Հայաստանը և Ադրբեջանը քննարկում են հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման գաղափարը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Կարծում ենք, որ զորքերի հետքաշումը իսկապես դրական ազդեցություն կունենա և կօգնի կանխել հնարավոր նոր էսկալացիան։ Այստեղ չեմ ասում, որ ունենք համաձայնություն։ Սա գաղափար է, որը քննարկվում է»,- ասել է Միրզոյանը։
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական փոխադարձ քայլերը դրական ազդեցություն են ունենալու երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման վրա։
«Հիմնական գործընթացը, այնուամենայնիվ, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն են։ Կարծում եմ, որ Ադրբեջանը պետք է վերադառնա բանակցությունների սեղան հանդիպումների ձևաչափով։ Առիթ ունեցել ենք ասելու, որ գործի մեծ մասն արված է, և հիմա մեզ պետք է հանդիպել և պայմանավորվածությունների գալ էական հարցերի շուրջ վերջնական ձևակերպումների շուրջ»,- նշել է Միրզոյանը։
Հայաստանի վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը դեկտեմբերի 7-ին համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որտեղ ասվում էր, որ Ադրբեջանը համաձայնել է ազատել 32 հայ զինծառայողների, իսկ Հայաստանը՝ ադրբեջանցի 2 զինծառայողի։