանկցիաների մասին, ասել են՝ եկեք, ձեր Visa քարտերը փակեք»,- պատմեց Քոչարյանը։
Նա ասաց, որ «Արմ-բեկար»-ը զբաղվում էր ԱՄՆ-ից մասնավոր բիզնես ինքնաթիռների (private jet) պահեստամասերի ներմուծմամբ, արտահանմամբ ու վաճառքով։ Դրանք արտահանվել են Ռուսաստան։
«Այդ գործունեությունը անցած տարի է եղել։ Մենք մեր օրենսդրության համաձայն ենք գործել, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, անցած տարի մենք այս գործունեությունն իրականացրել ենք։ Այս տարի էկոնոմիկայի նախարարություն է պետք ներկայացնել թղթեր, ունենալ հատուկ թույլտվություն։ Մենք մաքսային ձևակերպումներն իրականացրել ենք, բոլոր փուլերը անցել ենք։ Եղել են ապրանքներ, ինքնաթիռի պահեստամասեր, որ կարող էին դիտվել երկակի նշանակության՝ և քաղաքացիական, և ռազմական, դիմել ենք փորձաքննության, ստացել ենք պատասխան, որ ռազմական նշանակության համար դա պիտանի չէ։ Փաստացի, մենք ՌԴ արտահանել ենք քաղաքացիական օդանավերի պահեստամասեր»,- ընկերության գործունեությունը ներկայացրեց Քոչարյանը։
Նրա խոսքով՝ միգուցե ամերիկացիները մտածել են, թե այդ պահեստամասերը հնարավոր էր վերափոխել ռազմականի։
Անդրադառնալով պատժամիջոցների հնարավոր ազդեցությանը՝ Արամ Քոչարյանն ասաց, որ իրեն պարզ չէ՝ ի՞նչ է լինելու իր բիզնեսի հետ, բայց ինքը երբեք ցանկություն չի ունեցել գնալ ԱՄՆ, կշարունակի աշխատել Հայաստանում՝ ՀՀ օրենքներով։ Նշում է՝ եթե խնդիրները խորանան, կփակի ընկերությունը, այլ գործով կզբաղվի։ Քոչարյանը չի բացառում, որ պատժամիջոցների համար կարող էր հիմք դառնալ փաստը, որ «Արմ-բեկար»-ը գործունեությունը սկսել է 2022-ից՝ ՌԴ-ի կողմից Ուկրաինա ներխուժումից և դրան հաջորդած պատժամիջոցային ալիքից հետո։
«Ես նույնիսկ չգիտեմ, թե այդ սանկցիան անձնապես իմ վրա ինչ հետևանք կարող է ունենալ, օրինակ չգիտեմ՝ սահմանափակո՞ւմ են իմ մուտքը դեպի ԱՄՆ, թե եթե մտնեմ, ձերբակալելու են։ Նաև չգիտեմ՝ իրենց արժույթի հետ կապված սահմանափակումներ լինելու են թե չէ»,- նշեց Քոչարյանը։
Մինչ այս պահը միակ գործողությունը, որ կիրառվել է նրա նկատմամբ, Visa հաշիվը փակելու պահանջն է եղել բանկի կողմից։
Ռուսաստանի ավիացիոն արդյունաբերության նկատմամբ լայնածավալ պատժամիջոցներ սահմանվեցին 2022-ից։ Արևմուտքն արգելել էր ՌԴ-ին մատակարարել ինքնաթիռի պահեստամասեր ու այլ սարքեր։ Արտերկրի լրատվամիջոցներում սակայն կան հրապարակումներ, որ Հայաստանն ու այլ երկրներ ևս նման պահեստամասերի վերաարտահանում են կազմակերպում դեպի ՌԴ։ Այս տարվա ամառվանից Հայաստանի կառավարությունը մի քանի որոշումներով խստացրեց արտահանումը դեպի ՌԴ՝ սերվերների, չիպերի ու պրոցեսորների մասով։ Ամռանը ՀՀ էր ժամանել նաև ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար Ջեյմս Օ’բրայենը։ Մինչ Արամ և Հերմինե Քոչարյանների և «Արմ-բեկար»-ի նկատմամբ կիրառված պատժամիջոցները, դրանց տակ էին հայտնվել նաև ՀՀ-ում գրանցված «Մեդիսար» և «Տակո» ընկերությունները։
Մկրտիչ Կարապետյան