Երևանի անձնագրայիններն արցախցիներին կսպասարկեն նաև շաբաթ օրերին

Երևանի անձնագրային ստորաբաժանումներն առաջիկա երկու շաբաթը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կսպասարկեն նաև շաբաթ օրերին, հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։

Գերատեսչությունից նշում են, որ չնայած արցախցիները Երևանի անձնագրային ծառայություններում տեղահանության առաջին իսկ օրվանից սպասարկվում են արտահերթ ռեժիմով՝ առանց էլեկտրոնային հերթագրման պահանջի, այնուամենայնիվ, կուտակումներ առաջանում են։

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձանց Հայաստանի Հանրապետությունում հաշվառելու և փաստաթղթավորման գործընթացը պատշաճ կազմակերպելու, եղած պահանջարկը սեղմ ժամկետներում սպասարկելու նպատակով ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Երևանի տարածքային անձնագրային ստորաբաժանումներում առաջիկա շաբաթ օրերը՝ 2023 թ. դեկտեմբերի 16-ը և 23-ը, սահմանվել են աշխատանքային՝ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն աշխատանքային ռեժիմով»,- ասված է հաղորդագրությունում։

***

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը տևեց մեկ օր և ավարտվեց սեպտեմբերի 20-ին հրադադարի մասին պայմանավորվածությամբ: Հաջորդ օրը Ադրբեջանի Եվլախ քաղաքում կայացավ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումը՝ «վերաինտեգրման հարցերը քննարկելու համար»։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։ Արցախի բնակչությունը ենթարկվեց բռնի տեղահանման, Արցախից Հայաստան տեղափոխվեց ավելի քան 100 հազար անձ:

Մեկնաբանել